Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ պրոթեզավորումը մեր զինվորներն ունեցել են շարժունակության խնդիր, հիմա հաշմանդամության կարգը փոխվում է»․ նախարար

Հունիս 14,2023 21:00

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձավ Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների աշխատանքին ու պատերազմի մասնակիցներին տրամադրվող հաշմանդամության կարգերի փոփոխությանը։

Նարեկ Մկրտչյանն ասաց, որ բժիշկներից կազմված Բժշկասոցիալական փորձաքննության հատուկ հանձնաժողովները գնահատում են ոչ միայն անձի առողջական կարգավիճակը, այլ նաեւ ֆունկցիոնալությունը։ Եվ ըստ ֆունկցիոնալության գնահատական է տրվում։ «Թե ինչո՞ւ է փոփոխություն կատարվում հաշմանդամության կարգի մեջ, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ պատերազմի մասնակիցները, երբ ստացել են հաշմանդամության որոշակի խումբ, դա տեղի է ունեցել մինչեւ պրոթեզավորման գործընթացը։ Մինչեւ պրոթեզավորման գործընթացն անցնելը մեր զինվորներն ունեցել են շարժունակության խնդիր։ Հետեւաբար, այդ ժամանակահատվածում շատ հնարավոր է, որ ստացած լինեն առաջին խումբ։ Իսկ պրոթեզավորման փուլին հասնելու համար հաճախ մենք ունեցել ենք տղաներ, որոնք սպասել են մեկ տարի կամ ամիսներ»,- ասաց նա։

Հետեւաբար, ըստ նախարարի, պրոթեզավորումն ստանալուց հետո կրկին տեղի է ունենում վերափորձաքննություն, որի արդյունքում որոշում է կայացվում։ «Եթե, օրինակ, վերականգնվել է ֆունկցիան, ունի շարժունակություն, փոփոխություն է կատարվում նրա հաշմանդամության կարգում։ Մենք ունենք դեպք, երբ ամպուտացված ոտքով պատերազմի մասնակիցը մասնակցում է պարի խմբի։ Մենք ունեցել ենք դեպք, երբ երկու ոտքի ամպուտացիա է ունեցել, պրոթեզավորվել է արտերկրում, վերադարձել է Հայաստան, պարզվել է, որ արտերկրում տեղադրված պրոթեզները շատ ավելի անորակ են, քան Հայաստանում։ Կայացրել ենք կառավարության առանձին որոշում, եւ երկու նոր պրոթեզ ենք տրամադրել նրան»,- նշեց նախարարը։

Մկրտչյանը նաեւ տեղեկացրեց, որ բժշկասոցիալական փորձաքննության նոր համակարգ են ներդրել, երիտասարդ բժիշկներ են ներգրավում, որոնք աշխատելու են նոր չափորոշիչներով ու մոտեցմամբ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930