Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը մեր հրավերով Երասխում ներկա կգտնվեն ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները. Արարատ Միրզոյան

Հունիս 14,2023 20:45

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխաններն Ազգային ժողովի պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ

Հարց (Լիլիթ Մինասյան). Շնորհակալություն, հարցս ուղղում եմ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ «Ինչ վերաբերում է զանգեզուրյան միջանցքին, դա Հայաստանի հետ խնդիր չէ. Զանգեզուրի միջանցքը Իրանի հետ խնդիր է, այլ կերպ ասած, մեծամասամբ մուսուլմանական բնակչությամբ երկու երկրների միջև խնդիր։ Այն փաստը, որ Իրանն այդպիսի դիրքորոշում ունի, հուսահատեցնում է և՛ Ադրբեջանին և՛ մեզ: Իրականում սա պետք է վհատեցնի և նրանց: Ինչպես նաև հավաքագրումները միասնական մեկ վագոնից, ցավոք սրտի, շատ և շատ բարձր են։ Ես հույս ունեմ, որ մենք շուտով կհաղթահարենք այս խնդիրը։ Եթե նրանց մոտ լիներ դրական մոտեցում, այսօր Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը կինտեգրվեին իրար հետ ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային ճանապարհով, և հնարավոր է բացվեր նաև Պեկին-Լոնդոն գիծը»։ Սա մեջբերում էր Թուրքիայի նախագահի խոսքից Ադրբեջանից վերադարձի ճանապարհին։ Ես կցանկանայի Ձեր դիրքորոշումը լսել: Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը, որ Թուրքիայի նախագահը, Հայաստանի սուվերեն տարածքով անցնող ճանապարհին հերթական անգամ տալով միջանցքային տրամաբանություն, խնդիր է համարել Իրանի դիրքորոշումը, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության։

Պատասխան (Արարատ Միրզոյան). Բարև Ձեզ, շնորհակալ եմ հարցի համար: Ճիշտն ասած, չեմ մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը, հատկապես հատվածը, որ վերաբերում է երրորդ երկրներին և նրանց հնարավոր ինտեգրացիային կամ չինտեգրացիային, բայց քանի որ թեմային է առնչվում, ուղղակի խոսեմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին: Կարծում եմ՝ սա շատ լավ հնարավորություն է ևս մեկ անգամ վերահաստատելու, բարձրաձայնելու Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը: Հայաստանի Հանրապետությունը մեծապես շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ: Ակնհայտ է, որ այդ ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են, օրինակ՝ այն երկրների ինքնիշխանության ներքո պետք է գործեն, որոնց տարածքով անցնում են: Այդ ենթակառուցվածքները պետք է գտնվեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, այդ ենթակառուցվածքները պետք է բացվեն հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Պարբերաբար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, նաև վարչապետի մասնակցությամբ այս հարցերը քննարկվում են: Վերջին շրջանում գիտեք, որ ինտենսիվ են հանդիպումները նաև Ադրբեջանի ղեկավարի հետ: Եվ իմ մասնավոր տպավորությունը, գուցե սուբյեկտիվ տպավորությունն այն է, որ որոշակի առաջընթաց կա, հատկապես պարոն Գրիգորյանի վերջին հանդիպումների շրջանում, բայց վերջնական արդյունք դեռևս չունենք և առայժմ ցավոք սրտի չենք կարող հանրայնացնել դրանց բացակայության պատճառով, բայց, կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունը մեծապես շահագրգռված է այդ ենթակառուցվածքների վերագործարկմամբ, այդ թվում և՝ հենց Թուրքիայի նախագահի մեջբերած կոնտեքստում՝ Պեկին-Լոնդոն, կամ որևէ այլ լոգիստիկ անցումների մաս կազմելու համար:

Արձագանք (Լիլիթ Մինասյան). Շնորհակալություն, չունեմ արձագանք: Եթե ունեք ավելացնելու բան, խնդրեմ:

Պատասխան (Արարատ Միրզոյան). Մեկ միտք ուղղակի, մեկ նախադասություն. այն, ինչ ես նկարագրում եմ, ՀՀ կառավարությունը վաղուց արդեն հայտարարել է, մասնավորապես «հայկական խաչմերուկի» կոնցեպտի շրջանակներում: Այս միջազգային ենթակառուցվածքները միանշանակ և միանգամայն կարող են տեղավորվել հայկական խաչմերուկի մեր ծրագրի մեջ: Շնորհակալ եմ:

Հարց (Սերգեյ Բագրատյան). Շնորհակալություն, հարցս ուղղում եմ ԱԳ նախարարին: Պարո՛ն Միրզոյան, խաղաղության բանակցություններում մենք անընդհատ առաջընթացի մասին ենք խոսում, բայց, ցավոք սրտի, զուգահեռ տեղի են ունենում գործընթացներ, որ որևէ բացատրություն չունեն հասարակությունների համար, թե խաղաղության գնալիս, ինչու՞ պետք է Երասխում Ադրբեջանը կրակի հայկական դիրքերի ուղղությամբ: Սա ուղղակի չենք կարողանում բացատրել հասարակությանը, թե որտեղ է սխալը, և լսելով նաև արտգործնախարարության դատապարտող հայտարարությունը՝ կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է իր խոսքը ասի: Եվ կուզենայի հատուկ Դուք ընդգծեք այս փաստը, ինչպես պետք է մեկնաբանել երկու հասարակությունների և տարածաշրջանի բոլոր խաղացողների տեսանկյունից։

Պատասխան (Արարատ Միրզոյան). Պարո՛ն Բագրատյան, գաղտնիք չէ, որ բանակցություններին, ընդ որում՝ ոչ միայն խաղաղության պայմանագրի շուրջ, այլ բոլոր հնարավոր ուղղություններով ընթացող բանակցություններին զուգահեռ, Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել, խաթարել բանակցությունների ընթացքը և ի վերջո Հայաստանի Հանրապետությանը պարտադրել այն լուծումները, որն իր համար է ցանկալի և միգուցե միայն իր համար է ցանկալի, այլ ոչ թե լինի այնպիսի հանգուցալուծում, ինչպես ենթադրաբար պիտի լինի. կողմերը բանակցում են և գտնում են փոխադարձ երկուստեք ընդունելի լուծումներ: Սա առաջին դրսևորումը չի, վստահ եմ նաև՝ վերջին դրսևորումը չի: Այլ հարց է, որ այսպիսի վարքագծի նկատմամբ և՛ մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, և՛ նաև միջազգային հանրությունը պետք է շատ կտրուկ դիրքավորվի. կամ մենք բանակցում ենք բարի կամքով, ինչպես ընդունված է ասել, հանգելու, գտնելու փոխադարձ ընդունելի լուծումներ, կամ եթե ուժի գործադրմամբ է, ապա այսպիսի քաղաքականությունը մեզ համար առնվազն անընդունելի է: Հուսով ենք անընդունելի է նաև միջազգային հանրության համար:

Հիմա խոսքը կոնկրետ այս դեպքում և նախորդ դեպքերից շատերում, վերաբերում է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններին: Այդ սահմանները պետք է մնան անխախտելի, ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, և միջազգային հանրությունն էլ, իհարկե, պետք է դերակատարում ունենա այս գործընթացում:

Կոնկրետ Երասխի դեպքի պարագայում, իհարկե, մի նոր նրբերանգ էլ կա: Գիտեք, նախապես հայտարարվել էր, որ այնտեղ գործարան է կառուցվում մետալուրգիական, և նախնական գնահատականներով այս գործարանի գործունեությունն էականորեն նպաստելու է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը: Եվ ահա, ադրբեջանական կողմը նախ շինծու, կեղծ, անհիմն բնապահպանական մեղադրանքներով հանդես եկավ, մինչդեռ մենք բոլոր մեր միջազգային պարտավորությունները, այդ թվում նաև՝ բնապահպանական կոնտեքստում, կատարում ենք: Եվ դա փաստ է նաև այս գործարանի պարագայում, և սա ուղղակի մերկապարանոց հայտարարություն չէ, այլ ստուգված, վերստուգված է: Ադրբեջանը կեղծ բնապահպանական մեղադրանքներ ներկայացրեց, որից հետո հնչեց հայկական հերքումը, և կան վկայակոչած միջազգային կոնվենցիաները, դրանցով զբաղվող գրասենյակները, կառույցները, որտեղ կարող ենք նաև հետագա հավաստիացումներ ստանալ, կամ վիճարկել, կամ քննարկել հարցը: Եվ այս հայկական կողմի դիրքորոշման հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է պարզապես ուժի գործադրմամբ կրկին խափանել, ահա այս դեպքում, այս ծրագիրը: Սա, ըստ էության, ոչ միայն ոտնձգություն է Հայաստանի սահմանների նկատմամբ, ոչ միայն հրադադարի խախտում է, դրանք բոլորն են ապօրինի, այլ նաև զուտ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով, կեղծ հիմնավորում ներկայացնելով փորձ են խաթարել մի ծրագիր, որը կարող է նպաստել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը:

Արձագանք (Սերգեյ Բագրատյան). Շնորհակալություն, պարոն Միրզոյան, մանրակրկիտ ներկայացնելու համար։ Ուղղակի եռակողմ հանդիպումները և՛ Վաշինգտոնում, և՛ Բրյուսելում, և՛ Մոսկվայում բերել են այն համոզման, որ մենք այլևս չպետք է գնանք այսպիսի ճանապարհով, այսինքն՝ բռնության, ուժի կիրառման ճանապարհով։ Եթե դա հասկանալի էր 2020թ․ պատերազմից հետո, անհասկանալի է այլևս այսօր, երբ որ մենք ամեն օր հայտարարում ենք խաղաղության պայմանագրի դետալների մասին, համաձայնությունների, ճանապարհների ապաշրջափակման մասին: Եվ սրան զուգահեռ որևէ տնտեսական գործունեության նկատմամբ նման անհանդուրժողական վերաբերմունք, երբ որ կարող էր բանակցությունների սեղանին քննարկվել և հասկանալ, արդյո՞ք դա բնապահպանական խնդիր կարող է առաջացնել, թե՝ ոչ։ Այդ ճանապարհը ինչո՞ւ ընդունելի չի Ադրբեջանի իշխանությունների համար։ Շնորհակալություն։

Պատասխան (Արարատ Միրզոյան). Իրավացի եք, պարոն Բագրատյան: Թեև դա նաև միջազգային իրավունքն է ինքին պահանջում, բայց բազմիցս նաև Ադրբեջանի ղեկավարությունն այլ դերակատարների ներկայությամբ ստանձնել է հավելյալ պարտավորություն չդիմել ուժի կիրառմանը: Այդ մասին պայմանավորվածությունը նաև Հայաստանի վարչապետի հետ հերթական հանդիպման բանակցության արդյունքում է ձեռք բերվել, և այդ մասին հաղորդագրություն է տարածվել, որից հետո հերքում, կարծես թե, չի հնչել ադրբեջանական կողմից: Այո, այս գործելաոճը գոյություն ունի, կրկնում եմ, այդ գործելաոճն անընդունելի է: Պետք է անընդունելի լինի նաև միջազգային հանրության համար: Եվ այստեղ ուզում եմ հավելել, որ ուշագրավ է, որ այսօր այդ Ձեր նշած վայր` Երասխի այդ հատված, մեկնել է Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը, վաղը մեր հրավերով այնտեղ ներկա կգտնվեն նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: Հարցն անշուշտ կպահենք նրանց ուշադրության կենտրոնում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930