Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երեխաները շատ հնարամիտ են, տեխնիկական միջոցներ են կիրառում, 6 դեպքում քննություններից հեռացվել են»․ Ժաննա Անդրեասյան

Հունիս 14,2023 20:30

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ միասնական քննությունների ժամանակ կիրառվող կեղծիքների հարցին։ Ըստ նրա՝ 9-րդ դասարանն ավարտում են 35 հազար սովորողներ, միասնական քննություններ են հանձնում ավելի քան 13 հազար սովորողներ, ավարտական քննություններ հանձնողները շուրջ 21 հազար են կազմում։ Այսինքն՝ սա զանգվածային գործընթաց է, եւ վերահսկողության մասով կարող են լինել խնդիրներ։

«Այս պահին դեռեւս խոշոր միասնական քննություններն առջեւում են, միասնական քննությունները կավարտվեն հունիսի 27-ին։ Այս պահի դրությամբ ինձ հասանելի տեղեկատվությամբ՝ 6 դեպքում քննություն հանձնողները քննությունից հեռացվել են, նրանց մոտ հայտնաբերվել են տեխնիկական միջոցներ։ Եվ ունենք դիմորդներ՝ 8 հոգի, որոնք նախնական որոշակի փորձեր են արել՝ քննություն չհանձնելու, բժշկական տեղեկանք ներկայացնելու փորձեր են արել։ Սրանք բոլորը շատ մանրակրկիտ ստուգվում են։ Մեր երեխաները շատ հնարամիտ են, ես չեմ բացառում, որ տեխնիկական միջոցներից օգտվելու այնպիսի հնարավորություններ են գտնում, որ դեռ բացահայտելու եւ այդ ձեւերը հասկանալու կարիք կունենանք»,- ասաց Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ հավելյալ վերահսկողության կարիք կա։

Նախարարը նշեց, որ երբեմն այդ կեղծիքին ներգրավված են կրթական հաստատությունների աշխատակիցները, մասնավորապես, 9-րդ դասարանի ավարտական քննությունների դեպքում խոսքն ուսուցիչների մասին է։ «Մենք ուսուցիչների էթիկայի վարքականոն ենք սահմանել, որտեղ նման դեպքերով առաջիկայում նախատեսում ենք շատ լուրջ գործընթացներ իրականացնել, որպեսզի բացառենք պրոցեսը, երբ ուսուցիչը մասնակցում է կեղծիքին»,- նշեց նախարարը։

Անդրեասյանն անդրադարձավ նաեւ թեստերի փոփոխության մասին հարցին՝ նշելով, չափորոշիչների փոփոխությամբ ամբողջությամբ փոխում են քննությունների համակարգն ու բովանդակությունը։ «Հաջորդ տարի դա կփորձարկվի Տավուշի մարզում, այնուհետեւ կկարողանանք ամբողջ հանրապետությունում ունենալ նոր մոտեցում»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930