Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտադիր է, որ մենք իմանանք, թե այդ 10 մլրդ դրամը ՏՏ ո՞ր ընկերություններին է հատկացվել»․ Բաբկեն Թունյանը՝ ԲՏԱ նախարարին

Հունիս 14,2023 20:00

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հարց ուղղեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին այն մասին, որ նախորդ տարվա վերջին կառավարությունը մոտ 10 մլրդ դրամի աջակցություն տրամադրեց ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների՝ այն հիմնավորմամբ, որ այդ ընկերությունները, որոնք աշխատել են արտերկրյա գնորդների հետ, տուժել են դրամի արժեւորման հետեւանքով։  «Հետք» լրատվամիջոցը հարցում է ուղարկել ԲՏԱ նախարարություն՝ փորձելով իմանալ, թե ո՞ր ընկերություններ են աջակցություն ստացել եւ յուրաքանչյուրը որքան աջակցություն է ստացել։ «Եվ նախարարությունից պատասխան է ստացվել, որ այդ ինֆորմացիան՝ թե ցանկը, թե առանձին ընկերությունների ստացած աջակցությունն առեւտրային գաղտնիք է։ Եթե խոսքը վերաբերում է հանրային միջոցներին եւ այդ հանրային միջոցներից տրվում է աջակցություն, դա բյուջեի կատարողականի, գումարների ծախսման արդյունավետության հետ կապված միջոցառում է, ինչո՞ւ է դա համարվում առեւտրային գաղտնիք։ Եվ արդյոք ավելի ճիշտ չէր լինի՞ այդ ինֆորմացիան տրամադրել»,- ասաց Թունյանը։

Ռոբերտ Խաչատրյանն ի պատասխան ասաց, որ չունեն ընկերությունների համաձայնությունը՝ տվյալները բացահայտելու համար։ «Մեր մասնագիտական ստորաբաժանումների կողմից կարծիք էր տրվել, որ այդտեղ հնարավոր է պարունակվի առեւտրային գաղտնիք։ Բայց քննարկումների արդյունքում կարելի է փոխել եզրակացությունը, եթե հիմնավորվի, որ օրենսդրությամբ սահմանափակում չկա։ Մենք դեմ չենք այդ տվյալները տրամադրել, ուղղակի եթե ընկերությունների հետ պետք է համաձայնեցնել, դա կարող ենք տրամադրել համաձայնությունից հետո։ Ընկերությունների անունները միգուցե կարելի է տրամադրել, բայց գումարները՝ ոչ։ Մասնագիտական ուսումնասիրության կարիք կա՝ արդյոք դա օրենքի շրջանակներում կարելի է տրամադրել, թե՞ ոչ»,- հավելեց նախարարը։

Բաբկեն Թունյանն արձագանքեց․ «Եթե այդ ընկերություններն իրենք կառավարության համար որեւէ բան արած լինեին, այդ դեպքում գուցե իրենց պայմանների հետ կարելի կլիներ հաշվի նստել։ Բայց այս դեպքում պետական բյուջեի միջոցը գնում է որպես աջակցություն, ընդ որում, ոչ բոլորին, որոշ ընկերությունների։ Ու կարծում եմ՝ այս դեպքում ոչ թե ցանկալի է, այլ պարտադիր է, որ մենք իմանանք, այդ 10 մլրդ դրամը, ինչը քիչ գումար չէ, ո՞ր ընկերություններին է հատկացվել։ Սրանով մենք ավելորդ աղմուկ ենք ստեղծում, որովհետեւ այդ լրատվամիջոցը հիմա դատի է տվել ձեր նախարարությանը։ Այս հարցն ավելի ակտուալ է դարձել հատկապես այն նորությունից հետո, երբ նաեւ հանրային քննարկման է դրվել մի նախագիծ, որտեղ ՏՏ ոլորտի համար եկամտահարկը պետք է դառնա 5 տոկոս։ Եվ ստացվում է, որ մի խումբ ընկերությունների համար մենք՝ որպես կառավարություն կամ Ազգային ժողով, բոլոր արտոնությունները սահմանում ենք, բայց թափանցիկություն չենք ապահովում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930