Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակը ժյուրիի որոշմամբ շնորհվել է Հայաստանը ներկայացնող դաշնակահար Արինա Անտոնոսյանին։ Այդ մասին հայտարարվել է երեկ երեկոյան Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի փակման գալա համերգի ընթացքում։ Երկրորդ մրցանակի է արժանացել ճապոնացի դաշնակահար Յուտո Կիգուջին։ Երրորդ մրցանակը շնորհվել է Անդրեյ Կուրբետին (Հայաստան)։
Առաջին մրցանակակիրն արժանացել է դրամական պարգևի՝ 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով, վերջինս նաև հնարավորություն է ստանում համերգով հանդես գալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ 2024-2025 համերգաշրջանի ընթացքում։ Երկրորդ տեղը զբաղեցրած երաժիշտն արժանացել է 5 000 ԱՄՆ դոլարին և երրորդ մրցանակակիրը՝ 3 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով պարգևի։
Մրցույթի շրջանակներում շնորհվել են նաև հատուկ մրցանակներ՝ Յոհան Սեբաստիան Բախի «Պրելյուդ և ֆուգայի» լավագույն մեկնաբանության համար, Ֆրեդերիկ Շոպենի էտյուդի լավագույն մեկնաբանության համար, Արամ Խաչատրյանի Պոեմի լավագույն մեկնաբանության համար և այլն։ Շնորհվել է նաև «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակը, որին արժանացել է Լիդա Պատուրյանը, ով մեկ համերգ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ 2024-2025թթ. համերգաշրջանի ընթացքում։
Կարդացեք նաև
Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 4 մասնակիցները և ժյուրիի կողմից ընտրված ևս մեկ դաշնակահար հնարավորություն կստանան մասնակցելու 2024թ․ Դուբայում կայանալիք «Classic Piano» դաշնակահարների միջազգային մրցույթին, որը «14 ուղի դեպի Դուբայ» միջազգային մրցույթների եզրափակիչ մրցությունն է։
Մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունից հետո առաջին մրցանակակիր Արինա Անտոնոսյանը մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։
Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Արինա Անտոնոսյանը մրցանակաբաշխությունից հետո նշեց, որ ծով զգացմունքներ են իրեն պատել, ու չափազանց հուզված է։ Երիտասարդ դաշնակահարուհին ընդգծում է, որ տպավորված է այն ամենից, ինչ տեղի է ունեցել խաչատրյանական մրցույթի շրջանակներում, ինչ-որ չափով իր հոգու խորքում հույս էր փայփայում, որ կհաղթի մրցույթի ընթացքում և ուրախ է, որ արժանացավ այդ բարձր պատվին։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարի կայացել է դաշնամուրի մասնագիտական կարգում։ Այն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ