Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը բարձրացրեց ՀԷՑ-ի բաժանորդ դառնալու համար վճարի թանկացման հարցը։
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ եթե նորակառույց շենքը էլցանցի բաժանորդ է ուզում դառնալ, կառուցապատողը կամ բնակիչը մեկ բնակարանի համար 300 տոկոսով ավելի գումար պետք է վճարի։ Միանվագ վճարվող այս գումարը նախկինում 177 հազար դրամից դարձել է 700 հազար դրամ, ընդհուպ մինչեւ 1 մլն 200 հազար դրամ՝ ըստ հոսանքի հզորության»,- ասաց Մանավազյանը։
Պատգամավորը հարց ուղղեց կառավարության անդամներին՝ ինչո՞ւ է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեփական որոշմամբ գնում այս քայլին, ինչո՞ւ է բաժանորդ դառնալու վճարը միանգամից թանկացել 300 տոկոսով։ «Արդյոք այս ամենը չի՞ տանելու բնակարանների գների թանկացմանը»,- հարցրեց նա։
Կառավարության կողմից պատասխան չհնչեց։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ հարցը վերաբերում է ՏԿԿ նախարար Գնել Սանոսյանին, որը բացակայում էր նիստից։ Կառավարությունը հարցին գրավոր կպատասխանի։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ