Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել բանակցությունների ընթացքը եւ Հայաստանին պարտադրել լուծումներ»․ Արարատ Միրզոյան

Հունիս 14,2023 18:45

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն պատասխանեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ եթե կողմերը գնում են խաղաղության, հանրության մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը կրակի Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ։

«Գաղտնիք չէ, որ բոլոր հնարավոր ուղղություններով ընթացող բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել բանակցությունների ընթացքը, խաթարել բանակցությունների ընթացքը եւ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել այն լուծումները, որոնք իր համար են ցանկալի, այլ ոչ թե լինի այնպիսի հանգուցալուծում, ինչպես ենթադրաբար պետք է լինի՝ կողմերը բանակցում են եւ գտնում են փոխադարձ ընդունելի լուծումներ։ Սա առաջին դրսեւորումը չէ, վստահ եմ՝ նաեւ վերջին դրսեւորումը չէ։ Այլ հարց, որ եւ ՀՀ-ն, եւ միջազգային հանրությունը այսպիսի վարքագծի նկատմամբ պետք է շատ կտրուկ դիրքավորվեն։ Կամ մենք բանակցում ենք բարի կամքով, գտնելու փոխադարձ ընդունեի լուծումներ, կամ եթե ուժի գործադրմամբ է, ապա այսպիսի քաղաքականությունը մեզ համար առնվազն անընդունելի է։ Հուսով ենք նաեւ միջազգային հանրության համար է անընդունելի»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանն ասաց, որ այս դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններին։ Այդ սահմանները պետք է մնան անխախտելի, ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի։ Ըստ Միրզոյանի՝ միջազգային հանրությունը պետք է դերակատարություն ունենա այս հարցում։ «Կոնկրետ Երասխի դեպի պարագայում, մի նոր նրբերանգ էլ կա՝ նախապես հայտարարվել էր, որ այնտեղ մետալուրգիական գործարան է կառուցվում։ Եվ նախնական գնահատականով՝ այս գործարանը գործունեության ընթացքում էականորեն նպաստելու է ՀՀ տնտեսական զարգացմանը։ Եվ, ահա, ադրբեջանական կողմը նախ շինծու, կեղծ, անհիմն բնապահպանական մեղադրանքներով հանդես եկավ, մինչդեռ մենք բոլոր մեր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ նաեւ բնապահպանական կոնտեքստում ունեցած, կատարում ենք։ Եվ դա փաստ է նաեւ այս գործարանի պարագայում։ Ադրբեջանը կեղծ բնապահպանական մեղադրանքներ ներկայացրեց, որից հետո հնչեց հայկական հերքումը։ Եվ հայկական կողմի հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը պարզապես փորձում է ուժի գործադրմամբ կրկին խափանել այս դեպքում այս ծրագիրը։ Սա ոչ թե ոտնձգություն է Հայաստանի սահմանների նկատմամբ, ոչ միայն հրադադարի խախտում է, այլ կեղծ հիմնավորում տակը դնելով՝ ուզում են խաթարել մի ծրագիր, որը կարող է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը»,- հավելեց Միրզոյանը։

ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ այսօր Երասխ է մեկնել Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը։ «Վաղը մեր հրավերով այնտեղ ներկա կգտնվեն նաեւ ՀՀ-ում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Հարցը կպահենք նրանց  ուշադրության կենտրոնում»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930