Երևանի քաղաքացիները հայտնում են իրենց վրդովմունքը քաղաքում ծառահատումների և նոր տնկված սակուրա տեսակի ծառերի վերաբերյալ։
Երևանի բնակիչ Տաթևիկ Մանուչարյանն այն քաղաքացիներից է, որն իր դժգոհությունն է հայտնում քաղաքի կենտրոնում սակուրաներ տնկելու առնչությամբ։ «Քաղաքում օդ չկա շնչելու: Ամառվա շոգին էլ դիմանալ չի լինում: Երևանին մեծ քանակությամբ թթվածին գեներացնող՝ նոր, մեծ, սաղարթախիտ ծառեր են պետք՝ ոչ թե դեկոր: Պետք է քաղաքի թունավոր օդի աղտոտվածությունը նվազեցնելու գործով զբաղվել՝ քաղաքը «գեղեցկացնելու» փոխարեն: Եվ մի բան էլ՝ հայկականը սիրող ու գնահատող Թամանյանը հաստատ վարդագույն Երևան ասելով՝ ճապոնական սակուրաներով պատված Երևան նկատի չուներ»։
Արման Շիրվանյանն էլ հակառակ կարծիքն է ասում. «Սակուրան գեղեցիկ ծառ է։ Կարծում եմ, որ կարելի էր ոչ միայն կենտրոնում, այլև քաղաքի այլ հատվածներում էլ տնկել»։
2019 թվականին Երևանի քաղաքապետարանի կատարած ուսումնասիրության համաձայն՝ քաղաքի կանաչ ծածկը, ներառյալ ծառերը և այլ բուսածածկույթը, գնահատվել է մոտ 7,5%։ Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ քաղաքն ունի մոտ 200,000 ծառ, և այդ ծառերի ամենաբարձր խտությունը գտնվում է քաղաքի կենտրոնական թաղամասերում:
Կարդացեք նաև
Սակայն Երևանի ողջ տարածքում ծառերի պակասը հանգեցնում է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացման։ Երևանը օդի աղտոտվածության մակարդակով վերջին տարիներին դարձել է առաջինը՝ առաջ անցնելով Ալավերդի քաղաքից։
Սակուրաների տնկումը քաղաքի կենտրոնում քաղաքը գեղեցիկ դարձնելու նպատակից բացի, պետք է նաև հետապնդի Երևանին թթվածնով ապահովելու խնդիրը։ Միջին հաշվով, հասուն սակուրա ծառը կարող է տարեկան արտադրել 6000-ից 9000 խորանարդ ֆուտ թթվածին: Սա կախված է տարբեր գործոններից, ներառյալ ծառի տարիքը և չափը, ինչպես նաև շրջակա միջավայրի պայմանները, ինչպիսիք են արևի լույսը, ջուրը և օդի որակը:
Վերջին շրջանում Զեյթուն փողոցում հատվեց երեք տասնյակից ավելի թեղի։ Բոլոր հատումների դեպքում քաղաքապետարանի աշխատակիցներն ասում են, որ կա մասնագիտական գնահատական, որ ծառերը ենթակա են հատման՝ ծերացել են, թթվածին չեն արտադրում, տհաճ բզեզներով են պատվում: Հարց է առաջանում, արդյոք սակուրաները կարո՞ղ են փոխարինել կտրված ծառերին և հարմարվել Երևանի կլիմային։
Սակուրաների ճակատագիրը Երևանում
Ինչպե՞ս կաճեն և կգործեն սակուրա տեսակի ծառերը Երևանում։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն ՀՈԱԿ» տնօրեն Արմեն Բեգոյանը մեր այս հարցին ի պատասխան ասաց. «Երևան քաղաքի բնակլիմայական պայմանները միանգամայն նպաստավոր են սակուրաների նորմալ աճման ու զարգացման համար»։
Ուսումնասիրելով սակուրա տեսակի ծառերի աճեցման պայմանները, պարզեցինք, որ այս ծառերը սիրում են արևի լույս։ Սակուրան ունի ճկուն հարմարվողություն և լիարժեք արևը, մասնակի ստվերը ծառի աճեցման համար մեծ նշանակություն ունեն։ Ծառերի հարմարվողականությունը դնելով մի կողմ՝ անհրաժեշտ է նշել, որ ճապոնական սակուրաները կազդնն Երևանի դիմագծի վրա։
Երևան քաղաքի բնակիչ Նոնա Մովսիսյանը մեկ այլ տարբերակ է առաջարկում. «Կարելի էր սակուրաների փոխարեն ծիրանենիներ տնկել, միաժամանակ մեր ունեցածը զբոսաշրջիկներին ցուցադրելու լավ առիթ կլիներ։ Սակուրայով ոչ մեկին չենք զարմացնի»։
Իսկ Արմենուհի Հակոբյանն էլ նշում է, որ դեմ չէ սակուրաներին, սակայն ասում է. «Հա, թող էլ տնկեն այդ սակուրաները, բայց ոչ այլ ծառերը կտրելու հաշվին»։
Աննա Պողոսյանը, որը եղել է Ճապոնիայում և տեսել այնտեղի սակուրաները, նշում է. «Միայն անկեղծ կասեմ, որ այո, գեղեցիկ են սակուրաները, բայց կարելի էր ուրիշ ծառեր տնկել՝ Երևանը չնմանեցնելով Ճապոնիային։ Մեր քաղաքի դիմագիծը պետք է ընդգծել, այլ ոչ թե նմանակել ուրիշին»։
Ի՞նչ հիմքերով են կտրվում Երևանի ծառերը։
Դեռ մարտ ամսի վերջից սկսվեցին ծառահատումները Երևանի կենտրոնում մասնավորապես՝ Կասկադի տարածքում և Սայաթ Նովա պողոտայում։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը պարզաբանում է, որ փոխարինման նպատակով են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարևանությամբ՝ Սայաթ-Նովա պողոտայի վրա գտնվող ծառերը հատում: Այս մասին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտնել էր դեռևս ապրիլի 12-ին: «Կենտրոն վարչական շրջանի Սայաթ-Նովա պողոտայում կենսունակության ավարտին մոտ և ամբողջովին դեֆորմացված թեղի մանրատերև ծառերը կփոխարինվեն գնդաձև Սոսիներով»,- նշված է ՀՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Երևանի բնակիչները շատ են բողոքներ հայտնել այս առնչությամբ։ Արմեն Միքայելյանը նշում է. «Կարող են նախքան այդ ծառերը կտրելը՝ հարցնել քաղաքացիների կարծիքը այդ հարցի վերաբերյալ։ Ի վերջո, սա նաև մեր քաղաքն է»։
Հին ծառերը կտրվում են, բայց ոչ ոք չգիտի կտրված ծառերի «ապագայի» մասին։ Ինչպե՞ս են օգտագործվում դրանք։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ասում է, որ կտրված փայտանյութը հենց այնպես չի պահվում. «Հատված ծառերից գոյացած փայտանյութը կուտակվում է «ԿեՄՊ» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային տնտեսության վարչության տարածքում, որտեղից, ըստ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմված ցուցակի, փայտանյութը տրամադրվում է անապահով ընտանիքներին, զինծառայողներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին և այլն»։
Անցում դեպի քաղաքի աղտոտված օդը
Երևանում օդի աղտոտվածությունը հասել է ահռելի չափաբաժնի. հիմնական պատճառներից մեկը շինհրապարակների ավելացումն է։ Երևանից հետո՝ Հայաստանի ամբողջ տարածքում փոշուց ամենաշատն աղտոտված են Վանաձոր, Ալավերդի և Գյումրի քաղաքները:
Նույնիսկ անզեն աչքով էլ տեսանելի է Երևանի գլխին ձևավորված փոշու ու կեղտի ամպը։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ամենօրյա ռեժիմով իրականացնում է օդի աղտոտվածության մոնիթորինգ՝ փոշու, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարագայում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից մեզ տեղեկացրին, որ Երևանի օդի աղտոտվածության խնդիրը նոր չէ, և այն հիմնականում պայմանավորված է վերջին տարիներին Երևանում իրականացվող համատարած շինարարությամբ, հանքարդյունաբերության ավելացմամբ, կանաչապատ տարածքների կրճատմամբ և աղբավայրերի բաց այրմամբ:
Երևանի բնակիչ Նանե Մարտիրոսյանը պատմում է, որ երբ փոքր էր՝ շատ էր սիրում հով եղանակին զբոսնել Երևանի կենտրոնում, բայց հիմա դա արդեն նրան այնքան էլ դուր չի գալիս. «Օդը այնքան ծանր և կեղտոտ է դարձել, որ ափսոսում ես տնից դուրս գալ և զբոսնել։ Զբոսնելիս մաքուր օդ շնչելն է կարևոր, սակայն հիմա դրան կարոտ ենք մնացել։ Իսկ ծառերն էլ քիչ են, որ շոգ եղանակին գոնե հով տեղ գտնես ու կանգնես»։
Վերջին տարիներին ավելացող բնակարանաշինության ծավալները անդրադառնում են օդի որակի վրա։ Ամռանը մայրաքաղաքում բառացիորեն շնչելու օդ չկա, շատերի մոտ սրվում է ալերգիան։ Պետությունը, ավելի կոնկրետ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ միշտ արվել, և արվելու են ծառատնկումներ և կանաչապատ տարածքների ավելացումներ։ Մեր ուղարկած հարցմանը քաղաքապետարանից պատասխանեցին, որ Երևան քաղաքում յուրաքանչյուր տարի, պայմանավորված իրենց կողմից իրականացվող գույքագրման արդյունքների և Երևանի քաղաքապետարանի հանձնարարված ծրագրերի, տնկվում են տարրեր քանակի ծառեր ու թփեր: Այս տարի գարնանը Երևան քաղաքում տնկվել են ավելի քան 4000 ծառեր ու թփեր, միայն տարվա վերջում պարզ կլինի հաջորդ տարի տնկվող ծառերի ու թփերի քանակը։
Համաձայն 2020 թվականի Օդի որակի համաշխարհային զեկույցի՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանն ունի օդի աղտոտվածության բարձր մակարդակ՝ 37,6 մկգ/մ³ մասնիկների տարեկան միջին (PM) 2,5 կոնցենտրացիայով։ Այս կոնցենտրացիան զգալիորեն գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած առավելագույն ազդեցության մակարդակը։ Երևանի քաղաքապետարանի կողմից ներդրվում է նոր համակարգ, որը կբացառի շինարարական աղբը չսահմանված վայրերում թափելու դեպքերը: Այս մասին մայիսի 8-ին նշվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում:
Օդի աղտոտման խնդիրը իրենով մեծ հարց է դարձել, որին գումարվեց նաև մայիսի 18-ին Նուբարաշենի աղբավայրի տարածքում բռնկված հրդեհը։
Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունները գերազանցել են թույլատրելի նորման: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը հրապարակել է 2022թ. մայիսի 18-19-ին մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը Երևան քաղաքում:
«Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 1.6 անգամ։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է ՍԹԿ-ն Նոր Նորքում՝ 1.2 անգամ: Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, սակայն նախորդ օրերի համեմատությամբ բոլոր դիտակայաններում դիտվել է կոնցենտրացիայի աճ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի հետևանքով մթնոլորտային օդ կարող են արտանետվել վնասակար այլ աղտոտիչ նյութեր ևս, ինչպես օրինակ դիօքսիններ, պոլիքլորացված բիֆենիլներ, պոլիարոմատիկ ածխաջրածիններ և այլ աղտոտիչներ:
Այլ երկրների ստացված փորձը օդի աղտոտվածությունը թեթևացնելու մեջ
Աշխարհում շատ երկրներ են բախվել օդի աղտոտվածության խնդրին, բայց ճիշտ ռազմավարության և քայլերի շնորհիվ կարողացել են կրճատել աղտոտվածության մակարդակը։
Մեխիկո Սիթի, Մեքսիկա. Մեխիկոյում օդի վատ որակի պատճառներն են եղել տրանսպորտային միջոցների, արդյունաբերության և անտառային հրդեհների պատճառով արտանետումները: Մեքսիկայի կառավարությունը կիրառեց կանոնակարգեր մեքենաների արտանետումների վերաբերյալ, ինչպիսիք են արտանետումների պարտադիր փորձարկումը և ավելի մաքուր վառելիքի օգտագործման պահանջները: Կառավարությունը ներդրումներ կատարեց նաև հասարակական տրանսպորտում և խթանեց հեծանիվների օգտագործումը։ Այս միջոցառումները հանգեցրին Մեխիկոյի օդի աղտոտվածության 75%-ով նվազմանը 1992-ից 2012 թվականներին:
Առանձին քաղաքներում ծառերի տոկոսային քանակը բարձրացնելու համար Ավստրալիան գործարկելու է ստորև նշված ծրագիրը.
Մելբուրն, Ավստրալիա. Մելբուրնն ունի «Քաղաքային անտառային ռազմավարություն», որի նպատակն է մեծացնել քաղաքում ծառերի ծածկույթը: Ռազմավարությունը ներառում է նոր ծառերի տնկում, եղածների պահպանում, կանաչ տանիքների ու պատերի խթանում։ Քաղաքը նպատակ է դրել մինչև 2040 թվականը հասնել ծառերի 40% ծածկույթի:
Շատ ծառերը մաքուր օդի գրավականն են. Ամփոփում
Ինչքան էլ շատ լինեն օդը աղտոտող հանգամանքները, միևնույն է պետք է լինեն հակազդող միջոցներ։ Դրանցից ամենակարևորը կանաչ տարածքներն են, որոնք ավելացվելու փոխարեն կրճատվում են։ Մասնագետների և բնապահպանների կարծիքով՝ անհրաժեշտ է ավելացնել կանաչապատ տարածքները։ Այլ երկրների փորձն էլ ցույց է տալիս, որ կանաչ տանիքներ ստեղծելը ևս կարևոր գործոն է։
Սակուրա տեսակի ծառերը դեռևս օդում թթվածնի մակարդակ չեն ապահովում փոքր լինելու պատճառով, իսկ ժամանակի ընթացքում պարզ կդառնա դրանց օգտավետության մակարդակը։
Օդի աղտոտվածությունը կրճատելու համար մեքենաների և շինարարական տարածքների արտանետումներն են պետք առաջին հերթին նվազեցնել։
Արուսյակ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ