Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-չինական դպրոցի մոդելով ծրագիր կարող է իրագործվել ռուսական կողմի հետ. ԿԳՄՍ նախարարություն

Հունիս 14,2023 17:13

ՌԴ Լուսավորության փոխնախարար Դենիս Գրիբովը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել էր, որ Ռուսաստանը նախատեսում է ռուսական չորս դպրոց բացել Հայաստանում եւ համաձայնագիր է կնքվել Ղրղըզստանում 9 եւ Հայաստանում 4 դպրոցի շինարարության վերաբերյալ;

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԿԳՄՍ նախարարությունից:

«Հիմք ընդունելով ՀՀ եւ ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 23-ի 21-րդ նիստի արձանագրության 11.2 կետի 5-րդ ենթակետը՝ ՀՀ-ում համատեղ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման հայեցակարգը քննարկելու և հայ-ռուսական համատեղ աշխատանքների կազմակերպման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հունվարի 17-ի 47-Ա/2 հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ և հաստատվել է վերջինիս կազմը: Աշխատանքային խմբի օրակարգում ընդգրկված են ՀՀ-ում համատեղ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման հայեցակարգի քննարկման հարցերը: Աշխատանքային խումբը տեսակապի միջոցով պարբերաբար աշխատանքային քննարկումներ է ունենում: Քննարկումներն ընթանում են հիմնականում 2 ուղղությամբ. առաջինը՝ ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն համատեղ հաստատության հիմնումն է Հայ-չինական դպրոցի օրինակով: Նույն մոդելով դպրոց հիմնելու ծրագիր կարող է իրագործվել նաև ռուսական կողմի հետ։ Երկրորդ ուղղությունը Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների կրթական իրավունքի ապահովումն է, և այս ուղղությամբ ևս քննարկումներ են ընթանում»,-փոխանցեցին ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից:

Նաեւ գերատեսչությունից հայտնեցին, որ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում Ռուսաստանի դաշնության քաղաքացիների, կրթությունը կազմակերպվում է ՀՀ օրենսդրության, այդ թվում ՀՀ լեզվի մասին օրենքի պահանջներին համապատասխան. «Մասնավորապես, սովորողի ընդգրկումը հանրակրթական ուսումնական հաստատություն իրականացվում է համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 24 նոյեմբերի 2010թ. N 1640-Ն հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգի»։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հունիսի 13-14-ը Երևանում անցկացվում է «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովը, որի օրակարգային հարցերում ընդգրկված է եղել նաև «Ռուսաստանի Դաշնության տարածքում հայոց լեզվի ուսումնասիրման եւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաց լեզվի ուսումնասիրման համար բարենպաստ պայմանների ստեղծում» թեմայի քննարկումը: Համաժողովը բաց է լուսաբանման համար»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930