Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր մեր դիվանագիտությունը ո՞րն է. ասում են՝ մենք կզիջենք, բայց չգիտենք, թե ինչքան կարող ենք զիջել». Արմեն Ռուստամյան

Հունիս 14,2023 16:46

«Մենք ունենք հարեւաններ, որոնք, բնականաբար, արդեն երկար տարիներ միայն ուժի եւ ուժի սպառնալիքի լեզվով են հարցերը լուծում։ Վերջին իրադարձություններն էլ երբ մենք նկատի ենք ունենում՝ 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանն ու Թուրքիան ակնհայտ տանում են այն գիծը, որ բոլոր կարգի հարցերում այլեւս աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունեցել մեր աչքի առաջ եւ կարելի է հարցերը լուծել պատերազմով, ուժի պարտադրանքով. սա ենք մենք նկատում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով Երասխի ուղղությամբ վերջին օրերին աճող լարվածությանը։

Հիշեցնենք, նախորդ երկու օրերին եւ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացում Երասխի ուղղությամբ: Ըստ ԱԳՆ-ի, թիրախավորվել էր այդ տարածքում կառուցվող գործարանը: Կրակոցների արդյունքում Հնդկաստանի երկու քաղաքացիներ վիրավորումներ են ստացել:

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, Ադրբեջանի վերջին գործողություններն ապացուցում են՝ եթե ուզում ես խաղաղություն, պետք է կարողանաս պաշտպանել այդ խաղաղությունը։

Նախկիններում, նրա բնութագրմամբ, Ադրբեջանը ռազմական լարվածության միշտ գնում էր՝ ցույց տալու համար, որ եթե մենք գնում ենք բանակցելու, ապա այդ բանակցությունները պետք է զուգորդվեին ուժի ցուցադրումով, հիմա այդ ուժը ցուցադրել են. «Մյուս կողմից էլ՝ տեսնելով, որ այդ ուժի դեմ ուղղակի անպաշտպան իրավիճակ է, դրանից ավելի է լկտիացել»:

Ըստ նրա, որքան էլ հայկական կողմը համառորեն փորձում է անտեսել, Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ միասին, իրենց ծրագրերն ունեն եւ համառորեն պնդում են՝ վերջնականապես Հայաստանից ստանալու այն ամենն, ինչն իրենց երազանքն է եղել. «Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք ցույց չենք տվել, որ կարող ենք մեզ պաշտպանել»։

ՀՀ գործող իշխանությունները, Արմեն Ռուստամյանի գնահատմամբ, անում են ամեն ինչ՝ մեզ թուլացնելու եւ բոլորի մոտ այն տպավորությունը ստեղծելու, որ մենք անզոր ենք, անճար ենք, պետք է գնանք ու ընդունենք բոլոր պահանջները, որ թշնամին մեր առջեւ դնում է. «Մեր մոտեցումը ճիշտ հակառակն է. մենք ասում ենք՝ հայ ժողովուրդն անզոր չէ, կա այլընտրանք, մենք կարող ենք ինքներս մեզ պաշտպանել, ինչպես դարեր շարունակ։ Մենք հո նո՞ր չհայտնվեցինք այս տարածաշրջանում, այս վիճակում։ Պարզապես պետք է երեք ուղղությամբ աշխատենք՝ վերականգնել եռամիասնությունը, որովհետեւ մեր հավաքական ուժն է, մեր ուժի աղբյուրը, որն այսօր ամբողջովին ջարդված վիճակում է։ Հայաստան-Արցախ-սփյուռք խզումների մեջ են, մեծագույն խզումներ են առաջացել: Այդ եռամիասնությունն այսօր քայքայվել է այս իշխանությունների օրոք։ Երկրորդը՝ պետք է մեծացվի մեր պաշտպանունակությունը, պետք է ոչ միայն բանակն ուժեղացնենք, այլեւ հասկանանք, որ եթե ինքներս մեզ չենք պաշտպանում՝ որպես ժողովուրդ, ապա այս ամենը կշարունակվի։ Նաեւ, պետք է ձևավորենք աշխարհազոր եւ բանակի հետ զուգահեռ՝ պաշտպանենք մեր սահմանները։ Երրորդը՝ պետք է փոխենք մեր դիվանագիտությունը: Այսօր մեր դիվանագիտությունը ո՞րն է. ասում են՝ մենք կզիջենք, բայց չգիտենք, թե ինչքան կարող ենք զիջել։ Հիմա բոլորի համար պարզ է, չէ՞, որ Ադրբեջանի ախորժակն անսահման է»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930