Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Խանդանյանն անհանգստացած է Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու հայտարարության առնչությամբ

Հունիս 14,2023 16:17

«Նման հայտարարությունները չեն նպաստում այդ գործընթացին, ուստի այդ հայտարարությունն անհանգստություն է առաջացնում: Պետք է հետեւենք, թե ինչպես կզարգանա ամեն ինչ։ Իրականում թուրք-ադրբեջանական հռետորաբանությունն ինչպես եղել է նախկինում, նույնությամբ շարունակվում է նաեւ հիմա. որեւէ փոփոխություն չի կրել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող ուժը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Հիշեցնենք, երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Բաքվում հայտարարել էր, որ հարկ եղած դեպքում, Թուրքիան պատրաստ է Շուշի քաղաքում հյուպատոսություն բացել: Լրագրողները հետաքրքրվել էին՝ այդ հայտարարությունն ի՞նչ ազդակ կարող է լինել ամբողջ աշխարհին, նաեւ Հայաստանին: Իշխող ուժը ներկայացնող պատգամավորն ասաց, որ գործնականում, եթե այդ հայտարարությանը հետեւեն գործողություններ, ապա արդյունավետ ու նպաստավոր չեն լինի տարածաշրջանում խաղաղության համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Սարգիս Խանդանյանն անդրադարձավ նաեւ «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ հայտարարելով, որ այդ մտացածին թեման ՀՀ–ի համար փակ է՝ հավելելով, որ այն ծավալով, որ ՀՀ վարչապետն է խոսել Հայաստանի տարածքային ամբողջականության փոխադարձաբար ճանաչման մասին, Ադրբեջանը չի խոսել. «Կա այդ ակնկալիքը հայկական կողմից, որ Ադրբեջանը եւս այդ արձանագրումը պետք է ավելի հստակ անի, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այնպես, ինչպես առաջարկում է ադրբեջանական կողմը` ունենալ սուվերեն միջանցք ՀՀ տարածքով, նման թեմա չկա ու չի կարող լինել. ՀՀ–ի համար դա չափազանց անընդունելի է: ՀՀ–ն երբեք չի բանակցի դրա շուրջ»:

Հիշեցնենք, երեկ Իլհամ Ալիեւն էր հայտարարել, որ «Զանգեզուրի միջանցք» անխուսափելիորեն լինելու է :

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե վերջերս Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, քանի որ հանդիպման մասին տեղեկատվությունը բավական սուղ էր:

«Բոլոր հարթակներում ՀՀ–ն ունի նույն դիրքորոշումը: Այստեղ կարեւոր է, որ հյուրընկալող կամ միջնորդ կողմը կարողանա ապահովել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։ Մեր պահանջներն են, որ ՌԴ միջնորդությամբ ստորագրված փաստաթղթերը, մասնավորապես 2020 թ. նոյեմբերի 9–ի եռակողմ փաստաթղթի պահանջները կատարվեն: Այս հարցերն են, ըստ էության, եղել բովանդակությունը»,- պատասխանեց իշխող ուժը ներկայացնող պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930