Ազգային ժողովի նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը դիմեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին․ «Ձեր ելույթում ընտրել էիք այն ցուցանիշները, որոնցով փորձելու էիք հիմնավորել եւ ամբողջությամբ ձեզ վերագրել բարձր տնտեսական աճը։ Եվ կարծում եմ՝ երեւի պատահական մի քանի ցուցանիշներ այդպես չհասցրեցիք ասել, դրա համար հարց տամ, ասեք։ Դուք միջին աշխատավարձի աճ-գնաճ հարաբերակցությունը բերեցիք, բայց մոռացաք ասել նվազագույն աշխատավարձի մասին, որովհետեւ աշխատող աղքատներն այդ տիրույթում են։ Իսկ նվազագույն աշխատավարձ ստացողները 100 հազարավոր աշխատողներ են։ Նվազագույն աշխատավարձ-գնաճ հարաբերակցության մասին ասեք, թոշակ-նպաստ ստացողների եկամուտների աճի ու գնաճ հարաբերակցության մասին ասեք։ Երկար խոսեցիք, բայց վերջը չասացիք, թե 12․6 տոկոս աճի վրա ձեր կառավարությունը, այդ թվում՝ դուք ի՞նչ ազդեցություն ունեք, ի՞նչ գնահատական կա, այսինքն՝ 12․6 տոկոսի կեսն էր ձերը, թե՞ 12 տոկոսն է ձերը, եւ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքը 0․6 տոկոսն էր»։
Պատգամավորը նշեց, որ նախարարը «մոռացավ» խոսել գյուղատնտեսության զրոյական աճի, արդյունաբերության ոլորտում զրոյին մոտեցող ցուցանիշների, տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի նվազման մասին։ «Դուք չասացիք, թե այդ 5 մլրդ դոլար դրամական փոխանցումները մեր երկիր աճի վրա ի՞նչ ազդեցություն ունեն»,- հարցրեց Թադեւոս Ավետիսյանը։
Վահե Հովհաննիսյանն ի պատասխան ասաց․ «Իմ խոսքի հիմնական նպատակն այն էր, որ պարզաբանեմ կառավարության գործողությունները շատ հաճախ ուղղակի ազդեցություն չունեն տնտեսական աճի վրա։ Ես փորձեցի ցույց տալ, որ կառավարության պատասխանատվությունն է նախ մատուցել ծառայություններ եւ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ, ովքեր զբաղվում են տնտեսական գործունեությամբ, իրենց համար լինի բարենպաստ միջավայր՝ աճելու եւ զարգանալու համար։ Իհարկե, արտաքին ազդեցություններ կան, բայց ես փորձեցի ցույց տալ, որ այդ արտաքին ազդեցություններն էլ կարող են մեզնից կախված լինել՝ շատ կամ քիչ։ Օրինակ՝ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից բարձրացրել ենք 75 հազար դրամ։ Եվ մեր թիրախն է 2026 թվականին հասցնել 85 հազար դրամի»։
Անդրադառնալով օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին հարցին՝ նախարարն ասաց․ «Մենք նշել ենք, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները երկուսից ավելի անգամ աճել են 2022 թվականին եւ կազմում են ՀՆԱ-ի 5․1 տոկոսը։ Նման բարձր ցուցանիշ վերջին տասնամյակում չի եղել»։
Կարդացեք նաև
Թադեւոս Ավետիսյանը արձանագրեց, որ ֆինանսների նախարարը «պարզ մանիպուլյացիա» է անում։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ