Լրահոս
Օրվա լրահոսը

Դարդեն եղբայրներից մինչեւ Պեդրու Կոշտա՝ Հայաստան կգան հոբելյանական «Ոսկե ծիրանին»

Հունիս 14,2023 16:01

Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ին։ Միջազգային կինոտոնը կրկին հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրի ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոներից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

«Ոսկե ծիրանն» այս տարի նշում է հիմնադրման 20-րդ հոբելյանը։ Բացի այդ, այս տարի նշվում է նաեւ Հայ կինոյի 100-ամյակը, եւ փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կունենա այդ երկու հոբելյաններին։

«Անցել է 20 տարի, եւ մենք ունենք հետաքրքիր կինո, շատ լավ կինո՝ երիտասարդների լուրջ մասնակցությամբ, ունենք լուրջ փառատոն եւ մշակույթ» ,- Երևանի քաղաքապետարանում «Ոսկե ծիրանի» մեկնարկին նվիրված ասուլիսում ասաց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, նախագահ Հարություն Խաչատրյանը:

Ի թիվս այլնի, նա անդրադարձավ Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությանը՝ փառատոնին. «Ձեր աջակցությունը փառատոնին իսկապես տալիս է վստահություն, որ շարունակենք ունենալ լուրջ միջազգային փառատոն: Հուսով ենք, որ կդիտեք լավագույն ֆիլմերը, որ ընտրվել են, կհանդիպեք լավագույն արվեստագետների հետ, որոնք ժամանելու են Հայաստան»:

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորեց բոլորին «Ոսկե ծիրանի» 20-ամյակի առիթով: «Ոսկե ծիրանի» հուլիսյան օրերը վստահաբար Երեւան քաղաքին ոսկեծիրանյան մթնոլորտ են հաղորդում: Ինձ համար մեծ պատիվ է արդեն 5-րդ տարին ինչ-որ ձեւով աջակցել փառատոնի կայացմանը: Եվ ես շատ ուրախ եմ, որ փառատոնը տարեցտարի իր մասշտաբով եւ որակով աճում է»,-ասաց նա:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը եւս ընդգծեց, որ տարին հոբելյանական է, քանի որ եւ «Ոսկե ծիրանի» 20-ամյակն է տոնվում, եւ Հայ կինոյի 100-ամյակը: «Ոսկե ծիրանը» հանգուցային միջոցառումներից է Հայ կինոյի 100-ամյակի շրջանակներում: Նրանք, ովքեր իրենց կյանքում գոնե մեկ անգամ փառատոն են կազմակերպել, փայլուն հասկանում են, թե ինչ ճիգ, ջանք, համբերություն եւ ներդրում է պահանջում փառատոնի կայացումը: Փառատոնն այնպիսի մշակութային ֆենոմեն է, որի արժեքը որոշվում է տարիքով, իր ձեւավորած ավանդույթներով, եւ այս առումով «Ոսկե ծիրանը» մեր մշակութային համայնապատկերում շատ թանկ փառատոն է»,-ասաց փոխնախարարը:

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը նշեց, որ փառատոնը սովորաբար կարգախոսներ չունի, բայց հոբելյանական տարում բացառություն են արել՝ «Հետ նայելով գալիքին».

«Մի փոքր աբստրակտ եւ բանաստեղծական կարգախոս է, բայց իմաստն այն է, որ հոբելյանների ժամանակ հետ հայացք են նետում ու ամփոփում են տարիների կատարածը: Բայց մենք ուզում ենք շեշտադրել գալիքը եւ համոզված ենք, որ ինչպես ցանկացած այլ ոլորտներում, այնպես էլ արվեստում եւ ընդհանրապես գոյաբանական իմաստով հետ նայելը պետք է մի մասը լինի դեպի ապագա հայացքի»:

Կարեն Ավետիսյանն ասաց, որ հոբելյանական տարում Հայաստան են ժամանելու հռչակավոր արվեստագետներ ամբողջ աշխարհից. «Ցանկացած փառատոնի համար բաղձալի հյուրեր են լինելու՝ Դարդեն եղբայրների գլխավորությամբ, որոնք Կաննի կինոփառատոնի բոլոր հնարավոր մրցանակների են արժանացել… Նրանք համարվում են եվրոպական կինոյի ամենակարեւոր դեմքերը»: Հիշեցնելով, որ անցած տարի Փարաջանովյան թալեր ստացած պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերն էր «Ոսկե ծիրանի» հյուրը, նա ասաց, որ այս տարի աստղ պրոդյուսերներից Երեւան կժամանի օսկարակիր Ջերեմի Թոմասը: Ընդգծեց, որ վերջինիս աջակցությամբ ստեղծված ֆիլմերը կինոյի,արվեստային աշխարհի մեծագույն գլուխգործոցներն են: Դրանց թվում են, օրինակ, Բերտոլուչիի ֆիլմերը:

Կարեն Ավետիսյանը հավելեց, որ ի թիվս այլոց Հայաստան կժամանի նաեւ պորտուգալացի հանրահայտ ռեժիսոր Պեդրու Կոշտան, որը Լոկառնոյի կինոփառատոնի ամենամեծ դափնեկիրն է, եւ որի հետահայաց ցուցադրություններն իրականացվում են Պոմպիդու կենտրոնում, նա նաեւ համարվում է հեղինակային կինոյի կարկառուն ներկայացուցիչներից մեկը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930