Լրահոս
Օրվա լրահոսը

«Անընդհատ թմբկահարվում է, որ կառավարության պարտքը հատել է 10 մլրդ դոլարի սահմանը․ սա հիանալի արդյունք է»․ ֆինանսների նախարար

Հունիս 14,2023 15:57

Ազգային ժողովի նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստանի պետական պարտքին։

«Անընդհատ թմբկահարվում է այն մասին, որ կառավարության պարտքը հատել է 10 մլրդ դոլարի սահմանը։ Իրոք, պարտքը դոլարով արտահայտված՝ ավելի է 10 մլրդ դոլարից։ Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ։ Օրինակ՝ Վրաստանի պարտքը կազմում է 23․5 մլրդ դոլար, Լիտվայինն էլ է նույնքան, իսկ Սինգապուրի պարտքը կազմում է 813 մլրդ դոլար։ Որեւէ խելամիտ մասնագետ պարտքի մասին դատողություն չի անում՝ ելնելով դրա բացարձակ ծավալից։ Ընդ որում, եթե նույնիսկ բացարձակ ծավալը դիտարկենք, Հայաստանի պարտքը դրամով արտահայտված նվազել է՝ 4 տրիլիոն 210 մլրդ-ից իջնելով 3 տրիլիոն 970 մլրդ դրամ։ Պարտքը գնահատվում է ՀՆԱ-ի հետ համեմատությամբ։ Մեր պարտքը 2021 թվականի դեկտեմբերին ՀՆԱ-ի նկատմամբ կազմում էր 60․2 տոկոս, իսկ 2022 թվականի դեկտեմբերին կազմել է 46․7 տոկոս։ Սա հիանալի արդյունք է։ Օրինակ՝ Չինաստանի պարտքը կազմում է 67 տոկոս, Վրաստանինը՝ 41, Գերմանիայինը՝ 66․3 տոկոս։ Աֆղանստանի պարտքը կազմում է 7․4 տոկոս, ինչո՞ւ, որովհետեւ աղքատ երկիր է՝ անկայուն քաղաքական համակարգով, եւ չունենալով ֆինանսական կայուն համակարգ՝ չի կարող երաշխավորել պարտքի վերադարձ։ Այսպիսի երկրներին օգնություն են տալիս, եւ ես ուրախ եմ հայտարարել, որ Հայաստանն օգնություն ստացող երկիր չէ, այլ մենք վերջերս դարձել ենք դոնոր համայնքի անդամ եւ մեր փոքրիկ ներդրումն ունենք աղքատ երկրներին աջակցելու կարեւոր գործում»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի հարաբերակցության նվազումը 13․5 տոկոսով պայմանավորված է երկու հիմնական գործոններով․ Հայաստանի տնտեսությունը կամ ՀՆԱ-ն աճել է շատ ավելի արագ, քան պարտքը, երկրորդ՝ դրամը արժեւորվել է։ Եթե նույնիսկ այս ազդեցությունը չեզոքացվեր, ըստ նախարարի, պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմեր 53 տոկոս։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930