Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակը պատրաստ է եւ պարտավոր է համարժեք արձագանքել յուրաքանչյուր այսպիսի քայլի». Արման Սարգսյանը՝ Երասխի ուղղությամբ կրակոցների մասին

Հունիս 14,2023 15:08

«30 րոպե առաջվա դրությամբ եւ այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է: Այս պահին որեւէ զինատեսակից կրակոցներ չկան», խորհրդարանում լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ պատասխանելով Երասխի ուղղությամբ Ադրբեջանի կողմից կրակոցների մասին հարցին:

«Որոշակի լարվածության միտում նկատվում էր, վերջին օրերին ադրբեջանական մամուլը եւ, առհասարակ, Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում եւ որպես կանոն, դրան հաջորդում են որոշակի քայլեր: Մենք հնարավորինս օպերատիվ տեղեկատվություն տրամադրում ենք եւ կշարունակենք տրամադրել»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ թիրախավորել են կոնկրետ այդ քաղաքացիներին, կամ գործարանը, կամ ինչ-որ տեխնիկա, եւ դրա արդյունքում վնասվել են այդ քաղաքացիները, կպարզվի հետագայում:

Անդրադառնալով Հնդկաստանի վիրավորված քաղաքացիների վիճակին էլ, Արման Սարգսյանն ասաց, որ նրանք գտնվում են քաղաքացիական բուժհաստատություններում:

Հարցին՝ Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի համար հո՞ղ է նախապատրաստում, փոխնախարարը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց որ սա չի նպաստում բանակցային գործընթացին եւ բացասական հետեւանքներ է առաջացնում, վնասում է այդ գործընթացին, դա ակներեւ է: Որպես կանոն՝ նմանատիպ դեպքերում, որոշակի էսկալացիայի համար հող նախապատրաստելուց հետո ձեռագիրը կարծես նույնն է, եւ նորից շարունակում են փոքր լոկալ խնդիրներ ստեղծել»:

Արդյոք Երասխում ադրբեջանցիներն առաջ գալու միտում ունեցե՞լ են՝ հարցին էլ , Արման Սարգսյանը պատասխանեց. «Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ դրանք հեռահար կրակոցներ են: Առաջխաղացման որեւէ քայլ տեղի չի ունեցել: Ամեն դեպքում, որեւէ խուճապի կարիք չկա, որովհետեւ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, մի երկրում, որն անընդհատ կարծես սովորել է այս լարված իրավիճակում ապրելուն: Պետք է լինենք զգոն: Ամեն դեպքում՝ վստահ, որ մեր զինված ուժերը եւ ուժային ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում համարժեք պատասխան տալիս են ու կտան: Ցանկալի չէ սրել եւ մենք հույս ունենք, որ այս ապակառուցողական մոտեցումը ադրբեջանական զինված ուժերի եւ այդ շրջանակների կողմից վերջ կունենա»:

Ըստ ՊՆ փոխնախարարի, Ադրբեջանի հիմնական նպատակը լարվածություն ստեղծելն է:

Բանակի՝ ադրբեջանական հնարավոր գործողություններին պատրաստ լինելու մասին հարցին էլ նա պատասխանեց. «Բանակն ունի իր առջեւ դրված խնդիրները, ըստ իրադրության, այդ խնդիրները փոխվում են: Ամեն դեպքում, բանակը պատրաստ է եւ պարտավոր է համարժեք արձագանքել յուրաքանչյուր այսպիսի քայլի»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930