Սոցցանցերում տեղեկություններ էին շրջանառվում, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի եւ Հայաստանի համալսարաններից ստեղծվել է Եվրասիական համալսարան, նաեւ նշվում էր, որ 2023թ աշնանը Հայաստանում, Ադրբեջանում և միջինասիական երկրներում պետք է կազմակերպվեն Լոմոնոսովի անունը կրող գիտական կոնֆերանսներ:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Երեւանի պետական համալսարանից:
«Եվրասիական համալսարանի կազմում ԵՊՀ-ն ներառված չէ։ Մամուլում տարածվող սխալ տեղեկատվությունը, հավանաբար, թյուրըմբռնման արդյունք է։ Մայիսի 24-25-ը Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում ԵՊՀ-ի, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի, Բելառուսի պետական, Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանների և Ղրղզստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է Եվրասիական ինտեգրման ոլորտում համատեղ գործունեության համաձայնագիր՝ ձևավորելու կոնսորցիում ու միավորելու ջանքերն ու ռեսուրսները բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման համար։
ԵՊՀ-ի համար բարձրագույն կրթության որակի ապահովման, գրավչության և մրցունակության համատեքստում առաջնահերթ ուղղություններից է իր գործընկերների հետ համագործակցության զարգացումը»,- Aravot.am-ին փոխանցեց* Մայր բուհի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։
Կարդացեք նաև
ԵՊՀ-ից նաեւ հետաքրքրվել էինք, արդյոք Մայր բուհը մասնակցելու է աշնանը Ադրբեջանում կայանալիք Լոմոնոսովի անունը կրող գիտական կոնֆերանսին, եթե այո, ապա ինչ կազմով:
«Ինչ վերաբերում է հարցին, թե ԵՊՀ-ից ովքեր են մասնակցելու այս տարվա աշնանը Ադրբեջանում կայանալիք լոմոնոսովյան կոնֆերանսին, ապա պիտի նշեմ, որ նման գիտաժողովի կազմակերպման ու անցկացման մասին ԵՊՀ-ին ոչինչ հայտնի չէ»,-ասաց մամուլի խոսնակը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ