Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի հարցով մոնիտորինգի համազեկուցողները, ավարտելով հնգօրյա այցն այդ երկիր (2023թ. հունիսի 3-7-ը), ի գիտություն են ընդունել իշխանությունների մի շարք քայլեր՝ իրենց պարտավորությունները և հանձնառությունները Եվրոպայի խորհրդի առջև կատարելու ուղղությամբ, բայց նաև հավելել են, որ «կան շատ լուրջ մտահոգություններ»:
Յան Լիդել-Գրեյնգերը (Միացյալ Թագավորություն) և Լիզ Քրիստոֆերսենը (Նորվեգիա) հայտարարության մեջ նշել են, որ իրենց այցի ընթացքում բարձրացրել են մի շարք մտահոգություններ՝ կապված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հետ, ինչպես որ մատնանշված է Վեհաժողովի՝ Ադրբեջանի մոնիտորինգի վերաբերյալ վերջին բանաձևում։
Նրանք հանդես են եկել մի շարք գնահատականներով և առաջարկություններով՝ խոսքի ազատության, ՀԿ-ների իրավիճակի, դատական համակարգի անկախության, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքական դրդապատճառներով կալանավորված բանտարկյալների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵՍՅԱՆԸ