Ազգային ժողովի նիստում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցրեց ընդդիմության թեկնածու Անահիտ Սարգսյանին․ «Ուզում եմ հասկանալ ձեր այստեղ գալու իմաստը։ Ակնհայտ է, որ դուք բացասական վերաբերմունք ունեք իշխող խմբակցության նկատմամբ, եւ դա չեք թաքցնում։ Ակնհայտ է, որ դուք վիրավորական արտահայտություններ եք արել Հայաստանի ժողովրդի մի մասի նկատմամբ։ Ձեզ ներկայացնող անձնավորությունն ասում է, որ իրեն մեկ է, թե ոնց կքվեարկեն։ Ձեր հարցի քննարկման ժամանակ ընդդիմությունը միայն վերջում է հայտնվում դահլիճում, եւ ակնհայտ է, որ իրենց մեկ է։ Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ եք եկել այստեղ, քաղաքական կարիերա՞ եք ուզում սկսել։ Ակնհայտ է, որ ոչ ես, ոչ մի գործընկերները ձեր ելույթից հետո ձեզ համար չենք քվեարկելու։ Եթեր գալու իմաստը ո՞րն էր»։
Անահիտ Սարգսյանն արձագանքեց․ «Ինձ համար այդքան էլ ակնհայտ չէ, որ ոչ մեկն ինձ չի ընտրելու ձեր կուսակցությունից։ Հնարավոր է՝ դուք չեք ընտրելու։ Ես կարծում եմ, որ այդ մարմնում աշխատելու իմ ֆունկցիան ես լավ կիրականացնեմ։ Եվ ես կարծում եմ, որ պետական գործիչը պետք է առաջնորդվի պետության շահերով։ Եթե ես չեմ ընտրվում հանձնաժողովի անդամ, ես չեմ կորցնում ոչինչ, ես փաստաբան եմ, ունեմ իմ աշխատանքը։ Բայց մեծամտություն թող չհնչի, կկորցնի պետությունը, որովհետեւ իմ նման մասնագետը չի աշխատի պետական համակարգում եւ պետությանն օգուտ չի տա»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ