Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դուք պնդո՞ւմ եք, որ մենք փուչ մարդիկ ենք, անհայրենիք, փչացած գենետիկ կոդով, անուղեղ ոչխար»․ Արփի Դավոյանը՝ ընդդիմության թեկնածուին

Հունիս 14,2023 12:46

Ազգային ժողովի նիստում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավորները ընդդիմադիր խմբակցությունների թեկնածու Անահիտ Սարգսյանին հիշեցնում են իր ֆեյսբուքյան գրառումները։

Վահագն Ալեքսանյան

Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ գրառումներից մեկում Անահիտ Սարգսյանը Հայաստանի ժողովրդին «ոչխար» էր անվանել։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն էլ մեկ այլ գրառում մեջբերեց․ «Դուք թիվ մեկ քաղաքական ամբիոնի առաջ եք կանգնած եւ նաեւ պետք է պատասխանեք քաղաքական հարցերի։ Եթե ընտրվեք, ձեզ պետք է կողմ քվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Սակայն դուք ձեր հրապարակային գրառումներից մեկում ձեր կարծիքն եք հայտնել Նիկոլին սատարողների մասին՝ «դուք փուչ մարդիկ եք, անհայրենիք, փչացած գենետիկ կոդով, անուղեղ ոչխար եք, որ չի հասկանում, որ իրեն տանում են սպանդանոց»։ Եվ մի տեղ էլ ասել եք՝ «2018-ին դուք հորթի հրճվանքով բառաչում էիք ձեր ընտրություններից»։ Հիմա դուք կանգնել եք այս ամբիոնում եւ պատասխանում եք «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների հարցերին։  Եթե դուք պնդում եք, որ որպես քաղաքացի՝ կարող եք ունենալ ձեր կարծիքը, խնդիր չկա։ Դուք որպես քաղաքացի՝ նաեւ կարծում եմ, այս ամբիոնից պիտի պնդեք ձեր կարծիքը, որով ձեր գրառումներում հանդես եք եկել եւ չգիտես ինչու՝ այդ գրառումները ջնջել եք։ Դուք պնդո՞ւմ եք, որ մենք փուչ մարդիկ ենք, անհայրենիք, փչացած գենետիկ կոդով, անուղեղ ոչխար, որ չեն հասկանում, որ իրենց տանում են սպանդանոց»։

Ի պատասխան՝ Անահիտ Սարգսյանն ասաց․ «Ես շատ զարմացած եմ, որովհետեւ կարծում եմ, որ պառլամենտական պետությունում Ազգային ժողովը թիվ մեկ ամբիոնն է, որտեղ պետք է քննարկվեն շատ լուրջ, պետության համար կարեւոր հարցեր եւ չքննարկվեն ֆիզիկական անձանց ֆեյսբուքյան գրառումներ։ Եթե իմ ֆեյսբուքյան գրառումը ես կատարել եմ, հետո ջնջել եմ, ես իմ գրառումները չեմ կատարում եւ ջնջում, ես կատարում եմ, եւ մնում են այդ գրառումները։ Շատ տարօրինակ է, թե ինչպես է այդ ջնջված գրառումը հայտնվել ձեզ մոտ։ Ես կրկին նշում եմ, որ իմ կյանքում ինձ համար ամենաթանկ բանը ոչ թե պաշտոնն է, ոչ թե պաշտոնի արդյունքում ստացած աշխատավարձն է, իմ համար ամենակարեւորը իմ պետությունն է եւ իմ ժողովուրդը, որը պետք է լավ ապրի այդ պետության մեջ։ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը ես համարել եմ իմ հայրենիքը։ Եվ նման պարագայում, երբ ես հասկանում եմ, որ մենք կարող ենք կորցնել մեր հայրենիքի մի կարեւորագույն հատված, ընդ որում, Արցախի կորուստը համարում եմ նաեւ Հայաստանի պետականության կորուստ, այդ դեպքում ես կարող եմ էմոցիոնալ բազմաթիվ արտահայտություններ անել, որոնք քաղաքական չեն, որոնք ընդամենը հայրենիքի հանդեպ սիրուց են մղված»։

Անահիտ Սարգսյանը հավելեց․ «Իմ համար ավելի ցավալի է ոչ թե այն, որ ընդդիմությունը ժողովրդին կարող է անվանել «ժեխ», իմ համար ցավալին այն է, որ կարող ենք կորցնել հայրենիք։ Իմ Եվ բոլորս, եթե հայ ենք, պետք է առաջնորդվենք այդ սկզբունքով։ Ես հիշում եմ, որ նախկինում՝ մինչեւ 2018 թվականը, կային ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում՝ ներկայիս վարչապետը, որը բազմաթիվ անվանարկումներ էր անում ժողովրդի մասին, բազմաթիվ վիճաբանություններ եմ հիշում։ Դա ընդդիմության ֆունկցիան է, ինքը պետք է քննադատի»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930