Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը շատ փոքր շուկա է, եւ եթե 10 խոշոր ընկերություն շաքարավազ ներկրի, ապրանքը չի վաճառվի»․ ՄՊՀ անդամի թեկնածու

Հունիս 14,2023 11:47

Ազգային ժողովի նիստում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հարցրեց ընդդիմադիր խմբակցությունների թեկնածու Անահիտ Սարգսյանին։ «2014 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Չեխիայում գործարարների հետ հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով այնտեղի հայ համայնքի գործարարներից մեկի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանում կան մենաշնորհներ, զայրանալով ասել է՝ բա ի՞նչ եք ուզում, մի փոքր երկրում 10 հոգի շաքար չեն ներկրելու։ Նույնը երեւի թե վերաբերել է մյուս նմանատիպ ապրանքներին։ Ի՞նչ եք կարծում՝ այդ պնդումը գիտականորեն, տնտեսագիտորեն ճի՞շտ է, Հայաստանի նման փոքր շուկա ունեցող երկրում քանի՞ հոգի պիտի ներկրեն շաքար կամ բենզին, կամ ձեթ»։

Անահիտ Սարգսյանն ի պատասխան ասաց, որ իրականում տնտեսագետների կարծիքով՝ գոյություն ունի մասշտաբի էֆեկտ։ «Այսինքն՝ երբ խոշոր ընկերությունը ներկրում է, իր ծախսերն ավելի քիչ են, եւ, բնականաբար, ապրանքի ինքնարժեքն ավելի ցածր է, ինքն ավելի ցածր գնով է ներկայացնում այդ ապրանքը։ Այո, ՀՀ-ն շատ փոքր է, եւ եթե ենթադրենք 10 խոշոր ընկերություն բերի այդքան մեծ ծավալներով, որպեսզի իր մոտ ինքնարժեքն էժան լինի եւ ապրանքը կարողանա էժան վաճառել, այդ ապրանքը չի վաճառվի։ Բնականաբար, պետք է բերեն մանր ընկերությունները, որոնց համար ինքնարժեքն արդեն բարձր կլինի, հետեւաբար, ապրանքի գինն ավելի բարձր կլինի։ Երբ մենք ԵԱՏՄ մտանք, բացվեց շուկան, սկսեցին շաքարավազ ներկրել Ռուսաստանից՝ ավելի էժան գներով։ Սկսեցին ներկրել փոքր ընկերությունները՝ փոքր խմբաքանակներով, բայց իմ աշխատելու տարիներին մենք մանրամասն ուսումնասիրում էինք այդ ոլորտը, այդ ընկերությունները չդիմացան մրցակցությանը»,- նշեց Անահիտ Սարգսյանը։

Ըստ նրա՝ մենաշնորհները վնաս են, եւ հնարավորինս պետք է քչանան նաեւ բնական մենաշնորհները։ Սակայն գերիշխող դիրք ունենալը վնաս չէ, եւ օրենքն էլ չի արգելում սուբյեկտին գերիշխող դիրք ունենալ։ Օրենքն արգելում է գերիշխող դիրքի չարաշահումները։ «Եվ հանձնաժողովի գործառույթը պետք է լինի այս վերահսկողությունը պահպանել ու թույլ չտալ, որպեսզի չարաշահումներ լինեն»

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930