Լրահոս
Օրվա լրահոսը

Դասալքության դեպքեր, իհարկե, եղել են, բայց հստակ թիվ հնչեցնել… մարդիկ, որոնք ինչ-որ թվեր են հնչեցնում, իրականությունից կտրված, դատարկաբանությամբ զբաղվող արարածներ են. Տիրան Խաչատրյան. «Հրապարակ»

Հունիս 14,2023 11:50

«Հայաքվե» շարժումը ստորագրահավաքի փաստաթղթերը պաշտոնապես հանձնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը դրանք պետք է ուսումնասիրի։ Համապատասխան ձեւաթուղթ տրամադրի, եւ շարժումը պետք է սկսի ստորագրություններ հավաքելու գործընթացը՝ 60 օրում 30 հազար ստորագրություն։ Նախաձեռնության անդամների հետ ԿԸՀ էր եկել նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։

– Շատերն ասում են, որ նույնիսկ այս փաստաթղթի ստորագրումը չի կանխի նոր պատերազմը, որը պիտի Սյունիքում լինի։ Համաձա՞յն եք այդ պնդման հետ, որ նոր պատերազմ լինելու է, եւ, ըստ Ձեզ, մեր բանակը պատրա՞ստ է նոր պատերազմի։

– Նախ՝ պատերազմն ավարտված էլ չէ։ Ճիշտ է՝ եղել է զինադադարի համապատասխան հայտարարություն, բայց դրանից հետո՝ անցած 3 տարիների ընթացքում չի եղել մի որեւէ ժամանակահատված, որ մենք իրական զինադադար կամ խաղաղություն ունենանք, որ մենք այդ վիճակը գնահատենք եւ հասկանանք։ Պատերազմ լինելու հետ կապված՝ չի բացառվում, որովհետեւ այն հայտարարությունները, որոնցով հանդես են գալիս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, եւ այն պահանջները, որոնք ունեն այսօր եւ հնչեցվում են, իհարկե, մտածել է տալիս, որ դրանք չհատարելու դեպքում որոշակի ճնշումներ կլինեն։ Թե ինչ մասշտաբի պատերազմ կլինի, որտեղ կսկսվի, ինչ շարունակություն կունենա, դա մի քիչ այլ խնդիր է։ Իսկ բանակի դիմակայելու հետ կապված, իհարկե, բանակը պատրաստ է դիմակայելու, ուղղակի պետք է դիմակայելը կազմակերպել, դիմակայելը պետք է ապահովել եւ պայմաններ ստեղծել։ Եթե դրանք չարվեն, ապա ինչ-որ բան անելու մասին խոսելն ավելորդ է, բայց եթե կազմակերպվի, ուրեմն հնարավորություն կա։

– Պետությունն ի վիճակի՞ է կազմակերպել դիմակայությունը։ Իշխանություններն ասում են, որ բոլորն իրենց խանգարում են դա անել․ Ռուսաստանը փողը վերցնում՝ զենքը չի տալիս, Իրանը չի թողնում, որ Հնդկաստանից գնված զենքերը գան․․․։

– Մեր պետությունը շատ բաներ կարող է անել։ Նախ սկսենք այնտեղից, որ մենք մեր ներքին հնարավորությունները, պոտենցիալն օգտագործենք, երկրորդը՝ արտաքին հարաբերությունների հետ կապված՝ չգիտեմ, թե ինչ են ասում՝ Իրանը չի թողնում, ինչպես է հակազդում եւ այլն, բայց ես երբեւէ չեմ տեսել Իրանի կողմից մոտեցում, որը հակառակ մտածմանն ինձ կբերեր կամ թույլ կտար ինչ-որ ձեւով կասկածամտություն ունենալ իրենց հետ կապված։ Ընդհակառակը՝ ամենակրիտիկական պահերին էլ Իրանի իշխանություններն աջակցել են, նույնիսկ այն դեպքում, երբ կարող էին արտաքին ուժերի, քաղաքական հարաբերությունների առումով հարվածի տակ լինել, իրենք պատրաստակամ են եղել եւ իրականում աջակցել են։

– Իսկ դասալիքնե՞րը։ Աննա Հակոբյանն ասաց, որ պատերազմի ժամանակ 11 հազար դասալիք ենք ունեցել։ Այս հայտարարությունը մեր բանակի մասի՞ն է։

– Դասալքության դեպքեր, իհարկե, եղել են, բայց հստակ թիվ հնչեցնել, ինչ-որ քանակ ասել․․․։ Դա նույնիսկ այն մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են, ես նկատի ունեմ իրավաբաններին, որոնք կոնկրետ գործերով հետաքննում կամ քննություններ են իրականացնում, չեն կարող թիվ հնչեցնել։ Այն մարդիկ, որոնք ինչ-որ թվեր են հնչեցնում, իրականությունից կտրված, զուտ դատարկաբանությամբ զբաղվող արարածներ են։ Ես այդքանը կարող եմ ասել։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930