Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք պատում, որն իրականում մեկն է

Հունիս 14,2023 10:00

Հայաստանի ներկայիս իշխանության կողմնակիցներն ասում են. «Որքա՜ն ճիշտ է վարվում Փաշինյանը՝ աստիճանաբար պակասեցնելով մեր երկրում Ռուսաստանի ազդեցությունը ու տանելով մեր երկիրը դեպի ինքնիշխանություն եւ ապագաղութացում»:

Հայաստանի իշխանության ընդդիմախոսներն ասում են. «Որքա՜ն սխալ է վարվում Փաշինյանը՝ Արեւմուտքի պահանջով խզելով մեր կապերը դարավոր դաշնակցի հետ ու անպաշտպան թողնելով մեր երկիրը»:

Ռուսաստանյան ծայրահեղ կայսրապաշտ կայքերն ու հեղինակները տրտնջում են. «Ինչո՞ւ է մեր ղեկավարությունն այդքան բարյացակամ նախկին խորհրդային երկրների, առաջին հերթին՝ Հայաստանի եւ Ղազախստանի հանդեպ: Մի՞թե չեն տեսնում, որ Փաշինյանը եւ Տոկաեւը կողմնորոշվել են դեպի Արեւմուտք, միայն վերցնում են մեզանից, ոչինչ չեն տալիս եւ դավաճանել են իրենց դարավոր դաշնակցին»:

Այսպիսով, այդ երեք խմբերը, էմոցիոնալ տարբեր մեկնաբանություններ տալով, ասում են, ըստ էության, ճիշտ նույն բաները: Դրանից կարելի է եզրակացնել, որ նրանք առնվազն համախոհներ են, եթե ոչ՝ նույն նպատակին ծառայող ու միայն արտաքինից հակադիր թվացող ուժեր:

Այդ բոլոր դատողությունների ելակետը, թե իբր Փաշինյանը «թեքվել է» կամ «պատրաստվում է թեքվել» դեպի Արեւմուտք, սխալ է: Խոսքը Հայաստանի վարչապետի մասին է, որը մասնակցել է մայիսի 9-ի շքերթին այն երկրի մայրաքաղաքում, որի օդուժն ու հրթիռները գրեթե ամեն օր հարվածում են Կիեւի եւ ուկրաինական այլ քաղաքների խաղաղ բնակչությանը:

Կամ վերցրեք այն տեքստը, որով վերջերս Փաշինյանը շնորհավորեց Պուտինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ. «Հայաստանի եւ Ռուսաստանի՝ ժամանակի փորձառությունն անցած եւ հարուստ պատմություն ունեցող դաշնակցային հարաբերությունները վերջին երեսուն տարիների ընթացքում հասել են որակական նոր մակարդակի»: Մի՞թե Հայաստանի նախկին նախագահներն ավելի ջերմ բառեր էին գրում:

«Արեւմտամետները», «ռուսամետները» եւ «կայսրապաշտները» շատ լավ գիտեն, որ Արեւմուտքը Հայաստանի եւ Արցախի հարցում խաղացող չէ: Ինձ համար դա ցավալի իրողություն է, բայց պետք չէ անտեսել փաստերը հանուն ցանկությունների, առավել եւս՝ հանուն քարոզչության: Կա Ռուսաստանը եւ կա Թուրքիան՝ առեւտուրը նրանց միջեւ է: Պատերազմում մեր պարտությունից հետո Թուրքիայի դիրքերը, բնականաբար, ուժեղացել են: Բայց Ռուսաստանը կշարունակի վերահսկել Հայաստանի տարածքի որոշակի մասը: Այդ մասը կարող է եւ «անկախ պետություն» կոչվել եւ ունենալ նոմինալ ղեկավար՝ թեկուզ նույն Փաշինյանը կամ նրա նման որեւէ մեկը, որին բավականություն է պատճառում «իշխելը»:
Խնդիրը Փաշինյանը կամ որեւէ մեկը չի: Խնդիրը քաղաքացիների մեծամասնությունն է, որին իրական ինքնիշխանությունը չի հուզում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Հիմա խուժան կռիվ է գնում, աշխարհը հերթական անգամ վերաբաժանվում է’ նոր վերսիայի աշխարհակարգ է ստեղծվում հնի հիման վրա, բայց հնի սխալների ուղղմամբ եւ նոր գաղափարների ներմուծմամբ: Այս վերաբաժանման ժամանակ հզոր պոտենցիալ ունեցող ուժերին իրար վրա քսի են տալիս, որ իրար հետ չմիավորվեն եւ լուրջ մրցակից չդառնան, հեռու չգանք, եթե ռուսներն ու ուկրաինացիները բելոռուսների, լեհերի, չեխերի հետ շուտվանից միավորվեին եւ միասնաբար մասնակցեին աշխարհի վերաձեւմանը, ապա աշխարհի վերաբաժանման համար կդառնային, ասենք, բրիտանական Թագի երկրների համար, լուրջ մրցակից եւ բրիտանական Թագը ստիպված պետք է կիսվեր սլավոնական Թագի հետ կամ նույն չինացիներին ու թայվանցիներին իրար վրա քսի տալով կանխվում է չինական Թագի հետ կիսվելու վտանգը: Մենք էլ ենք թագակիր ազգ եւ նմանապես վտանգ ենք ներկայացնում, դրա համար էլ բոլոր խուժան կռիվներում, երբ աշխարհի հերթական վերաբաժանումն է գնում, մեր վտանգն ամեն կերպ չեզոքացնում են: Հարց, մենք մեզ համարո՞ւմ ենք թագակիր ազգ, եթե այո, ուրեմն պետք է ազգովին մասնակցենք աշխարհի վերաբաժամնան կռվին, ինչպես մյուս թագակիր ազգերը, իսկ եթե համարում ենք ինքներս մեզ թագակիր ազգերի լակեյ’ թագակիրը’ լակե՞յ, անգլիացուն լակեյ կարե՞լի է պատկերացնել, իսկ հային կամ ռուսին ու չինացուն: Թող պետական պաշտոնյաները կառչեն հին օրենքներից, մեր քաջարի քաղաքական ֆիդայինները Թագերի կռվում թող հայ Թագի տարածքները ընդլայնեն Թագերի կռվում: Մենք հենց այսօր մեր Թագի ներսում պետք է ստեղծենք ամենամրցակցային, ամենաարդյունավետ գործող օրենքները, որոնք գործելու են մեր Թագի ապագա տարածքների ժողովուրդների համար նույնպես: Հայ քաղաքական ֆիդայիննե՛ր, մեր ապագայի հաղթողնե՛ր:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930