Լրահոս
Օրվա լրահոսը

Իշիասի և գոտկատեղի ցավի տարբերությունը․ նստանյարդի բորբոքման պատճառներն ու ախտանշանները

Հունիս 14,2023 09:30

Նստանյարդի բորբոքումը (իշիաս) ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բավականին տարածված հիվանդություն է, որն, օրինակ, ԱՄՆ-ում հանդիպում է բնակչության մոտ 10 տոկոսի մոտ։ Սովորաբար այս հիվանդությունը զարգանում է 30-50 տարեկան մարդկանց շրջանում, սակայն կարող է առաջանալ նաև ավելի երիտասարդ տարիքում՝ որևէ պատահարի պատճառով նյարդերի վնասման հետևանքով և տարեց մարդկանց շրջանում՝ պայմանավորված այնպիսի վիճակներով, ինչպիսին արթրիտն է։  

Ի՞նչ է նստանյարդի բորբոքումը

Նստանյարդը մարդու օրգանիզմի ամենախոշոր նյարդացողունն է, որը ձգվում է մեջքի ստորին հատվածից՝ հասնելով մինչև ոտնաթաթեր: Այն ապահովում է ոտքերի ու թաթերի զգայունակությունն ու կարգավորում ծնկների ու սրունքների ետնամասի մկանները։

Տեխնիկապես իշիասը ոչ այնքան կոնկրետ ախտորոշում է, որքան  ախտանիշ, որն առնչվում է նյարդարմատի ցավերին։ Իշիասը եզրույթ է, որը սովորաբար գործածվում է նկարագրելու համար այն ցավը, որն առաջանում է նյարդերի ճնշման պատճառով և ճառագայթվում է հետույքով ու ոտքի ետին շրջանով դեպի ներքև: 

Նստանյարդի բորբոքում ունեցող մարդիկ հաճախ են ցավ զգում մի ոտքի շրջանում, սակայն ցավը կարող է դրսևորվել երկու ոտքերում էլ։ Դա բավականին կրկնվող երևույթ է և ամեն օր կարող է մարդուն անհանգստացնել յուրովի։ 

Իշիաս և գոտկատեղի ցավ․ առանցքային տարբերությունները

Իշիասի դեպքում ցավն ու անհարմարությունը, որպես կանոն, սկսվում են մեջքի ստորին հատվածում, սակայն ի տարբերություն գոտկատեղի ընդհանուր ցավի, որն ավելի զգալի է մեջքի մեջտեղի հատվածում, այդ դեպքում ցավը ճառագայթում է դեպի ոտքը՝ նստանյարդի ուղղությամբ։ 

Նստանյարդի բորբոքման ախտանշանները

Իշիասի դեպքում ցավը կարող է սկսվել սուր և հանկարծակի կերպով, սակայն կարող է և զգացվել որպես մշտական, ճնշող ցավ, որը, սկսվելով մեջքից, տարածվում է դեպի ոտքերի ետևի հատվածը։ Ցավն ավելի հաճախ սկսվում է գիշերը, և կախված դրա առաջացման հիմնական պատճառներից՝ կարող է նվազել կամ ուժեղանալ մարմնի դիրքի փոփոխությունների ժամանակ։ 

Իշիասը կարող է առաջացնել թմրածություն, ծակծկոց, այրոց, մկանային թուլություն, եթե մկանների որոշակի խումբ դադարում է արձագանքել նստանյարդի ազդակներին։ 

Հիշյալ ախտանշանները պացիենտները երբեմն պատկերավոր կերպով այսպես են նկարագրում՝ «կարծես թե մատներդ մտցնում ես էլեկտրական վարդակի մեջ»։ 

Նստանյարդի բորբոքման պատճառները

Նստանյարդի բորբոքումն առավել հաճախ առաջանում է, երբ ողնաշարի սկավառակը սեղմում կամ գրգռում է նյարդը: 

Արթրիտներն ու ոսկրային շպորները նույնպես կարող են բորբոքում առաջացնել, որը լցնում է նյարդի շրջակա հատվածը։ Ճնշումն առաջացնում է նյարդի սեղմում, որն էլ իշիալգիկ ցավ է առաջացնում։ 

Ամեն անգամ, երբ նյարդը բորբոքվում է, դրսևորվում են ախտանշանները։ 

Իշիասի ռիսկի գործոնները

Իշիասը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն տարեց մարդիկ ավելի մեծ ռիսկի են ենթարկվում։ Տարիքից բացի կան ռիսկի այլ գործոններ՝ 

  • ողնաշարի ճողվածք,
  • ողնաշարի ստենոզ,
  • ճարպակալում,
  • նստակյաց կյանք,
  • սխալ կեցվածք,
  • դիաբետ,
  • ֆիզիկական ծանր աշխատանք,
  • պատահարներ։

Իշիասի ախտորոշումը

Իշիասի ախտորոշումը սկսվում է բժշկին ախտանշանների մանրամասն նկարագրությունից, այնուհետև կարող է առաջանալ պատկերային  հետազոտությունների անհրաժեշտություն՝ ռենտգեն, որը թույլ է տալիս բացահայտել կառուցվածքային փոփոխությունները և ՄՌՏ, որն ավելի ինֆորմատիվ է։ 

Իշիասի բուժումը

Կան բուժման տարբեր մեթոդներ, որոնք կարող են թեթևացնել հիվանդության պատճառով առաջացած ցավն ու անհարմարությունները։ 

Իշիասի բուժումը սովորաբար աստիճանական է․ սկզբում նշանակվում են հակաբորբոքային դեղամիջոցներ, ֆիզիոթերապիա, բուժական մարմնամարզություն։ Եթե կա ավելորդ քաշի խնդիր, մշակվում է քաշի նվազեցման պլանը։

Եթե առաջնային բուժումն անարդյունավետ է լինում, կարող են նշանակվել դեղամիջոցներ նյարդերի համար, որոնք կայունացնում են ցավազրկող ազդակները։ 

Հնարավոր է նաև վիրահատական միջամտություն, եթե ոչ վիրահատական բուժումը չի օգնում։ 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930