Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավախախտի մասնակցությունը վարչական վարույթին պարտադիր է, չներկայանալու դեպքում՝ գործի վարույթն առնվազն մեկ տարի հետո ենթակա է կարճման

Հունիս 14,2023 14:00

Ստուգումներն ու տեսչական գործառույթները պետք է կազմակերպվեն այնպես, որպեսզի չխոչընդոտվի տնտեսավարող սուբյեկտի բնականոն գործունեությունը: Ստուգման ընթացքում արգելվում է կապարակնքել պահեստներ, շինություններ, դրամարկղեր, էներգիայի աղբյուրներ, սարքավորումներ, սարքեր եւ այլն, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին: Այս մասին «Առավոտ»-ի հետ հարցազրույցում, անդրադառնալով վարչական մարմինների հետ փոխհարաբերություններում գործարարներին հուզող մի շարք հարցերի, ասում է «Էմ Ջի Էմ Փարթներս» փաստաբանական ընկերության տնօրեն Մուշեղ Խաչիկյանը։

– Պարոն Խաչիկյան, մեր նախորդ հարցազրույցում («Իրացվող սննդամթերքի զննությունը հարկավոր է չշփոթել ստուգումների հետ», 05.05.23), անդրադարձել էիք ստուգում իրականացնելու կարգին, տեսչական գործառույթի կազմակերպմանը, արձանագրություն կազմելուն եւ այլն։ Կցանկանայի այս անգամ անդրադառնայիք, թե ինչ հիմնական իրավունքներ եւ պարտականություններ ունեն գործարարները՝ վարչական մարմինների հետ փոխհարաբերվելիս։

– Վարչական մարմինը, տնտեսավարող սուբյեկտներին ցանկացած պահանջ (կարեւոր չէ՝ գրավոր, թե՝ բանավոր) ներկայացնելիս, առնվազն պարտավոր է հստակ հղում անել այդ պահանջի օրինականությունը հավաստող իրավական ակտի նորմի վրա, հակառակ պարագայում՝ պահանջը դիտարկվում է ապօրինի, կատարման ենթակա չէ, եւ չկատարելը չի առաջացնում պատասխանատվություն: Իսկ տնտեսավարող սուբյեկտի պատասխանատուն պարտավոր է չխոչընդոտել ստուգումների ընթացքին եւ կատարել ստուգում իրականացնող պաշտոնատար անձի միայն օրինական պահանջները:

-Օրինակ՝ տնտեսավարող սուբյեկտը պարտավո՞ր է ներկայացնել փաստաթղթերը։

– Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով հարկ է ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են ստուգումն իրականացնող մարմնի կողմից), կրկնօրինակները եւ այլ տեղեկությունները: Պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ, քան երեք տարուց, փաստաթղթերը վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին: Ստուգումների իրականացման համար տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, ընդ որում՝ այդ պայմանների ցանկը եւ բովանդակությունը թելադրում է ոչ թե ստուգում իրականացնող պաշտոնյան, այլ որոշում է տնտեսավարող սուբյեկտը՝ ելնելով ողջամտության սկզբունքից:

– Խախտումների հայտնաբերման դեպքում ի՞նչ ժամկետում դրանք պետք է վերացնել։

– Սահմանված ժամկետում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է վերացնել արձանագրված խախտումները եւ արդյունքների մասին տեղյակ պահել ստուգումն իրականացնող մարմնին: Եթե հիմնավոր ու օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի լինում սահմանված ժամկետում կատարել այդ աշխատանքը, նպատակահարմար է ժամկետի ավարտից անմիջապես առաջ տեղյակ պահել դրա մասին եւ ներկայացնել համապատասխան միջնորդություն՝ լրացուցիչ ժամկետ հատկացնելու վերաբերյալ: Ստուգվող տնտեսավարող սուբյեկտի իրավասու պաշտոնյան պատասխանատվություն է կրում միայն օրենքով սահմանված խախտումների համար, իսկ ենթաօրենսդրական ակտով կարող են սահմանվել միայն ընթացակարգային կանոնները:

– Ի՞նչ կարող է պահանջել տնտեսավարողը վարչական մարմնից։

– Վարչական մարմինը պարտավոր է առնվազն 30 օրվա ընթացքում քննել եւ պատասխանել տնտեսավարող սուբյեկտի դիմումներին եւ բողոքներին: Նշված ժամկետում չպատասխանելու դեպքում՝ ստուգումների արդյունքների վերաբերյալ բողոքում արտացոլված փաստարկները ավտոմատ համարվում են ընդունված՝ դրանից բխող իրավական հետեւանքներով հանդերձ, իսկ վարչական ակտ ընդունելու վերաբերյալ դիմումին սահմանված ժամկետում չպատասխանելու դեպքում, վարչական ակտը համարվում է ընդունված, եւ դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ՝ առոչինչ ակտերի:

Տնտեսավարող սուբյեկտները կարող են պահանջել, որպեսզի իրենց նկատմամբ վարչարարություն իրականացնող վարչական մարմինները ղեկավարվեն բացառապես օրենսդրությամբ ամրագրված սկզբունքներով (դրանք սահմանված են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-12-րդ հոդվածներով), հակառակ պարագայում՝ դրա արդյունքում իրականացված ցանկացած գործողություն, կայացրած վարչական ակտ կամ անգործություն ճանաչվում է անվավեր կամ առոչինչ:

Տնտեսավարող սուբյեկտն իրավասու է պահանջել, որ իրեն ուղղված ցանկացած գրավոր կամ բանավոր պահանջ, վարչական ակտ լինի որոշակի, հստակ ու հասկանալի շարադրված լինեն իր իրավունքները, պարտականությունները: Պահանջվող փաստաթղթերը պետք է վերադարձվեն անխաթար վիճակում՝ անմիջապես վարույթն ավարտվելուց հետո, բայց ոչ ավելի, քան 3 տարի անց:

– Իսկ ի՞նչ պարտականություններ ունեն ստուգման եւ տեսչական գործառույթ իրականացնող պաշտոնյաները։

– Ստուգում կամ տեսչական գործառույթ իրականացնող պաշտոնյան պարտավոր է տնտեսավարող սուբյեկտների պատասխանատու պաշտոնյաներին պարտադիր կարգով հանգամանորեն ծանոթացնել իրենց իրավունքները եւ պարտականությունները՝ կոնկրետ իրավական ակտերի վրա հղումներ անելով, հակառակ պարագայում տնտեսավարող սուբյեկտի պաշտոնյան իրավասու է արգելել որեւէ գործողության կամ պահանջի կատարում: Ոչ միայն ստուգման, այլեւ մինչեւ ստուգման ակտի հիմքով հարուցված վարույթի ավարտը, արգելվում է բանավոր կամ գրավոր եղանակով հրապարակել ստուգման ու վարույթի ընթացքում ի հայտ եկած որեւէ տվյալ, ինչպես նաեւ տնտեսավարող սուբյեկտի գործունեությանը վերաբերող այնպիսի տվյալ, որը տնտեսավարող սուբյեկտը մտադիր է գաղտնի պահել:

Ստուգումներն ու տեսչական գործառույթները պետք է կազմակերպվեն այնպես, որպեսզի չխոչընդոտվի տնտեսավարող սուբյեկտի բնականոն գործունեությունը: 3 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու պաշտոնյան պարտավոր է պատասխանել ստուգմանը կամ տեսչական գործառույթին անմիջականորեն առնչվող տնտեսավարող սուբյեկտի յուրաքանչյոր գրավոր հարցմանը: Ստուգման ընթացքում արգելվում է կապարակնքել պահեստներ, շինություններ, դրամարկղեր, էներգիայի աղբյուրներ, սարքավորումներ, սարքեր եւ այլն, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին: Պետք է հիմնավորել, պատճառաբանել յուրաքանչյուր անհատական ակտ, անկախ տնտեսավարող սուբյեկտի միջնորդությունից: Բացառությունները սահմանված են օրենքով, եւ դա չի վերաբերում պաշտոնյայի հայեցողությանը: Օրինակ՝ չեն հիմնավորվում բարենպաստ վարչական ակտերը, ինչպես նաեւ այն ակտերը, որոնք անմիջականորեն առնչվում են ազգային անվտանգության հետ, եւ հիմնավորման արդյունքում կարող են բացահայտվել պետական գաղտնիք կազմող տվյալներ:

– Արդյոք տնտեսավարողի լսվելու իրավունքը, վարույթին մասնակցությունը ապահովելը պարտադի՞ր է, եւ ինչպե՞ս դա կարող է անել ստուգող մարմինը։

– Ստուգող մարմինը պարտավոր է ապահովելու տնտեսավարող սուբյեկտի լսվելու իրավունքը, բացառությամբ՝ օրենքով նախատեսված խիստ սահմանափակ դեպքերի, երբ, օրինակ, անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որեւէ վտանգի առաջացման: Որպես կանոն, տնտեսավարող սուբյեկտին վարչական պատասխանատվության ենթարկելու վարույթների գերակշիռ մասը, իսկ հարկային խախտումներով՝ անխտիր, պարտադիր է իրավախախտի մասնակցությունը վարչական վարույթին: Ընդ որում՝ իրավախախտի մասնակցությունը չի կարող իրականացվել նրան բերման ենթարկելու կամ որեւէ այլ հարկադրանքի միջոցով, ինչը նշանակում է, որ չներկայանալու դեպքում, գործի վարույթը առնվազն մեկ տարի հետո ենթակա է կարճման: Եթե վարչական մարմինն անտեսում է վարչական վարույթին իրավախախտի պարտադիր մասնակցության պահանջը եւ կայացնում միջամտող (իրավունքներ սահմանափակող, պարտականություններ սահմանող կամ պատասխանատվություն նախատեսող) վարչական ակտ, ապա այն առոչինչ է:

Անգամ ակնհայտ վարչական ակտի պարագայում գործում է օրինականության կանխավարկածի սկզբունքը, ուստի դրա արդյունքում վնաս կրելու դեպքում, պատճառված վնասի փոխհատուցում պահանջելուց առաջ, նախ, հարկ է այն սահմանված վարչական կամ դատական կարգով վիճարկել: Տնտեսավարող սուբյեկտը օգտվում է վարչական ակտին վստահելու իրավունքից: Եթե անգամ իր նկատմամբ կայացվել է ապօրինի բարենպաստ ակտ, ապա վերջինս կարող է ակնկալել, որ այն չի ճանաչվի անվավեր եւ իր համար բացասական հետեւանքներ չի առաջացնի, եթե վերջինիս գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որեւէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որեւէ համայնքի: Վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք ունի, եթե վարչական ակտի հիման վրա ստացածն արդեն իսկ օգտագործել կամ տնօրինել է, ինչպես նաեւ, եթե ակտի հիման վրա ստացածի հետ վերադարձնելը վնաս կպատճառի վարչական ակտի հասցեատիրոջը:

Հարցազրույցը՝

Նարինե ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
13.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930