Հարցազրույց երգիչ, դափահար Արամ Մովսիսյանի հետ
– Վերջերս կայացել է Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի եւ Ձեր` «Ակունքներ» խորագրով համերգը: Ինչո՞վ էր այն առանձնահատուկ:
– Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը պարբերաբար հանդես է գալիս հետաքրքիր ծրագրերով, այս անգամ այն կոչվում էր «Ակունքներ», որի շրջանակներում իրականացվեց համատեղ համերգը: Ծրագիրն իրականացվում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, նպատակն էր ազգային ոչ նյութական մշակույթի պահպանումը, հանրայնացումն ու սերունդներին փոխանցումը, ազգային երաժշտության հանրահռչակումը։
Անդրադառնալով մեր համագործակցությանը՝ նշեմ, որ Գյումրու ժողգործիքների պետական անսամբլը պրոֆեսիոնալների կառույց է, որի հետ պատիվ ունեցա համագործակցելու:
Թե ինչով էր առանձնահատուկ, ասեմ, որ սա իմ առաջին մենահամերգն էր, որը տեղի ունեցավ մշակութային մայրաքաղաք Գյումրիում, ինչն էլ կրկնապատկել էր թե՛ պատասխանատվությունը եւ թե՛ հուզմունքը լավագույնս ներկայանալու համար:
– Ի՞նչ երկացանկով հանդես եկաք, ինչպիսի՞ն էր ունկնդրի արձագանքը:
– Երկացանկում տեղ էին գտել հին հայկական ժողովրդական երգեր, որոնք հավաքագրվել են Շիրակի մարզի գյուղերից: Համերգին հնչեցին աշուղական երգեր՝ Սայաթ-Նովա, Պայծառե, Ջիվանի, Շերամ, Հավասի, ինչպես նաեւ համշենահայերեն ժողովրդական երգ:
Հանդիսատեսը շատ ջերմություն ու դրական էներգիա փոխանցեց, ինչի համար եւս մեկ անգամ հայտնում եմ երախտագիտությունս:
– Համար, որը Ձեզ համար այցեքարտային է:
– Ինձ համար այցեքարտային է համշենահայերեն «Մոնա մոնա» երգը, որը Նորայր Քարտաշյանի եւ «Վան» պրոջեկտի հետ համատեղ աշխատանքն է: Այդ երգն այս համերգին եւս կատարեցի:
– Առաջիկայում ի՞նչ հետաքրքիր նախագծերում մասնակցություն ունեք Հայաստանում եւ ՀՀ սահմաններից դուրս:
– Առաջիկայում «Եռախոսութուն» նախագծով հունիսի 16-ին հանդես կգանք Ա. Բաբաջանյան համերգասրահում, իսկ սեպտեմբերին «Եռախոսություն» նախագծով պատրաստվում եմ մեկնել Կանադայի մի շարք քաղաքներ՝ համերգային շրջագայության:
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
13.06.2023