Ադրբեջանի իշխանություններն Արեւմուտքի հովանու ներքո բանակցություններից հրաժարվելու պատրվակ են փնտրում
Ալիեւն Արեւմուտքի հովանու ներքո բանակցությունները բոյկոտելու քաղաքականություն է տանում: Առաջին հայացքից, թվում է, թե սովորական բանակցային իրավիճակ է, կողմերից մեկը կարող է հետաձգել բանակցային այս կամ այն փուլը: Սակայն իրականում, Բաքվի գործողությունները հիմք ընդունելով, կարելի է միանշանակ արձանագրել, որ Ալիեւին ձեռնտու են Երեւան-Բաքու-Մոսկվա եռակողմ ձեւաչափով ձեռքբերված պայմանավորվածությունները, եւ ադրբեջանական իշխանությունները դա երբեք չեն թաքցրել:
Իսկ վերջին շրջանում ադրբեջանական համացանցային տիրույթում բարձրացված հիստերիան՝ հատկապես Ֆրանսիայի կողմից Հայաստանին ու Արցախին քաղաքական աջակցության հիմքով, վկայում է այն մասին, որ Բաքվում առկա են որոշակի խուճապային տրամադրություններ: Ադրբեջանական լրատվականներից տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն Փարիզին «պատերազմ» է հայտարարել. Ֆրանսիան դիտարկվում է Հայաստանի ռազմավարական գործընկեր, ադրբեջանական լրատվականները, մեկը մյուսի հետեւից հղում անելով իսրայելական աղբյուրներին, ազդարարում են. «Ֆրանսիան Հայաստանին սպառազինություն է մատակարարում….»:
Ալիեւն ակնհայտորեն արեւմուտքի հովանու ներքո բանակցություններից հրաժարվելու պատրվակներ է փնտրում: Այսպես, անցյալ շաբաթ ադրբեջանական կողմի խնդրանքով՝ Վաշինգտոնում ծրագրված քննարկումների հերթական փուլը հետաձգվեց: Լուրը հայտնեց նախ Հայաստանի ԱԳՆ-ն: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը պետք է հանդիպեին հունիսի 12-ին։ Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով ամերիկյան դիվանագիտական գերատեսչության իր աղբյուրը, հայտնեց, թե Միրզոյան-Բայրամով հանդիպումը կարող է հետաձգվել, հավելելով. «Խոսքը բացառապես ժամանակացույցի եւ լոգիստիկայի մասին է»։
Կարդացեք նաև
Պաշտոնական Բաքուն չհերքեց, որ իրենք են հետաձգման նախաձեռնողը, բայց պատճառների ու նոր ժամկետների մասին ոչինչ չասվեց: «Աշխատում ենք արտգործնախարարների հաջորդ հանդիպման հստակ ժամկետները որոշելու համար, եւ մենք հուսով ենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս», – նշել էր Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն:
Մինչդեռ ամերիկյան կողմի համար հունիսի 12-ի բանակցային ռաունդը սպասված էր: ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակն օրեր առաջ հատուկ ընդգծեց, որ անհամբեր սպասում են Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցությունների նոր փուլին։ «Այո՛, մենք անհամբեր սպասում ենք այս ամիս Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների հերթական փուլին, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագային: Ինչպես նախկինում եմ ասել՝ ուղիղ բանակցությունները երկարատեւ ու արժանապատիվ խաղաղության հասնելու եւ խնդիրները լուծելու բանալին են։ Միացյալ Նահանգները գոհունակությամբ է արձանագրում, որ Հայաստանն ու Ադրբեջանն այլ ձեւաչափերով եւս բանակցում են, այդ թվում՝ նկատի ունեմ ղեկավարների վերջին բանակցությունները», – ասել էր Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։ Այն բանից հետո, երբ պարզվեց, որ հանդիպումը հետաձգվում է, նա արդեն նշեց. «Ես չեմ պատրաստվում հաստատել կամ որեւէ ներքին տեղեկություն տրամադրել ժամանակացույցի կամ հնարավոր ամսաթվերի մասին։ Միայն կասեմ՝ անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների եւս մեկ փուլ հյուրընկալելուն»։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Քիշնեւում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումը հունիսի 12-ից կմեկնարկի, Հայաստանի արտաքին գերատեսչությունն էլ հաստատել էր: «Հուլիսի 21-ին տեղի կունենա հաջորդ եռակողմ հանդիպումը Բրյուսելում: Ես ուզում եմ տեղյակ լինեք, որ մինչ այդ՝ հունիսի 12-ից տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ֆորմատով հանդիպումը Միացյալ Նահանգներում՝ Վաշինգտոնում», ասել էր Փաշինյանը։
Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան նախորդ բանակցությունները կայացել էին մայիսի 1-4-ը, բանակցային այս ռաունդից հետո արձանագրվեց որ հայ-ադրբեջանական հանդիպումներն ակտիվացել են, անգամ ապաշրջափակման հարցով փոխվարչապետերի բանակցություններ անցկացվեցին։
Մայիսի սկզբին ԱՄՆ-ում Միրզոյան-Բայրամով քառօրյա բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ երկկողմ եւ եռակողմ քննարկումներից հետո կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում։ Թե կոնկրետ որ հարցերին էր վերաբերում առաջընթացը, Բլինքենը չէր մանրամասնել, սակայն ընդգծել էր՝ բանակցությունների տեմպը ցույց է տալիս, որ խաղաղության համաձայնագիրն իսկապես հասանելի է:
Ավելին, օրերս Հանրայինին տված հարցազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նույնպես չէր բացառել՝ մինչեւ տարեվերջ Երեւանն ու Բաքուն հնարավոր է խաղաղության պայմանագիր կնքեն. «Եթե մենք այս ինտենսիվությունը կարողանանք պահպանել, ինչպես նաեւ միջազգային հանրության ուժեղ աջակցություն լինի՝ առաջընթաց գրանցելով, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ այդ… մենք տրամադրված ենք այսպես, որ հնարավորինս շուտ։ Այդ հնարավորինս շուտը կարող է, օրինակ, լինել տարվա ընթացքում, բայց կարող է մինչեւ տարեվերջ ձգվել»։
Անդրադառնալով վերջին ամիսների ինտենսիվ բանակցություններին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ օրեր առաջ վստահեցնում էր, թե` «խաղաղությունն անխուսափելի է, հարաբերությունների կարգավորման համաձայնագիր պետք է ստորագրվի»։
Սակայն այսպիսի դրական մթնոլորտը, Ալիեւը, կարծես որոշեց սառեցնել` հայկական կողմին ներկայացնելով հերթական պահանջների փունջը:
Նախ` Ալիեւը արցախցի պաշտոնյաների նկատմամբ «համաներման պատրաստակամությունից» խոսեց, բանակցությունների հերթական փուլից առաջ էլ երեք նոր պահանջներ առաջ քաշեց՝ հարաբերությունների կարգավորման համար հիմնական խոչընդոտ համարելով «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում Հայաստանի անօրինական ռազմական ներկայությունը, Բաքվի եւ Ղարաբաղի հայ բնակչության միջեւ երկխոսության խոչընդոտումն ու Ադրբեջանի ներքին գործերին Երեւանի միջամտությունը»։
Եթե սրան էլ գումարում ենք այն փաստը, որ ադրբեջանական կողմը գրեթե ամենօրյա ռեժիմով հրադադար է խախտում, միանշանակ կարելի է եզրակացնել, որ Բաքուն բանակցային ընթացքից գոհ չէ, եւ խաղաղության հաստատման վերաբերյալ Ադրբեջանից հնչող հայտարարություններն ամբողջությամբ ձեւականություն են։
Իրականությունն այն է, որ Բաքուն հող է նախապատրաստում հայկական կողմի վրա բարդելու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները չկատարելու մեղադրանքով: Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ իր հերթին հրահանգել է իր ենթականերին՝ «ցանկացած պահի պատրաստ լինել առանց հապաղման եւ վճռականորեն կանխել հակառակորդի հնարավոր սադրանքները»։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Հասանովն այս մասին հայտարարել է խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել է Զինված ուժերի հրամանատարական կազմը։ Խորհրդակցությունը հրավիրվել էր ադրբեջանական բանակի ցամաքային ուժերի վերջին հրամանատարա-շտաբային զորավարժությունների արդյունքները ամփոփելու նպատակով։ Զորախաղերը ընթանում էին Լեռնային Ղարաբաղին հարող այն շրջաններում, որոնք Բաքվի վերահսկողության տակ էին անցել 44-օրյա պատերազմի ընթացքում։
Արեւմուտքի հովանու ներքո բանակցություններից հրաժարվելուն զուգահեռ, նկատելի է, որ պաշտոնական Բաքուն չի կորցրել հավատը Մոսկվայի նկատմամբ: Ուշագրավ մանեւրներով Ադրբեջանը կրկին անգամ ապացուցում է, որ հավատարիմ է բացառապես Ռուսաստանի իշխանությունների միջնորդությամբ պայմանավորվածություններին:
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.06.2023