Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես հաղթահարել իշխողների շիզոֆրենիան

Հունիս 14,2023 14:30

Պիտիրիմ Սորոկինն առաջարկում էր, որ կառավարությունները ներգրավվեն «հասարակական բարոյականության ունիֆիկացված համակարգի» մեջ

1959 թվականին ռուս, հետագայում՝ ամերիկացի սոցիոլոգ Պիտիրիմ Սորոկինը գիրք էր հրատարակել, որը կոչվում էր այսպես՝ «Իշխանությունն ու բարոյականությունը: Ո՞վ է վերահսկելու հսկիչներին» (Power and Morality: Who Shall Guard the Guardians?): Սորոկինն այդ գրքի օրինակներն ուղարկել էր ԱՄՆ այն ժամանակվա նախագահին (Էյզենհաուերին), պետքարտուղարին, մի քանի կոնգրեսականի եւ սենատորների: Չէր մոռացել նաեւ իր հայրենիքը, որտեղ անցկացրել էր կյանքի առաջին կեսը, եւ մի օրինակ էլ նվիրել էր Նիկիտա Խրուշչովին: Բոլոր հասցեատերերը շատ քաղաքավարի շնորհակալական նամակներ էին հղել գիտնականին: Ենթադրելի է, որ նրանք այդ գիրքը չէին կարդացել, հակառակ դեպքում կտեսնեին, թե ինչ կարծիքի է հեղինակն իշխանության մասին: Ընդ որում՝ ցանկացած իշխանության:

Գրքի գլուխներից մեկը շատ պերճախոս անվանում ունի՝ «Պետությունների ղեկավարների քրեական բնույթը»: Տոլստոյի աշխարհայացքի հետեւորդը լինելով՝ Սորոկինը համոզված էր, որ ցանկացած իշխանություն քրեական հանցագործությունների քանակի եւ որակի առումով գերազանցում է նույն երկրի հասարակ քաղաքացիներին: Բերվում են կայսրերի, թագավորների, նախագահների, վարչապետերի եւ այլ ղեկավարների բազմաթիվ օրինակներ: Այդ հատվածում կա 5 ընդհանրացում, որոնցից մեզ համար ամենահետաքրքիրը առաջին երկուսն են:

Առաջինը հետեւյալն է. «Երբ իշխանավորների եւ նրանց հպատակների բարոյական եւ մենթալ որակները չափվում են նույն սանդղակով, ոչ թե՝ երկակի ստանդարտներով, պարզվում է, որ իշխանավորներն աչքի են ընկնում ավելի ուժեղ արտահայտված դուալիզմով, շատ ավելի ցցուն բարոյական եւ մտավոր շիզոֆրենիայով, քան տվյալ հասարակության շարքային անդամները»:

Ինչո՞ւ է սոցիոլոգը խոսում շիզոֆրենիայի մասին: Բանն այն է, որ, ըստ Սորոկինի, իշխանության ձգտող մարդը, որպես կանոն, չունի «բարոյական արգելակներ», զուրկ է ռեֆլեքսիայից եւ մտատանջություններից, որոնք հատուկ են մեզ՝ սովորական մարդկանց: Նա մշտապես պետք է թողնի նպատակասլաց եւ վճռական մարդու տպավորություն, եւ այդքանով դուր է գալիս զանգվածին: Իրականում այդպիսի մարդկանց հատուկ է մտքի եւ բարոյական արժեքների ակնհայտ երկվությունը:

Դրա մասին է սոցիոլոգի երկրորդ ընդհանրացումը: «Իշխող շրջանակներում նկատվում է մի կողմից՝ օժտված, եւ, մյուս կողմից՝ մտավոր առումով անլիարժեք մարդկանց ավելի մեծ բաժին, քան շարքային քաղաքացիների մեջ: Իշխող խմբերում ավելի բարձր է էգոիստների, խիզախների, այլ մարդկանց հանդեպ դաժանություն եւ անտարբերություն դրսեւորողների, երեսպաշտների, ցինիկների տոկոսը, քան սովորական ժողովրդի մեջ», – եզրակացնում է Սորոկինը: Ըստ նրա՝ խաչակրաց արշավանքները, զտումները, սրբազան պատերազմները, այլ տարածքների զավթումը մշտապես տեղի են ունենում իբր հանուն Աստծո, ազգայնականության, ազգի մաքրության եւ այլն: Բայց իրական շարժառիթը իշխողների հրեշավոր, էգոիստական շահերն են:

Ելքը հեղինակը տեսնում է, բնականաբար, իշխանության սահմանափակման մեջ: Նա օրինակների վրա ցույց է տալիս, որ անսահմանափակ իշխանություն ունեցողները կատարում են ավելի ծանր հանցագործություններ, քան այն իշխանավորները, որոնց ախորժակները զսպվում են ինչ-ինչ սահմանադրական նորմերով: Երկրորդ դեպքում գերիշխում են հանցագործությունները սեփականության դեմ, կոռուպցիան, պետական լծակների չարաշահումը՝ հօգուտ սեփական նյութական կարիքների:

Բայց կա նաեւ երկրորդ դեղամիջոցը, որն առաջարկում է Սորոկինը՝ կառավարությունները պետք է ներգրավվեն «հասարակական բարոյականության ունիֆիկացված համակարգի մեջ»: Այսինքն՝ ախորժակները պետք է զսպվեն ոչ միայն օրենքներով եւ սահմանադրությամբ, այլեւ՝ բարոյական նորմերով: Բայց այդ մի մեխանիզմն աշխատեցնելու համար այդ «ունիֆիկացված» համակարգը պետք է գոյություն ունենա, այսինքն՝ պետք է աչքի առաջ լինեն հասարակության մեծամասնության համար ընդունելի բարոյական մոդելները: Սորոկինի համար դա, թերեւս, արդիականացված տոլստոյականությունն է՝ «ոչ պաշտոնական» քրիստոնեությունը, որի որոշ դրսեւորումները նա տեսնում էր նաեւ ամերիկյան բողոքական մշակույթի մեջ:

Սակայն ցանկացած հասարակության համար այս առումով, կարծում եմ, պետք է գործեն յուրահատուկ համակարգեր՝ ի տարբերություն սահմանադրական նորմերի, որոնք քիչ թե շատ ունիվերսալ են եւ հիմնված են, մասնավորապես, իշխանության ճյուղերի բաժանման վրա: Այստեղ ամեն ինչ քիչ թե շատ պարզ է, թեեւ կոնկրետ Հայաստանում 30 տարի չի կիրառվել: Իսկ ինչ մնում է «բարոյականության համակարգին», դրա ձեւակերպումն ավելի մեծ մտավոր ճիգեր է պահանջում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aha says:

    Clearly in the top 3 best analysis articles I’ve ever read in Armenian media. Want to read the book but it seems to be difficult to find.

    As for the intellectual work required to include the ruling class in the circle of morality, the editor had at some point given the example of individuals he would like to see in the special commission dealing with constitutional changes (ex. soprano Hasmik Papian). That would be a good starting point.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930