Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտակները գնահատեցին Հայաստանի ֆուտբոլի ավարտված առաջնությունը

Հունիս 13,2023 23:57

Հայաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի 2022/2023 թթ. (առաջնության) վերջերս ավարտված խաղերը անցան լարված եւ հետաքրքիր պայքարում, սակայն բազմաթիվ խնդիրները հայրենի ֆուտբոլում լուծված չեն։ Այդպիսի կարծիք հայտնեցին Ֆուտբոլային գիտակների ակումբի անդամները «Առագաստ» ակումբում անցկացրած քննարկման ժամանակ։

Գիտակները գնահատում են ֆուտբոլի առաջնության արդյունքները

Անվանի ֆուտբոլային մեկնաբան, «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանի կարծիքով, անցած մրցաշարը հակասական տպավորություն թողեց։ Ըստ նրա, վերջին տարիների ֆուտբոլային առաջնություններում շատ լուրջ պայքար է ընթանում։ Մի բան է անհանգստացնում` ինչքան առաջնության մակարդակը բարձրանում է, այնքան տեղի ֆուտբոլիստները անմրցունակ են դառնում դրսից հրավիրված տղաների համեմատ։ Շատ քիչ տեղացի ֆուտբոլիստներ կան, որ մեր թիմերում խաղում եւ եղանակ են ստեղծում։

Մեկնաբանի կարծիքով, այս առաջնությունը իր լարվածությամբ եւ պայքարի թեժությամբ բացառիկ էր եւ առաջատարները մինչեւ վերջ պայքարեցին, ճիշտ է «Արարատ Արմենիան» չդիմացավ դուրս թռավ այդ պայքարից վերջին պահին, բայց ամեն դեպքում եւ «Ուրարտուն» սայթաքեց, եւ «Փյունիկը»։

Ըստ նրա, օբյեկտիվորեն, առաջնությունում ամենաուժեղ թիմը եղել է «Փյունիկը», բայց «Ուրարտուն» էլ հավասարաչափ անցկացրեց առաջնությունը եւ այնպես արեց, որ մնա աղյուսակի վերեւում։ Դրանից, իհարկե, շահեց մեր առաջնությունը։ Նա համոզված է, որ եթե «Փյունիկը» այս նույն կազմով առաջնության առաջին փուլերում հանդես գար եւ մի քանի ճակատով չխաղար, բացահայտ միավորների մեծ տարբերությամբ նորից չեմպիոն կդառնար։ Եթե «Ուրարտուն» «Փյունիկի» հետ հանդիպման ժամանակ չհաղթեր, ապա չեմպիոնությունը կորոշվեր վերջին տուրում։

 

«Առաջնությունը իր լարվածությամբ ստացվել է, այլ բան է, որ ֆուտբոլի շուրջ տեղի ունեցող իրավիճակները` մրցավարությունը, Ֆեդերացիայի կողմնակալ մոտեցումը ազդել է առաջնության վրա։ 2019 թվականից ես բացառիկներից էի, որ կոկորդ էի պատռում, ասում, որ այդ բախտախնդիր մարդկանց չի կարելի թողնել, որ Ֆեդերացիան ղեկավարեն։ Ցավոք, այդ պտուղները հիմա մենք քաղում ենք։ Այդ մարդիկ իրենց սեփական մոտեցումը չունեն, ղեկավարվում են չգիտեմ ում կողմից եւ բնական է, որ չեն կարողանում այն վճռական պահերին ճիշտ որոշումներ կայացնեն, իսկ դրանից տուժում են ակումբները», – նշեց Բաղդասարյանը։

Նա ասեց, որ ցավ է ապրում, քանի որ մարդիկ փող եմ ներդրում ֆուտբոլում, բայց լավ է, որ չեն հուսալքվում եւ հեռանում։ Համենայնդեպս նրանք ամեն ինչ անում են, որ մեր առաջնությունը ստացվի, մեր ֆուտբոլը զարգանա։ Մենք պետք է այդ մարդկանց շնորհակալություն հայտնենք, որ անձնատուր չեն լինում, ավելացրեց նա։

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյան նշեց, որ այս մրցաշրջանը իրենց թիմի համար սկսվեց եվրոգավաթների ելույթներով։ Դա պատմական հանդիպում էր «Կլուժ» ակումբի հետ, որտեղ երկու անգամ վերջին րոպեներում հաջողվեց հավասարեցնել հաշիվը։

«Այո, մենք երեւի պատրաստ չէինք երկու ճակատով պայքար մղել, այդ իսկ պատճառով էլ գարնանը շատ միավորներ կորցրեցինք։ Իսկ իրականում, եթե ամեն ինչ հնարավոր լիներ նորից հետ գնալ, միեւնույն է ես շեշտը նորից կդնեին եվրոգավաթների վրա։ Ես գտնում եմ, որ դա ոչ միայն մեր ներքին գործն է, այլեւ մեր հայկական ֆուտբոլի հեղինակությունն է։ Եթե մենք այնուամենայնիվ դուրս գայինք առաջինը մեր խմբից փլեյ–օֆ, ապա ես մտածում եմ, որ հայերին կսկսեին ավելի հարգել, վախենալ եւ հասկանալ, որ մեր թիմերը կարող են լինել ոչ միայն կողմնակի հանդիսատես, այլ նաեւ լուրջ պայքարել եւ ստեղծել մրցակցություն։ Մեր համար դա առաջնահերթ է, կարեւոր», – նշեց նա։

Այնուամենայնիվ Սողոմոնյանը ընդգծեց, որ դա իրենց չի արդարացնում, որ առաջնության առաջին մասում շատ միավորներ կորցրեցին։ Հետո այդ ընդհարումը Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որը շատ անսպասելի էր, քանի որ այն, ինչի մասին «Փյունիկը» խոսում էր հաստատված էր փաստերով։ Նա հույս ուներ, որ կլինի ինչ–որ երկխոսություն եւ մենք իրար կլսենք, քանի որ պրոֆեսիոնալ պրոցեսում միշտ կոնֆլիկտ է լինում, մի կողմը այսպես է գտնում, մյուս կողմը այլ ձեւ է մտածում, սակայն մարդիկ ինչ–որ կերպ պայմանավորվում են, սակայն այլ արձագանք եղավ` պատրաստվեցին ինչ–որ հոլովակներում, հնչեցին վիրավորանքներ, հետո այդ ամենը ավարտվեց շատ անհեթեթ կերպով` դատարանում հայցով։

«Ես, ճիշտն ասած, այդպիսի նախադեպ չեմ հիշում, որ Ֆուտբոլի ֆեդերացիան, որի հիմնական խնդիրը ներդրողների ներգրավումն է, որը, կոպիտ ասած, կատարում է իր աշխատանքը մեր նմանների շնորհիվ, որոնք ներդնում են իրենց փողերը, դատի է տալիս միայն այն բանի համար, որ իրենց աշխատանքը բացասաբար ենք գնահատել։ Դրանից հետո, ինչ որ մենք տեսել ենք, ոչ միայն մեզ ավելի շատ վշտացնում էր, այլ համոզում էր մեր ճիշտ լինելու մեջ։ Դժբախտաբար այդ ամենը տեղափոխվեց նաեւ առաջնություն», նշեց նա։ Ըստ նրա ամենաշատը դրականը նա է, որ «Փյունիկ» – «Ուրարտու» խաղին շատ հանդիսատես էր եկել, քանի որ իր վեցամյա առաջնությունում լինելու ընթացքում այսքան շատ հանդիսատես նա չեր տեսել տրիբունաներում, ինչը շատ ուրախալի է։

Սողոմոնյանը տեղեկացրեց, որ այս տարի ոչ մի անգամ «Փյունիկին» ֆեդերացիան չի տրամադրել մարզման համար դաշտ, միշտ պատասխանել, որ ազատ ժամանակ չունեն, այն դեպքում, երբ մնացած թիմերին տրամադրվել է դաշտեր։ «Մենք նույնիսկ դիմել ենք ՈՒԵՖԱ, քանի որ ժամանակին Ֆուտբոլի ակադեմիան կառուցվել է ֆուտբոլի զարգացման համար եւ մենք, որպես Ֆեդերացիայի անդամ, ունենք նույն իրավունքները, ինչպես նաեւ այլ թիմերը։ ՈՒԵՖԱ–ն պատասխանեց, որ աջակցում է մեզ, սակայն չի կարող միջամտել այդ հարցում։ Այնպես որ չեմպիոնը որոշվել է ոչ այնքան արդար պայքարում»,– նշեց նա։

Սողոմոնյանին մտահոգում է նաեւ հայ երիտասարդ եւ պատանի ֆուտբոլիստների ելույթները։ Այսպիսի վատ արդյունքներ նրանք ցույց չեն տվել վերջին 30 տարվա ընթացքում։ Այստեղ հարցը երեխաների եւ սերնդի մեջ չէ։ Հարցը նրանում է, որ կան ներքին խախտումներ, ոմանք ակնհայտ են, ինչ է կատարվում Ֆեդերացիայում, ինչպես են ձեւավորվում հավաքականները եւ ինչպես է Ֆեդերացիան զբաղվում ԲԿՄԱ ակումբով։ Դա նույնպես այն «ուռուցքն» է, որը գոյություն ունի մեր ֆուտբոլում, գտնում է նա, քանի որ այդ լավ գաղափար ներկայումս ավելի շատ քայքայում է ֆուտբոլը։ Ըստ նրա, արդեն երկու տարի առաջ մինչ կգա բանակի տարիքը սկսում է այդ քաշքշուկը եւ այդ ակումբ են սկսում տեղավորել իրենց տղաներին այդ թիմում, որ իրենք խուսափեն բանակի ծառայությունից։ Արդյունքում ստեղծվում է անառողջ վիճակ, այդ թիմի կեսը կազմված է հրավիրված ֆուտբոլիստներով, որոնք 20 տարեկանից ավելի բարձ են եւ այնքան էլ որակյալ պրոֆեսիոնալներ չեն։

«Եթե այսպես շարունակվի ֆուտբոլի զարգացումը, կարելի է ընդհանրապես կորցնել հայկական ֆուտբոլը, թեպետ ես տեսնում եմ, որ լավ ֆուտբոլային հիմք ունենք մեր երկրում ի դեմս մեր պատանի երեխաների, սակայն իրենք հասնելով ավելի մեծ տարիքի կորում են, ինչը վատ կառավարման հետեւանք է», – եզրափակեց նա։

Հայտնի սպորտային մեկնաբան Սլավա Սարգսյանի կարծիքով, առաջնությունը բաժանված էր երկու մասի` վերջին քառյակը եւ մյուսները, քանի որ առաջին չորս տեղերում գտնվող թիմերը խաղամակարդակով բավականին բարձր էին մյուս թիմերից եւ այդ ամենը լեգիոնականների հաշվին։ Բոլոր չորս թիմերը ներկայացնելու են Հայաստանը եվրագավաթների խաղարկություններում եւ ուրախալի է, որ Հայաստանի ուժեղագույն թիմերն են մասնակցելու այդ միջազգային մրցաշարերում։ Նրա կարծիքով, «Փյունիկը» ավելի լավ հնարավորություն ուներ չեմպիոն դառնալու, սակայն խանգարեց եվրոպական գավաթի այդ ծանր հանդիպումները, որը ցույց տվեց, որ մեր թիմերից դեռ ոչ ոք պատրաստ չի շարժվել առաջ եւ առաջնությունում, եւ միջազգային հանդիպումներում։

Սարգսյանը գտնում է, որ եկել է ժամանակը, որ մեր թիմերում ավելի շատ տեղ տալ տեղացի հեռանկարային ֆուտբոլիստներին։ Ներկայումս Ֆեդերացիան ամբողջ աշխարհով մեկ հավաքագրում է հայկական ազգանուն կամ ծագում ունեցող ֆուտբոլիստներին։ Վատ չի, բայց գլխավորը պետք է աշխատել տեղացիների հետ, որպեսզի նրանց միջից ընտրվեն լավագույները։ Ըստ նրա, եթե 21 տարեկան ֆուտբոլիստը չի խաղում բարձրագույն թիմում, նա չի կարող ուժեղացնել հավաքականը։ Նրա կարծիքով, պետք է փոփոխություն մտցնել առաջնության կանոնակարգում, ավելացնել տեղացի ֆուտբոլիստների պարտադիր մասնակցությունը մեկնարկային կազմում, ներկայիս 3 հոգու փոխարեն դարձնել 5։

“Ֆուտբոլ+” շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանի կարծիքով, հայկական թիմերը նույն հաջողությամբ կարող են Էստոնիայի առաջնությունում խաղալ, քանի որ եթե հայ ֆուտբոլիստ չի խաղում, արդեն նշանակություն չունի որտեղ խաղալ։ Նա նշեց, որ հաճույքով նայում է «Նոա» կամ «ԲԿՄԱ» թիմերի խաղերը, որտեղ հանդես են գալիս հայ ֆուտբոլիստները։

Մարտիրոսյանը համաձայն չէ, որ Հայաստանում չկան լավ ֆուտբոլիստներ, քանի որ մենք ունեինք ոսկյա սերունդ` Մելիքյան, Քարամյան եղբայրները, Արզումանյան, Պաչաջյան, Հովսեփյան, որոնք առաջինը հասան հաջողությանը մեր ֆուտբոլում եւ որոնք դուրս են եկել տեղական դպրոցից։ Ցավալին նաեւ այն է, որ մենք կենտրոնացել 2–3 դպրոցների վրա, մոռանալով, որ Գյումրիում, Վանաձորում, Կապանում էլ եղել են եւ կլինեն լավ ֆուտբոլիստներ։

«Ես կարող եմ խոնարհվել այն մարդկանց առաջ, որոնք ներդրում են անում հայկական ֆուտբոլում հանուն նրա զարգացմանը։ Մեր ֆուտբոլի ցավալին նաեւ այն է, որ մենք չունեն լիարժեք ոչ առաջին լիգա, ոչ էլ երկրորդ լիգա։ Անհեթեթություն է նաեւ այն, որ հիմա առաջին լիգայում խաղում են լեգիոներները, իսկ որտե՞ղ պիտի աճեն մեր հայկական ֆուտբոլիստները», – հարցնում է նա։

Ըստ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի, անցած առաջնությունը լավ մրցաշար էր, կար պայքար, լավ փորձ տվեց, բայց դաշտից դուրս հանգամանքները փչացրեցին առաջնության մաքրությունը։ Որպես օրինակ, նա նշեց, որ մեկ տարի առաջ «Փյունիկը» եղել է չեմպիոն, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն եկավ շնորհավորելու, ընդամենը 1 րոպեում գավաթը փոխանցեց եւ գնաց։ Մեկ տարի հետո «Ուրարտուն» չեմպիոն դարձավ եւ նույն ֆեդերացիայի նախագահը մինչեւ վերջին խաղացողը, գլխավոր մարզիչը, նախագահը մեդալները փոխանցեց, շնորհավորեց։ Այսինքն, փաստով կարելի է ապացուցել Ֆեդերացիայի կողմից «Փյունիկի» նկատմամբ վատ տրամադրվածություն կա։

Եվրոգավաթներում դուրս գալով խմբային փուլ նույն վերաբերմունքի արժանացավ «Փյունիկը» Ֆեդերացիայի կողմից, քանի որ միջազգային ոչ մի խաղերին ներկա չգտնվեցին ֆուտբոլի ղեկավարները։

«Այդ ամենը հիասթափեցնում է։ Մենք միավորներ կորցրեցին առաջնությունում, ոչ թե նրա համար, որ պարտվեցինք, այլ նրա համար, որ դիմեցինք խնդրանքով, որ հետաձգեն մեր խաղերը, քանի որ մասնակցում էինք եվրոգավաթի խաղերին, բայց մեզ մերժեցին։ Արհեստական մեր դեմ ստեղծեցին խնդիրներ, անարդար մրցակցություն, – նշեց Մելիքյանը։

Ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյանը եւս գտնում է, որ առաջնությունում 8 հավասարազոր թիմեր չեին խաղում, թեպետ այն անցավ հետաքրքիր պայքարում, բայց միայն առաջին 4 ակումբների միջեւ։

Ռադիո Վանի հաղորդավար Գոռ Գրիգորյանը կարծիքով, Հայաստանում պետք է զարգացնել ֆուտբոլը, երեխաները պետք է ֆուտբոլ խաղան բակերում, բայց դրա համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, քանդել անօրինական ավտոտնակները եւ ֆուտբոլային դաշտեր կառուցել։ Միգուցե անհրաժեշտություն կա ֆուտբոլը դարձնել պարտադիր դպրոցական առարկա, ինչը ժամանակին եղավ շախմատի հետ։ Բայց այդ ամենը անելու համար պետք է առողջ մտածող մարդիկ ունենալ Ֆուտբոլի ֆեդերացիայում, ինչ ներկայումս գոյություն չունի, մարդիկ, որոնք մտածում են ապագայի մասին, այլ ոչ թե այսօրվա կամ միայն վաղվա մասին։ Նրա կարծիքով, անարդար էր, որ մերժեցին խնդրանքը հետաձգել եվրոգավաթներում մասնակցող «Փյունիկի» խաղը ներքին առաջնությունում։ Պարզ է, որ եթե այսօր «Փյունիկի» հետ առաջացավ այդ գլխացավանքը, ապա վաղը բոլոր թիմերի հետ էլ կարող է լինել այդպես, նշեց նա։

Դատական գործընթաց «Փյունիկի» նկատմամբ

Խոսելով Ֆուտբոլի Ֆեդերացիայի եւ «Փյունիկ»–ի դատական վեճի մասին Արթուր Սողոմոնյանը նշեց, որ, երբ իր փաստաբանը ստացավ դատական հայցը ֆեդերացիայի կողմից, երկար ժամանակ չեր կարող հասկանալ ինչումն է այդ հայցի էությունը։ ԲԿՄԱ–ի մասին ոչ մի խոսք չկար։ Սկզբից եկան ոստիկանները, որոնք նույնպես չեին հասկանում ինչ են ինձանից ուզում, նրանք պատճառ էին ուզում գտնել, բայց այդպես էլ չգտան, արդյունքում դատի տվեցին։

«Երեւի իրենք ուզում էին վաղեցնել, որպեսզի ուրիշները չփորձեն քննադատել Ֆեդերացիան, բայց նրանք ավելի վատ բան արեցին հայկական ֆուտբոլի համար, քանի որ ներկայումս ցանկացած նորմալ ներդնող, երբ ուզենա ներդնի ֆուտբոլում փողեր կմտածի, բա դա ինձ պե՞տք է։ Չէ որ մարդը փողեր է ներդրել, իսկ նրան դատի են տվել նրա համար, որ նա իրենց քննադատում է։ Եթե անկեղծ լինել, ես էլ մեծ ուրախությամբ կթողեի եւ կգնայի, քանի որ իմ մոտ կորում է հայկական ֆուտբոլով զբաղվելու այն հաճույքը, քանի որ ստիպված եմ դիմանալ վիրավորանքների, ինչ–որ դատական հայցերի եւ զբաղվել բացարձակ ոչ նրանով, ինչի համար եկել եմ», – նշեց նա։

Սողոմոնյանը պատմեց, որ երբ առաջին դատական նիստը եղավ, Ֆեդերացիաից եկել էր մի աղջիկ, որը նշեց, որ Սողոմոնյանը ճիշտ չի ասել է, որ 3 տարվա մեջ ՀՀ ֆուտբոլի առաջնությունը լքել են 4 ակումբներ, քանի որ «Լորին» չի գնացել` մանկական թիմերը մնացել են, գնացել է միայն մեծահասակների թիմը։ «Փյունիկի» փաստաբանը բերեց Լորի ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանի պաշտոնական հայտարարությունը, որտեղ նա ասում է, որ հանում է թիմը առաջնությունից, քանի որ համաձայն չէ Ֆեդերացիայի ղեկավարության հետ։

«Այստեղ այդ աղջիկը սկսեց ինչ–որ բաներ փնթփնթալ, իսկ դատավորն էլ սկսեց նրան պաշտպանել։ Մենք սկսեցինք մեր ճշտող հարցերը տալ, արդյունքում այդ աղջիկը ամբողջովին խառնվեց, իսկ դատավորը տեղափոխեց նիստը հուլիսի 13», – պատմեց «Փյունիկի» սեփականատերը։

«Հայցը ներկայացրել է մի մարդ, որին մենք ընտրել ենք եւ որից անձամբ ես իրավունք ունեմ պահանջեմ։ Ես ներդնում եմ փողեր, որից նա ստանում է աշխատավարձ։ Նրա հիմնական խնդիրը` զարգացնել հայկական ֆուտբոլը, իսկ նա դատի է տալիս նրան, ով զարգացնում է ֆուտբոլը, որովհետեւ նա իրեն քննադատել է։ Նույնիսկ իրավաբանորեն դա անհեթեթ է, քանի որ հայցը ներկայացված է պատվի եւ արժանապատվության պաշտպանության համար։ Այսինքն, երբ նրանք դատի են տալիս մարդուն, որի շնորհիվ ստացել են այդ պաշտոնը եւ ստանում են աշխատավարձ, նրանք ցույց են տալիս, որ նրանք չունեն ոչ պատիվ, ոչ էլ արժանապատվություն» – նշեց Սողոմոնյանը։

Նա նշեց նաեւ մրցակցության բացակայությունը հայրենի ֆուտբոլում։ Օրինակ U13 մրցաշարում կիսաեզրափակիչներ դուրս եկան «Փյունիկի» չորս թիմերը։ Միգուցե դա հաճելի է սեփականատիրոջը, բայց միեւնույն ժամանակ տխրեցնող է, քանի որ նույն ակումբի տղաները պետք իրար մեջ կիսաեզրափակիչներ խաղան, ոնց որ թե ընկերական խաղեր անցկացնել։

«Այս վիճակում Ֆեդերացիան չպիտի իրեն այդպես պահի, այլ լինի ավելի հեռատես, քանի որ առանց այդ էլ այս ժամանակահատվածում, ինչ իրենք սկսեցին ղեկավարել ֆուտբոլը, այդքան մարդ գնաց ֆուտբոլից եւ դժվար էլ գնացողները նորից վերադառնան հայկական ֆուտբոլ։ Ես էլ կգնայի, բայց իմ մոտ ի տարբերություն իրենց, կա պատասխանատվության զգացում։ Ես չեմ կարող հենց այնպես գնալ, երբ որ այսքան երեխաներ, ծնողներ, երկրպագուներ հույս են կապում իմ հետ։ Իրենք այն, ինչ արել են, վախեցրել են ոչ թե ինձ, այլ վնաս են հասցրել ամբողջ հայկական ֆուտբոլին։ Եթե ես հասկանամ, որ ինչ որ մի բանում ես սխալ եմ, ապա բացատրեք, ես ներողություն կխնդրեմ առանց դատի, քանի որ գտնում եմ, որ ցանկացած ճշմարտություն վեճի մեջ է ծնվում», – նշեց Սողոմոնյանը։

Ըստ նրա, այսքանով Ֆեդերացիան ցույց տվեց իր մակարդակը, այս մտածելակերպը կոչվում է փոքր մարդու բարդույթ` երբ որ մարդը կյանքում ոչնչի չի հասել եւ միանգամից ստանում է բարձր պաշտոն։ «Նրան թվում է, թե ամեն ինչ իր շուրջ փոխվել է եւ բոլորը նրան պարտավոր են, բայց իրականում ոչինչ էլ չի փոխվել եւ նա սկսում է իր շուրջ փոխել բոլոր հասկացությունները։ Դրա մասին բոլորից լավ գրել է Հանս Քրիստիան Անդերսենը «Մերկ թագավոր» հեքիաթում։

Ես կգտնեմ, որ այդ ամենը իզուր չի, եթե ի վերջո հաջողվի այդ մարդկանց հեռացնել ֆուտբոլից, որովհետեւ ես վստահ եմ, որ ձուկը միշտ գլխից է փտում։ Եթե կա այդպիսի կառավարում, ապա մեր ֆուտբոլը ապագա չունի։ Ափսոսում եմ այդ երեխաներին, որոնք չեն ստանում ֆուտբոլից այն ինչ պետք է։ Հենց որ փոխվի իշխանությունը, մյուս օրը կհեռացնեն նաեւ այս մարդկանց», – ասաց «Փյունիկի սեփականատերը։

Սկզբից թվում էր, որ Գործկոմի անդամները ամեն ինչ կանեն ֆուտբոլի զարգացման համար, բայց նրանք սկսեցին կիսել մարդկանց յուրայինների եւ օտարների, ծախսել ՈՒԵՖԱ–ի փողերը, ոչ թե այդ մարզաձեւի զարգացման, այլ իրենց իշխանությունը ամրացնելու համար։ Նա վստահ է, որ ֆուտբոլի համար այսքան բան որեւէ մեկը չի արել Հայաստանում, ինչքան «Փյունիկը», բացել ենք 4 ակադեմիա, իսկ 1700 երեխայից ավել պարապում են ֆուտբոլ, երկու տարածաշրջանում պլանավորելով բացել մասնաճյուղեր։

«Անցած տարվա ընթացքում ՖԻՖԱ–ն եւ ՈՒԵՖԱ–ն տրամադրել են Հայաստանին 18,5 միլիոն դոլար /7 միլիարդ 35 մլն. դրամ/, որոնք մինչեւ վերջին լումա ծախսված են։ Դա քիչ է Ֆեդերացիան վերցնում է պետական բյուջեից լրացուցիչ 5 մլրդ. դրամ։ Եթե այն փողերը ոչ մի արդյունավետություն չեն բերել, ի՞նչ իմաստ ունի նոր փողեր վերցնել պետությունից։ Իրենց կառուցած ֆուտբոլային դաշտերը անորակ են։ Օրինակ` Վայքում կառուցած դաշտում խաղալուց հետո մեր ֆուտբոլիստները վնասվածքներ ստացան», – պատմեց նա։

Սլավա Սարգսյանի կարծիքով` ֆուտբոլային հարցերը պետք է ընթանան ֆուտբոլային շրջանակներում, այլ ոչ թե այլ ատյաններում։ «Ես ամբողջ կյանքում մեր երկրում եղել եմ ֆուտբոլում եւ այդպիսի բան չեմ տեսել, եւ համաշխարհային ֆուտբոլում էլ չեմ տեսել։ Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ դատական գործընթացով կարելի է ինչ–որ հարցեր լուծել, որոնք օգտակար կարող են լինել հայկական ֆուտբոլի համար։ Իմ կարծիքով, դա բավականին սխալ քայլ է», – նշեց նա։

Գոռ Գրիգորյանի կարծիքով «Փյունիկի» նկատմամբ դատական գործընթացը ` դա անհեթեթություն է եւ ուղեղի մեջ չի տեղավորվում այդ ամեն ինչը։ Դեռ ոչ մեկ մեր 30 տարվա պատմության մեջ պատասխան չի տվել իր արածի համար, այդ պատճառով էլ այսպես է մեր եւ երկրի, եւ մեր ֆուտբոլի վիճակը։

Տիգրան Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930