Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի միակողմանի որոշումը իսկապես հակասում է կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին։ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին Եվրախորհրդարանի լսումներում նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը՝ նշելով, որ այդ տարածքը դուրս է մնում ԵՄ առաքելության պատասխանատվության գոտուց:
«Բայց մենք այս պահին փորձում ենք ինչ-որ լուծում գտնել կոնկրետ այս հարցին. մի՛ ասեք, որ ոչինչ չենք անում։ Ընդամենը մի քանի օր առաջ կարևոր հանդիպում է եղել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Մոլդովայում ԵՄ խորհրդի նախագահի հետ։ Հուլիսին Բրյուսելում ևս մեկ հանդիպում կլինի։ Այլ կերպ ասած՝ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք անել դիվանագիտական ճակատում»,- ասել է Բորելը։
Անդրադառնալով Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղադրված անցակետին՝ Բորելն ասել է, որ բոլոր ճնշումները գործադրվել են Միավորված ազգերի կազմակերպության խողովակով, որպեսզի շրջափակում չլինի, և մարդիկ ու ապրանքները կարողանան մուտք գործել Լեռնային Ղարաբաղ և դուրս գալ այնտեղից:
«ԵՄ առաքելությունը չի կարող վերջ դնել այս անցակետին։ Մենք պարզապես հնարավորություն չունենք: Դա զինված առաքելություն չէ: Առաքելությունը խաղաղ գործընթացի մի մասն է, բայց այն չի փոխարինում դրան։ Միակ լուծումը լինելու է դիվանագիտական: Իսկ եթե լուծում լինի, դա կլինի այն բանակցությունների շրջանակում, որոնք այժմ ընթանում են»,- հայտարարել է հանձնակատարը։
Կարդացեք նաև
Նա նաև ասել է, որ առաջընթաց կա՝ նշելով, որ կողմերը պատրաստ են շարունակել բանակցությունները, և որոշակի հույս կա, որ խնդրին ընդհանուր առմամբ լուծում կգտնվի։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ