Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հեքեքյան․ «Հիմա մենք ստիպված ենք մեր չեղած գումարներով փաստաբան վարձել, որպեսզի կարողանանք պետության շահը պաշտպանել պետության շահը պաշտպանելու կոչված կառույցներից»

Հունիս 13,2023 20:55

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր կայացած Արամի 23 հասցեում հուշարձան շենքի քանդման կապակցությամբ 2018 թվականին հարուցված քրեական գործով առանցքային մեղադրյալ Գեւորգ Մաչանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ բողոքի քննության նիստում նախագահող դատավոր Դավիթ Բալայանը արտահայտվելու հնարավորություն ընձեռեց տուժող կողմ հանդիսացող «Հայ փոքրիկ երգիչներ  միջազգային ընկերակցության նախագահ եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանին։

«Պիտի խոսեմ հուզական, որովհետեւ դա իմ մասնագիտությունն է։ Դահլիճում նստած են իմ նախկին սաները, որովհետեւ փոքրիկներին չի թույլատրվում դատարան գալ։ Նրանց համար էլ սա ուսանելի է։ Մենք գործ ունենք քաղաքաշինության հետ։ Իսկ քաղաքաշինությունն ամբողջ աշխարհում ագրեսիվ ուզում է տարածքներ ազատել, որպեսզի շինություններ կառուցի։ Սա հասկանալով բոլոր պետությունները, այդ թվում Հայաստանը, ստեղծում են մի այլ կառույցից, որը կոչվում է պատմական հուշարձանների պահպանության վարչություն, կոմիտե եւ այլն, որոնք պիտի պաշտպանեն պատմական հուշարձանները ագրեսիվ քաղաքաշինությունից՝ նորմալ հավասարակշռության բերելու համար։

Իտալիայի նման երկրում տասնյակ այդպիսի կառույցներ կան՝ լրիվ անկախ եւ միայն դատարանին են պատասխան տալիս։ Նույնիսկ ոչ վարչապետին։ Դրա համար մարդիկ տուրիստական ուղեգրեր վերցնում եւ Իտալիա են գնում, այլ ոչ թե Հայաստան, որտեղ պատմական հուշարձանները 17-րդ դարից այս կողմ համարյա չեն մնացել։

Հիմա մենք հայտնվել ենք այն վիճակում, որ մեզ տրամադրված շենքը, որը պատմական հուշարձան էր, մասամբ փլուզվել է եւ ԱԻՆ-ը մեզ թույլ չի տալիս մտնել այնտեղ։ Ու արդեն հինգերորդ տարին քոչվորի կարգավիճակով տարբեր դպրոցներում, ուսումնական հաստատություններում փորձ ենք անում, աշխատում ենք։ Գրասենյակ ունենք, որի տեղը ոչ ոք չգիտի, որովհետեւ այդպիսի տեղում գրասենյակ չի գործում։

1995-ին շենքը տրվել է մեզ, 2002-ին իշխանությունների կողմից շենքը մեզ տրվեց արդեն որպես սեփականություն, իսկ ավելի ուշ՝ նաեւ հողը։ Հողը «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայինն է։ Գործի հետ կապ չունի, բայց նախկին իշխանությունները որոշեցին, որ ինչպես ամբողջ տարածքը, այնպես էլ մեր շենքը որպես պետության գերակա շահ պիտի վերցվի եւ տրվի մեր միլիոնատիրոջը։ Դրա համար է գործում գերակա շահի մասին այդ օրենքը, որտեղ գրվում է, թե որոնք են կոչվում գերակա շահ եւ հասարակության համար կարեւոր։ Այդ 8-9 կետանոց փաստաթղթում երկու կետը մեզ է վերաբերում եւ Սրմաքեշին որպես նվեր կամ վաճառք տրված տարածքը չէր կարող լինել գերակա շահ»,-նկատեց մաեստրոն եւ ասաց․ «Հիմա մենք ստիպված ենք մեր չեղած գումարներով փաստաբան վարձել, որպեսզի կարողանանք պետության շահը պաշտպանել պետության շահը պաշտպանելու կոչված կառույցներից։ Մենք հասկացանք, որ դատախազությունը մեր կարիքն ունի, որովհետեւ ինքը չի կատարում պատշաճ պաշտպանություն՝ երկրի շահի, պատմական հուշարձանի շահի»։

Դատական նիստում իրենց ներկայությամբ «Հայաստանի փոքրիկ երգիչներին» աջակցելու էին եկել Երեւան քաղաքի կենտրոնի 33 կոչվող թաղամասի, որը հայտնի է Ֆիրդուսի փողոց անունով, բնակիչները։ «Մենք մեր աջակցությունն ենք հայտնում մաեստրոյին եւ նրա փոքրիկ երգիչներին, որոնց պատկանող սեփականության հետ կապված նույնպես շահարկելով գերակա շահ եզրույթը՝ փորձում են ոչնչացնել մշակութային արժեքը»,-ասացին նրանք Aravot.am-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930