Այսօր՝ հունիսի 13-ին, Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Սեյեդ Ալի Ֆալահին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ծառայության պետի առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանն ու հյուպատոսարանի այլ ներկայացուցիչներ:
Կողմերը քննարկել են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին, նրանց ընտանիքների հետ հեռախոսակապի ապահովմանը, հացադուլներին և առողջական խնդիրներին առնչվող հարցեր:
Հյուպատոս Սեյեդ Ալի Ֆալահին շնորհակալություն է հայտնել Սերգեյ Ատոմյանին՝ իրանցի կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից բարձրացված հարցերը պատշաճ ուշադրության արժանացնելու, օտար երկրում նրանց իրավաբանական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև արտահանձնման գործընթացները ժամանակին կազմակերպելու համար:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ստեղծելու փորձի փոխանակման հնարավորություններ, որոնք կնպաստեն երկու հարևան երկրների՝ առավել համակարգված ոլորտային աշխատանքին:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ