Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրացի ավտոներկրողները Վանաձորին շուրջ 650 մլն դրամի պարտք ունեն կուտակած

Հունիս 13,2023 20:02

Օտարերկրացի քաղաքացիները, որոնց շուրջ 90 տոկոսը Ղազախստանի հանրապետության քաղաքացիներ են, միլիոնավոր դրամների պարտքեր ունեն Վանաձոր համայնքին: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում համայնքապետարանի եկամուտների հավաքագրման, գույքի հաշվառման եւ գովազդի բաժնի պետ Արմեն Այվազյանը:

Շուրջ 650 մլն դրամի պարտքը սկսել է կուտակվել 2019թ-ից, երբ հատկապես Ռուսաստանի եւ Ղազախստանի քաղաքացիների համար Հայաստանում մեքենա մաքսազերծելը շահեկան էր համարվում: Օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաեւ Ղազախստանի, գալիս էին Վանաձոր, համատիրություններից ստանում տեղեկանք, փաստացի գրանցվում Վանաձորում, մեքենաները գրանցում ՃՈ ՀՔԲ-ում, ստանում հայկական պետհամարանիշ ու հեռանում Հայաստանից: Այդ ընթացքում մեքենաները հայտնվում էին նաեւ համայնքի բազայում:

Այվազյանի խոսքով՝ նրանք եկել են Վանաձոր, փաստացի գրանցում ձեռք բերել, պարտքեր թողել համայնքի ուսերին ու հեռացել: Թե ինչպես են մի քանի օր Վանաձորում մնացած օտարերկրացիները համատիրություններից այդքան հեշտությամբ ստացել փաստացի բնակության մասին տեղեկանք, հայտնի չէ: Փաստ է սակայն այն, որ ըստ Արմեն Այվազյանի, կան հասցեներ, որոնց վրա վրա մի դեպքում 600, մյուս դեպքում՝ 800 մարդ է գրանցված եղել: Սրա հետ կապված նաեւ քրեական գործեր են հարուցվել, դատական որոշումներ կայացվել՝ պաշտոնական կեղծիքի ու կեղծ տեղեկանքներ տալու հետ կապված: Հիմնական մեղադրյալների մեջ նաեւ համատիրությունների նախագահներ են ներգրավված եղել:

«Գույքահարկի մոտ 650 մլն դրամ պարտքը տարանջատված է եւ նշված որպես օտար երկրների քաղաքացիների պարտք, ներկայումս բանակցություններ են գնում կառավարության հետ միայն ղազախների մասով, որ այն ավտոմեքենաները, որոնք այնտեղ գրանցվում են եւ գույքահարկը վճարում են այնտեղ, այստեղ կրկնակի չհարկվեն եւ ազատվեն նույն այդ մեքենայի գույքահարկից»:

Այվազյանն ասում է՝ թեպետ ներկայումս կոնկրետ որոշում դեռ չկա, սակայն այդ նպատակով ստեղծված հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովը քննարկումների մեջ է բարձր մակարդակով. «Մենք այդ մարդկանց չենք կարողանում գտնել, քանի որ այն հասցեով, որտեղ փաստացի գրանցված են՝ չեն բնակվում, իրենք եկել են, մի քանի օր բնակվել ու գնացել, ու իրենց որեւէ կերպ գտնելը մեզ համար ֆիզիկապես հնարավոր չի լինում»:

Սրան զուգահեռ, ըստ բաժնի պետի, բավականին մեծ վճարումներ էլ են կատարվում Ղազախստանի շատ քաղաքացիների կողմից: Միայն 2022-ին ամբողջ տարին փոխադրամիջոցների գծով հավաքագրվել է 680 մլն դրամ,այսօր արդեն՝ հունիսի 1-ի դրությամբ, հավաքագրվել է շուրջ 480 մլն դրամ, սա նշանակում է, որ վճարումների տեմպերը բավականին լավ են, պլանավորում ենք վճարումները մինչեւ տարեվերջ հասցնել 900 մլն դրամի, որոնց մեջ են նաեւ օտարերկրացիների կողմից գույքահարկի գծով կատարված վճարումները»:

Գումարները բյուջե մուտք անելու կամ համայնքի հանդեպ ունեցած պարտավորությունների մասով մինչ կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի, բաժնի պետի խոսքով՝ որպես մեխանիզմ քննարկվում է նաեւ դատարան դիմելը, որը սակայն, ըստ Այվազյանի, այդքան էլ արդյունավետ չէ. «Հաջորդ մեխանիզմն այն է, որ տվյալ քաղաքացիները, եթե երբեւէ որեւէ գործարք կիրականացնեն Վանաձորի քաղաքապետարանում, կպարտավորվեն նախ վճարել գույքահարկի պարտքը, հետո նոր գործարք իրականացնել, այսքանից բացի որեւէ այլ լծակ չունենք»:

Էդվարդ Արզումանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930