Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում է։ Մեր տեղեկություններով, նա մասնակցում է Գյումրու փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի դստեր կնունքի քեֆին։ Հիշեցնենք, որ երիտասարդ փոխքաղաքապետը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռն է։
Ինչպես երևում է համացանցում հայտնված որոշ տեսանյութերից, միջոցառումը սկսվում է ՀՀ օրհներգով։
Բեմի ետնամասում մեծ էկրանին երևում է ՀՀ եռագույնը, հնչում են նաև հայրենասիրական երգեր։
Միջոցառումն անցկացվում է 50-ամյակի կամրջի հարևանությամբ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտակայքում գտնվող «Իգիթ» ռեստորանում։
Կարդացեք նաև
Գյումրեցիները վարչապետի այցի մասին տեղեկացել են քիչ առաջ, այն պահից, երբ ոստիկանները ռեստորան տանող կենտրոնական ճանապարհը կարճ ժամանակով փակել են` ասելով` վարչապետն է այստեղ, սպասեք կամ փոխեք ձեր ճանապարհը։
Այս պահին էլ քեֆ-ուրախությունը շարունակվում է։ Հիշեցնենք, որ արդեն երկրորդ ամիսն է` մարզի պաշտոնյաները լարված սպասում են Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը` Գյումրու 1-ին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի օգնական Նարեկ Բեգզադյանի ֆեյսբուքյան էջից: