Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկար չարչարանքից հետո, երբ ավարտեցի իմ առաջին գործը, հասկացա, թե ինչ նկատի ուներ դա Վինչին. ես մատներով հպվեցի հավերժությանը. Քրիստինե Պողոսյան

Հունիս 13,2023 18:48

Լեոնարդո դա Վինչին մի առիթով իր նոթատետրում գրառում է արել. «Կտավը կարող է շատ երկար ապրել, բրոնզը` հարատեւ է, իսկ էմալը` հավերժ»: Հինգ տարի առաջ երկար չարչարանքից, տանջանքից, պայթած էմալներից, այրված մատներից հետո, երբ ավարտեցի իմ առաջին գործը, հասկացա, թե ինչ նկատի ուներ դա Վինչին. ես մատներով հպվեցի հավերժությանը: Կանցնեն հարյուրավոր տարիներ, եւ աշխարհի ցանկացած վայրում, որտեղ էլ որ լինեն այս նկարները, մարդիկ կտեսնեն այս նույն գույները, կունենան նույն ապրումները, ինչ ես եմ տեսել եւ ունեցել. ասել է ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը «Էմալե հավերժություն» խորագրով ցուցահանդեսի բացման ժամանակ:

«Քրիստինե Պողոսյանը միակն է Հայաստանում եւ այն քչերից մեկն աշխարհում, որն աշխատում է շուրջ 3000 տարվա պատմություն ունեցող տեխնիկայով»,- շնորհավորելով պատգամավորին` նշել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

«Ժամանակն անզոր է էմալի նկատմամբ. նրան չեն կարող վնասել ո՛չ ջուրը, ո՛չ հողը, ո՛չ քամին, բացառությամբ` կրակի: Երեւի դա օրինաչափություն է, որովհետեւ այն, ինչ ծնվում է կրակում, կարող է անմահանալ միայն կրակի մեջ»,- նշում է Քրիստինե Պողոսյանը:

Էմալի` արծնապակում արհեստն ավելի քան 3000 տարվա պատմություն ունի եւ համարվում է հավերժական արվեստ, քանի որ արծնապակուց ստացված զարդերը, պատկերները, նկարները չեն կորցնում իրենց տեսքը եւ չեն ենթարկվում ոչ մի տեսակ կոռոզիայի:

«999 հարգի պղնձի թիթեղը մշակվում է, դրա վրա 999 հարգի ոսկու շերտ է ամրացվում, արծաթի 999 հարգի 0,2 մմ հաստությամբ լարերով հավաքվում է պատկերը: Արդեն պատրաստի պատկերն արծնապակու փոշով լցվում է եւ թրծվում 800 աստիճանում, մուֆելային վառարանում: Այդ գործընթացը կրկնվում է 8-13 անգամ, մինչեւ ստացվում է անհրաժեշտ գույնն ու պատկերը: Վերջին փուլում ալմաստի քարով հղկվում է եւ մշակվում` ստանալու համար ապակու փայլ»,- մանրամասն բացատրել է ստեղծագործող պատգամավորը:

Դժվար է բաժանվում իր գործերից, բայց եւ նվիրում է: Աշխատանքներ է ընծայել Հորդանանի թագավորին, ԱՄԷ թագաժառանգ, Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկե Ռաֆայել Պետրոս ԻԱ հայրապետին, աշխատանքներ ունի ցուցադրված Զմմառի Տիրամոր տաճարում:

«Տեսակով ռոմանտիկ եմ, հույս ունեմ, որ հարյուրամյակներ անց քաղաքակրթությունը չի վերանա պատերազմներից: Հույս ունեմ, որ սերունդները հարյուրամյակներ անց, տեսնելով այս նկարները, կհասկանան, որ խելահեղ, անկայուն թվային 21-րդ դարում Հայաստան աշխարհում կար մի ռոմանտիկ ու երազող մարդ, որ այնքան էր սիրահարված արվեստին, որ ցանկացել է հավերժությանը փոխանցել դարաշրջանի գեղեցկությունը: Թող դարաշրջանը չհիշվի համաշխարհային պատերազմներով, թող պատմության մեջ մնան ոչ թե տնտեսական, քաղաքական ու պատերազմների աննորմալ ելեւէջները, այլ հաջորդող սերունդները տեսնեն, որ մենք արվեստ ենք ունեցել եւ սիրել ենք իմացել»,- ասել է Քրիստինե Պողոսյանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930