Հունիսի 10-ին, Մյասնիկյան պողոտա 20 հասցեում գործող «Վարդա մյուզիք հոլում» տեղի ունեցած վիճաբանության ու ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը՝ հասարակության նկատմամբ անհարգալից, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսեւորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով՝):
Հիշեցնենք, որ ավելի վաղ shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Երևանում: Կայքի տեղեկություններով՝ հունիսի 10-ին, 02:30-ի սահմաններում Երևանի բնակիչներ 29-ամյա Էդուարդ Մելիքյանը, 37-ամյա Տիգրան Սողոմոնյանը, Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Թորգոմ Դարչինյանը, Երևանի բնակիչներ 28-ամյա Վոլոդյա Մուդիրյանը, ՀՀ Արդարադատության նախարարության քրեկատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հաշվառված Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Վարդանյանը, ՀՀ Արդարադատության նախարարության քրեկատարողական ծառայության «Արմավիր» քրեկատարողական հիմնարկում հաշվառված Սերժ Վարդանյանը (վերջիններս հարազատ եղբայրներ են և հանրության ավելի շատ հայտնի քրեական պատմություններով հայտնի «Ճըվճըվ Արոյի» որդիներն են), բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խախտել են հասարակական կարգը, միմյանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, վիճաբանել են միմյանց հետ, ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև սեղանի վրա գտնվող առարկաներով փոխադարձ հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: 2 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ իրականացվում է քննություն, այս պահին արգելանքի տակ գտնվող անձ չկա, քրեական հետապնդում դեռևս որևէ անձի նկատմամբ չի հարուցվել։ Կոմիտեի տվյալներով՝ մեկ անձ է վնասվածքներով տեղափոխվել բուժհաստատություն, դրա հետ կապված նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի հանգամանքները պարզելու, մասնակից անձանց արարքներին իրավական գնահատական տալու համար իրականացվում են համապատասխան քննչական և վարութային գործողություններ։
Մեր տեղեկություններով ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հաշվառված Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Վարդանյանը, ՀՀ Արդարադատության նախարարության քրեկատարողական ծառայության «Արմավիր» քրեկատարողական հիմնարկում հաշվառված Սերժ Վարդանյանը (վերջիններս քրեական պատմություններով հայտնի «Ճըվճըվ Արոյի» որդիներն են), նշված ծեծկռտուքին չեն մասնակցել, ինչպես ավելի վաղ ներկայացվել էր որոշ լրատվամիջոցներում: Սերժ Վարդանյանի պաշտպան Վահե Դանիելյանն էլ մեզ հետ զրույցում չկարողացավ տեղեկություն հայտնել Վարդանյանի հնարավոր մասնակցության մասին, ասաց՝ հետը կապ չունի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ