Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը արդար ու թափանցիկ քննություն է պահանջում

Հունիս 13,2023 19:20

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, կայացավ Արամի 23 հուշարձան շենքի քանդման կապակցությամբ դեռեւս 2018 թվականին հարուցված քրեական գործով առանցքային մեղադրյալ Գեւորգ Մաչանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի բողոքի քննությունը:

Թեեւ նիստին մեղադրող դատախազը եւ մեղադրյալը չէին ներկայացել, բողոքող կողմը ներկայացրեց իր դիրքորոշումը, որից հետո նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 21-ին, ժամը 14։30-ին։

Նիստի ավարտին «Հայ փոքրիկ երգիչներ» կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Մանուկյանը Aravot.am-ին ասաց. «Հայ փոքրիկ երգիչներ» կազմակերպությանը պատկանող հուշարձան շենքի 2018 թվականի փլուզման հետ կապված հարուցվել էր քրեական գործ, որը տարիներ շարունակ քննվել է, մեր կարծիքով, բավական մակերեսային, կողմնակալ, ոչ օբյեկտիվ: Եվ արդյունքում այն անձը, որը մեր գնահատմամբ՝ թիվ մեկ մեղավորն է, խոսքը կառուցապատող «Օլդ սիթի» ընկերության եւ «ԱրմՍվիսս բանկի» տնօրեն եւ շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի հետ փոխկապակցված անձ Գեւորգ Մաչանյանի մասին է։ Մեր խորին համոզմամբ, շենքի վնասման հիմնական մեղավորներից մեկը նա է, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դատախազությունը դադարեցրեց 2023 թվականի ապրիլին՝ հսկող դատախազի որոշմամբ։

Զարմանալի հանգամանքներից մեկն այն է, որ 2022 թվականի մայիսի 30-ին Վարդան Սրմաքեշը ներգրավվել էր որպես մեղադրյալ, դրանից հետո կատարվել էր քննություն եւ մեր խորին համոզմամբ՝ մեղադրանքը հիմնավորվել էր, որովհետեւ չէր հերքվել։ Ու այս պայմաններում անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ Այլ կերպ ասած, քրեական վարույթով չէր փոխվել որեւէ էական հանգամանք հօգուտ Մաչանյանի, որը թույլ կտար քրեական հետապնդումը դադարեցնել։ Մենք կարծում ենք, որ քրեական հետապնդումը դադարեցվեց պատվերով՝ ակնհայտ անհիմն, անօրինական կերպով։ Բողոքարկել էինք վերադաս դատախազին եւ, բնականաբար, մեր բողոքը մերժվել է։

Քանի որ մենք չենք վստահում քննչական մարմնին եւ դատախազությանը ու համարում ենք, որ համակարգային կողմնակալ մոտեցում կա, դրանից հետո բողոք ենք ներկայացրել դատարան։

Ավելի արդյունավետ աշխատանքի համար այսօր մենք ներկայացրինք մեր դիրքորոշումը եւ մենք խնդրեցինք, որ հաջորդ նիստին դատախազն էլ կրկին ծանուցվի, Գեւորգ Մաչանյանն էլ ծանուցվի։ Այսինքն, մենք կողմնակից ենք արդար ու թափանցիկ քննության, քանի որ վստահ ենք, որ իրավացի ենք եւ իրավական եւ բարոյական առումներով»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930