Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ունեցած տեղեկություններով՝ Հայաստանի իշխանություն կոչվածը բանակցում է առանց որեւէ երաշխիքի Արցախի բնակչությանն Ադրբեջանի կազմում թողնելու հարցը»․ Հայկ Մամիջանյան

Հունիս 13,2023 18:24

«Մեկը կար, որ 5 տարի առաջ Հանրապետության հրապարակից խոստանում էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ լուծման պարագայում կարծիք է հարցնելու հենց նույն հրապարակից։ Բայց անցան տարիներ, եւ զարմանալիորեն, հեչ իրեն նման չէ, Նիկոլ Փաշինյանը ստեց»,- ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ ՀՀԿ փոխնախագահը հրապարակեց բանակցային գործընթացի սկզբունքները։ «Երեւի ՔՊ-ում էլ պաշտոնյա չմնաց, որ չփորձի հերքել, իրականում իմանալով, որ դա ճշմարտություն է։ Հետագայում պարզվեց՝ դա ճշմարտություն է։ Դրանից հետո ես հրապարակեցի միջազգային իմ աղբյուրներից ստացված տեղեկությունները, որ իրապես սեղանին բանակցվող տարբերակը ենթադրում է Ղարաբաղի հայտնվելը Ադրբեջանի կազմում։ Այդ ժամանակ արդեն հերքել էլ չէին փորձում, որովհետեւ ակնհայտ էր։ Երբ խոսվում էր Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մասին, մենք անդադար պնդում էինք, որ այդ բանակցությունները լինելու են ադրբեջանական պահանջով, այլ ոչ թե հորիզոնական տիրույթում։ Նորից հերքումներ էին փորձում անել, իրականությունը տեսնում ենք հենց հիմա։ Եվ մեկ տեղեկություն, որը, ցավոք սրտի, իրականություն է։ Իմ ունեցած տեղեկություններով՝ այս պահին Հայաստանի իշխանությունները կոչվածը բանակցում է առանց որեւէ երաշխիքի Արցախի բնակչությանն Ադրբեջանի կազմում թողնելու հարցը։ Չնայած՝ ըստ ադրբեջանական կողմի՝ լավագույն երաշխիքը լինելու է Ադրբեջանի Սահմանադրությունը։ Հասկանո՞ւմ եք՝ մենք ինքնորոշման իրավունքից ուր ենք հասել։ Հայերի իրավունքները պիտի երաշխավորի Ադրբեջանի Սահմանադրությունը»,- ասաց Մամիջանյանը։

Նա անդրադարձավ հարցին, թե ի՞նչ պետք է անել։ «Այս պահին ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն ստորագրությամբ հայտնելու իրենց անհամաձայնությունը իշխանությունների գործողություններին։ Իսկ շատ մոտ ապագայում, երբ պայքարի ղողանջը զրնգա, փողոցում ցույց տալու, թե ով է մեր երկրի տերը։ Բոլոր նրանք, ովքեր փորձում են ստելով, խաբելով՝ մեր քաղաքացիներին ասել, որ այս իբր բանակցությունների, իսկ իրականում Ադրբեջանի ուլտիմատումների կատարման այլընտրանքը պատերազմն է, ստում են, չհավատաք։ Այս այսպես կոչված բանակցային գործընթացի այլընտրանքն այնպիսի բանակցային գործընթացն է, որտեղ միջազգային միջնորդների ներգործությամբ հնարավորություն կլինի հայկական շահի պահպանության»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930