Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով ռուսական լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկություններին, ըստ որոնց` հայկական բանկերը սկսել են արգելափակել համակարգչային տեխնիկայի, միկրոչիպերի համար վճարումները ՌԴ իրավաբանական անձանցից, ասաց՝ հնարավոր է, որոշ դեպքեր կապված լինեն պատժամիջոցների հետ։
Գալստյանի խոսքով՝ ԿԲ-ն առեւտրային բանկերին չի ուղղորդում որեւէ գործողության, եւ ըստ կանոնակարգերի, ԿԲ-ն ուղղորդում է առեւտրային բանկերին, որպեսզի նրանք աշխատեն միջազգայնորեն ընդունված լավագույն փորձի շրջանակներում՝ ճանաչեն իրենց հաճախորդներին, ճիշտ կարողանան գնահատել ռիսկի ախորժակը եւ այլն։
«Անցած տարի հակառակ խոսույթը կար, թե հայկական բանկերը գերակտիվ են հաճախորդներ ներգրավելու հարցում, եւ արդյոք դա չի հանգեցնի էական ռիսկերի։ Այդ ժամանակ էլ մենք ասում էինք՝ իրենք են կառավարում իրենց ռիսկերը։ Գործողություններ, որոնք ուղղված են ռիսկերի կառավարմանը, կարող են հանգեցնել որոշակի կոնտրագետների հետ հարաբերությունների խզմանը, որոշակի կոնտրագենտների հետ հարաբերությունները կարող են վերածվել նրան, որ որոշակի փոխանցումներ կարող են չանել։ Դա կարող է լինել պայմանավորված ոչ միայն հայկական բանկերի ինքնուրույն որոշմամբ, այլ նաեւ այն թղթակից բանկերի որոշմամբ, որոնց հետ իրենք աշխատում են։ Օրինակ՝ փոխանցումը գնում է արտասահմանյան բանկի միջոցով, արտասահմանյան բանկի կողմից կա պահանջ, որը պիտի հայկական բանկը կատարի։ Արդյունքում որոշակի գործընկերային հարաբերություններ հաճախորդների հետ կարող են խզվել, փոխվել՝ մեծանալ կամ փոքրանալ՝ կախված իրադարձությունների զարգացումներից»,-ասաց ԿԲ նախագահը։
Նա նաեւ հավելեց, որ դեպքեր կարող են լինել, որոնք հնարավոր է կապված լինեն պատժամիջոցների հետ։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ