Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ՀՀ իշխանությունների մեծ նվերն էր ադրբեջանցիներին՝ լեգիտիմացնելու Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիան եւ ադրբեջանական անօրինական անցակետը»․ Տիգրան Աբրահամյան

Հունիս 13,2023 18:08

«Արդեն 6 ամիս է՝ Արցախը շրջափակման մեջ է։ Հայաստանյան իշխանությունը սկզբում փորձում էր հասարակությանը, արցախցիներին համոզել, որ ջանքեր է գործադրում Արցախի ապաշրջափակման ուղղությամբ, սակայն իշխանության հայտարարությունը՝ Արցախը հանձնելու մտադրության վերաբերյալ, փորձ էր Հայաստանի եւ Արցախի պայքարը թաղելու, արցախցիների ճակատագրի նկատմամբ խաչ քաշելու եւ Արցախի վրա քար նետելու», – ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ դա իշխանությունների մեծ նվերն էր ադրբեջանցիներին՝ լեգիտիմացնելու մինչեւ այս պահը Հայաստանի ու Արցախի նկատմամբ իրականացրած ագրեսիան, ինչպես նաեւ Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու հարցը։ «Բարդ է դիպուկ ու ճշգրիտ բառերով բնութագրել այն անձանց հոգեվիճակը, պահվածքն ու որոշումները, ովքեր հանգիստ տոնով, առանց ամոթի զգացումի խոսում են մեր հայրենիքի տարբեր հատվածների հանձնման ու դրա անհրաժեշտության մասին։ Ոչ պակաս գարշելի ու ստորաքարշ են նրանք, ովքեր իրար հրելով՝ իրենց նետում են՝ պաշտպանելու այդ դիրքորոշումը։ Արցախի հարցով վերջին կուլիսային որոշումը, որը հետեւանք էր Հայաստանի իշխանությունների՝ Արցախի հարցով հնչեցրած դիրքորոշման ու Արցախի եւ ՀՀ իշխանությունների պայմանավորվածության, Հայաստանից Արցախ ու հակառակ ուղղությամբ շարժերն են, որոնք իրականացվում են ադրբեջանական անցագրային ռեժիմով։ Այսօր հայ մարդուն Հայաստանից Արցախ ու հակառակ ուղղությամբ ստիպում են շարժվել ադրբեջանական խաղի կանոններով, որտեղ նրանց ստուգում է ադրբեջանական սահմանապահը եւ թույլատրում կամ չթույլատրում իր ճանապարհը շարունակել»,- ասաց նա։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ոչ պակաս անընդունելի է, երբ չակերտավոր հայերը, կուլ գնալով ադրբեջանական շանտաժին եւ երկիրը պարտության հասցնելով, փորձում են ջարդել պայքարի վերջին փշրանքները։ «Հակահայի այս տեսակի նպատակը ոչ թե թշնամիների դեմ դիմակայության օջախ ձեւավորելն է, պայքարելը, հայի գոյությունը պաշտպանելը, այլ նույն հային համոզելը, որ ճիշտը հանձնվելն է, կոտրվելն է, փախչելն է, արտագաղթելը կամ հանուն ոչնչի պարզապես մեռնելը։ Ի հեճուկս հայաստանյան իշխանության եւ նրանց արբանյակ խմբակների՝ Արցախում ծանր իրավիճակում հայտնված մարդիկ փորձում են օգտագործել դիմադրության հնարավոր միջոցները, սահմանափակ ռեսուրսների պայմաններում պատրաստվել Ադրբեջանի առաջադրած նորանոր փորձություններին եւ ագրեսիային։ Արցախցին չի պարտվել եւ չի պարտվելու, սրանք միայն ժամանակավոր դժվարություններ են, որոնք հաղթահարելու հնարավորություն դեռեւս ունենք»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930