Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապշեցինք՝ տեսնելով, թե ինչպես է իշխանական պատգամավորը սեռական բնույթի հայհոյանքներ կիրառում կամ ԱԺ նախագահը քաղաքացու դեմքին թքում եւ շարունակում պաշտոնավարել»

Հունիս 13,2023 17:52

«Այլեւս անհանդուրժելի են այս իշխանությունների մասնակցությամբ քաղաքացիների հանդեպ բռնության տարբեր դրսեւորումները», – ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Վերջին շրջանում ապշեցինք՝ տեսնելով, թե ինչպես է իշխանական պատգամավորը սոցիալական ցանցերում կանանց հետ նամակագրության մեջ սեռական բնույթի հայհոյանքներ կիրառում կամ թե ինչպես է ԱԺ նախագահը քաղաքացու դեմքին թքում եւ շարունակում պաշտոնավարել։ Տրամաբանական էր, որ այսպիսի դրսեւորումների շղթան չէր ավարտվելու, քանի դեռ թվարկածս դեպքերն իրավական գնահատականի չեն արժանացել։

Անպատժելիության մթնոլորտի հետեւանք էր նաեւ Դիլիջան քաղաքի քրեականի պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու սարսափելի դեպքը։

Սրան հաջորդեց ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի կողմից առողջական խնդիրներ ունեցող երիտասարդին ծեծելու ու աչքին գազ փչելու դեպքը։ Ի դեպ, սույն անձը նախկինում արված տեսանյութում նաեւ խոստովանում է, թե ինչպես է լկտիաբար խոսել 7-ամյա արցախցի երեխայի հետ, նրան մեքենայից իջեցրել, սպառնացել նրա ընտանիքին։

Այս դեպքերը չմարսած՝ լսեցինք Գյումրու քաղաքապետարանում քաղաքացու հանդեպ կիրառված բռնության դեպքի մասին, որի ընթացքում աշխատակիցը ասել էր՝ մենք իշխող կուսակցությունից ենք, չգիտե՞ս, որ օրենքը մենք ենք թելադրում։ Պարզվում է, այս ամենից ոգեշնչվել են նաեւ որոշ ոստիկաններ»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ օրերս ոստիկանական բաժանմունքում բռնության է ենթարկվել փաստաբան Կարեն Ալավերդյանը։

Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ բռնություն կիրառած ոստիկանը պետք է խստորեն պատժվի՝ բացառելու համար փաստաբանական համայնքի որեւէ ներկայացուցչի հանդեպ նման հանցավոր վարքագիծը։

«Վախի մթնոլորտը, քաղաքական ճնշումներն օրեցօր թափ են ստանում, մինչեւ ո՞ւր կարող է հասնել երկրում տիրող «բեսպրեդելը»։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից խոսողները բռնության հանդեպ այսպիսի հակումներ ունեն։ Քաղաքացիների վրա թքելը, ծեծի ենթարկելը ձեր դավանած ժողովրդավարությո՞ւնն է։ Ասում եք՝ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, բայց հինգ տարի է՝ վրեժ եք լուծում նույն քաղաքացիներից»,- հավելեց Դանիելյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930