Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում մարդիկ շենգեն վիզա ստանալու լուրջ դժվարությունների առաջ են կանգնած. զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ

Հունիս 13,2023 17:44

Հայաստանում շենգեն վիզա ստանալու լուրջ դժվարությունների առաջ են կանգնած, քանի որ հնարավոր չէ դեսպանատներում վիզայի համար օր ամրագրել։ Այս մասին այսօր ասաց «Ամիստադ» զբոսաշրջային ընկերության հիմնադիր, տնօրեն Արմինե Ադամյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում:

Նրա խոսքով, Հունաստանի ու Իսպանիայի դեպքում չարթերային չվերթների շնորհիվ մարդիկ կարողանում են օր ամրագրել վիզայի համար, իսկ ահա Ֆրանսիայի և Իտալիայի դեպքում գրեթե անհնարին է դարձել: Եվրոպական որոշ երկրների այցելությունների համար օր ամրագրելու անհնարինությունը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում զբոսաշրջային ընկերությունների, Հայաստանում տարբեր ավիաընկերությունների պաշտոնական ներկայացուցիչների համար։ Վերջին շրջանում նկատվում է եվրոպական տարբեր քաղաքներից դեպի Երևան ուղիղ չվերթների մեկնարկ, վերաբացում, բայց այս գործընթացը ռիսկի տակ է հայտնվում շենգեն վիզայի չլուծվող խնդրի պատճառով։

«Մեզ, որպես «AirBaltic» ավիաընկերության ներկայացուցիչ, զանգահարում են տուրիստական ընկերություններից ու ասում են, որ մերձբալթյան երկրներ մեկնել ցանկացողներ կան, սակայն դեսպանատներում հնարավոր չէ օր ամրագրել։ Իհարկե, վիզան կտան, թե չեն տա, դա արդեն դեսպանատունը կորոշի, սակայն այսօր նույնիսկ օր հնարավոր չէ ամրագրել, որ մարդիկ կարողանան իրենց փաստաթղթերը տրամադրել։ Ստացվում է, որ ուղիղ չվերթը գործում է կամ այն մեր քաղաքացիների համար, որոնք վիզա ունեն, կամ մերձբալթյան երկրներից Հայաստան եկող զբոսաշրջիկների համար։ Իհարկե, դա բավարար չէ թռիչքը պահելու համար»,-ասաց Արմինե Ադամյանը։

«Ավարայր» զբոսաշրջային ընկերության հիմնադիր, տնօրեն Արկադի Սահակյանը ևս փաստեց Շենգեն վիզայի համար օր ամրագրելու բարդությունների մասին:

«Տուրիստական կազմակերպությունները պատրաստվում են սեպտեմբերին մեկնել Եվրոպա՝ մասնակցելու զբոսաշրջային ցուցահանդեսներին։ Դեսպանատանն օր հնարավոր է ամրագրել միայն նոյեմբերին։ Պատկերացնո՞ւմ եք, ցուցահանդեսը սեպտեմբերին է, իսկ օրը տրամադրվում է նոյեմբերին։ Այս անհասկանալի իրավիճակը նաև միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին ներկայանալու գործընթացին է հարվածում»,-ասաց Արկադի Սահակյանը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930