Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշմանդամության կարգերի համատարած փոփոխությունները ոչ միայն խնդրահարույց են, այլ բացակայում է հոգեբանական կոմպոնենտը»․ Անդրանիկ Քոչարյան

Հունիս 13,2023 17:32

Պատերազմի ժամանակ վիրավորում եւ հաշմանդամություն ստացած անձինք ու նրանց ընտանիքի անդամները դժգոհում են հաշմանդամության կարգերի տրամադրման գործընթացից։ Այս մասին ԱԺ  հայտարարությունների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Մեր հանձնաժողովը պարբերաբար բազմաթիվ մտահոգիչ զանգեր եւ գրություններ է ստանում հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում եւ հաշմանդամություն ստացած զինծառայողներից եւ նրանց ընտանիքներից։ Հատկապես վերջին շրջանում կարելի է ենթադրել, որ հաշմանդամության կարգերի համատարած փոփոխությունները հիմնականում ոչ միայն խնդրահարույց են, այլ այդ որոշումներում բացակայում է հոգեբանական կոմպոնենտը։ Բացի օրենքով ամրագրված նորմատիվ կարգավորումներից, գոյություն ունի նաեւ պատերազմ անցած մարդու ճակատագիր։ Եվ այդ ուղին անցած մարդկանց հոգեկան բավարարվածությունը, կյանքի որակի բարելավումը որոշակիորեն կախված է նաեւ այն հանձնաժողովների որոշումներից եւ սրտացավ աշխատանքից, որոնց հետ նրանք որեւէ կերպ առնչվում են։ Բոլոր պատկան մարմինների, առհասարակ հասարակության ողջ ուշադրությունը հրավիրում եմ մի շատ կարեւոր գաղափարի վրա, որը կոչվում է երախտագիտության զգացում»,- ասաց նա։

Քոչարյանը նշեց, որ երախտագիտության զգացումը բոլորի կողմից պետք է արտահայտվի ոչ միայն նրանց նկատմամբ, ովքեր հայրենիքի պաշտպանության ժամանակ տվեցին իրենց կյանքը, այլեւ նրանց նկատմամբ, ում կյանքի ընթացքը, ճակատագիրը փոխվեց այդ առաքելության ճանապարհին։ «Հոգածությունն ու հոգատարությունը բոլորիս կողմից կլինեն երախտիքի արտահայտման լավագույն դրսեւորումները բացարձակ անձնազոհություն եւ հայրենիքին նվիրվածություն ցուցաբերած մարդկանց նկատմամբ»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930