Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր և ինչպե՞ս են ներկայացնում մեր երկիրը զբոսաշրջության աճող թվերի մեջ. Ապրեսյան

Հունիս 13,2023 17:08

Մենք խնդիր ունենք կազմակերպված զբոսաշրջությանն աջակցելու, ամրապնդելու, զարգացնելու, ցավոք՝ այս թվերի մեջ չնչին տոկոս է կազմում կազմակերպված զբոսաշրջությունը, այս թվերը հիմնականում անհատական այցելությունների պատկերն են: Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահՄեխակ Ապրեսյանն՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալներին, համաձայն որոնց՝ 5 ամսվա կտրվածքով, 806 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան:

Մեխակ Ապրեսյան

«Ցավոք այս թվերի մեջ չնչին տոկոս է կազմում կազմակերպված զբոսաշրջությունը, այս թվերը հիմնականում անհատական այցելություններ են, իսկ առավել պատասխանատու և վերահսկելի զբոսաշրջությունը՝ կազմակերպված զբոսաշրջությունն է, դրա միջոցով է, որ մենք պետք է կարողանանաք նաև նպաստել մեր քաղաքականության մի շարք խնդիրների լուծմանը: Մենք ունե՞նք տվյալներ, թե որքանով ենք մենք պատշաճ ներկայացնում մեր երկիրը, մեր ժառանգությունը, որքանո՞վ է դա նպաստում մեր բարի համբավին, մեր միջազգային հեղինակության ամրապնդմանը, ովքե՞ր և ինչպե՞ս են ներկայացնում մեր երկիրն այս աճող թվերի մեջ: Սա է խնդիրը»,-ասաց Ապրեսյանը և հավելեց, որ իրենք առաջարկություններ ունեն, որոնք կնպաստեն կայուն զբոսաշրջության վերականգնմանը:

Ապրեսյանը համաձայնեց զբոսաշրջության ակտիվության բարձրացման վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարության գնահատականին, միաժամանակ ընդգծեց, որ Հայաստան այցելությունների 50 տոկոսը Ռուսաստանից է, քանի որ Հայաստանը Ռուսաստանի համար այցելությունների լավագույն այլընտրանքն է: Նա նաև նշեց, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված է այցելությունների թվի աճը, նկատեց, որ զբոսաշրջության զարգացմանը նպաստում է նաև մասնավոր հատվածը, պետական կառույցները ևս որոշակի քայլեր կատարում են: «Բայց արդյոք սրանք այն թվերն են, որոնցով մենք պետք է երջանիկ լինենք, արդյոք այն, ինչ արվում է ՝ բավարա՞ր է, արդյոք սա այն բարձրունքն է, որով կարող ենք ասել, թե մեզ մոտ վերականգնվեց զբոսաշրջությունը, այսքան այցելություններ կան, արդյոք այդ զբոսաշրջությունը բոլոր առումներով օգուտ տալիս է, թե՞ միայն թվեր են, որով մենք պետք է ուրախանանք: Այստեղ մի կարևոր հարց կա, որքանով են կայուն այս թվերը, այս ակտիվությունը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Անդրադառնալով արգելոց-թանգարանների տոմսերի գների թանկացման ուղղությամբ տուրիստական գործակալությունների դժգոհությանը՝ նա նշեց, որ նման որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ էր բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկել։

«Այստեղ խոսքը միայն գների բարձրացման մասին չէ, այլ ընդհանուր քաղաքականության բացակայության։ Մենք պետք է ունենանք ընդհանուր քաղաքականություն։ Համոզված եմ, որ տոմսերի գների բարձրացումը բարի նպատակ է հետապնդում։ Մասնավորապես, բարձրացնել ծառայությունների որակը, ունենալ անհրաժեշտ ներդրումներ և այլն։ Մենք դեմ չենք, բայց դա կարելի է անել՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ, չվնասելով մյուս գործընկերներին։ Տուրիստական ընկերությունները փաթեթները վաճառում են մեկ տարի առաջ։ Եթե ժամանակին չեն տեղեկացնում, ապա հարվածում են կազմակերպված զբոսաշրջությանը։ Տուրիստականները չեն կարող իրենց գրպանից վճարել»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Ոլորտի ներկայացուցիչներն ակնկալում են վերանայել այս հարցը։ Որպես լուծում՝ առաջարկում են գոնե այս տարի արգելոց-թանգարանների տոմսերի գները զբոսաշրջային օպերատորների համար մնան նույնը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930