«Հրանտ Մարգարյանն իմ ավագ ընկերն է, ՀՅԴ Բյուրոյի 20 տարվա ներկայացուցիչը։ Նա մեծ ավանդ ունի ՀՅԴ-ում, ՀՀ-ի և Արցախի պետականության կայացման մեջ։ Մեր մեջ որևէ տարաձայնություն չի կարող լինել։ Բոլոր նման խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում»,-ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցած ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` արձագանքելով լրագրողների այն հիշեցմանը, թե տեղեկություններ կան, թե Հրանտ Մարգարյանը դեմ է եղել այդ պաշտոնում իր թեկնածությանը։
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ծանոթ է այդ խոսակցություններին և վստահեցրեց՝ չկա նման բան և չի կարող լինել։ Նա ասաց, թե ավելին՝ խոսակցություններ է լսել, որ ՀՅԴ ժողովը թեժ է անցել և այլն ու նշեց․ «ՀՅԴ բոլոր ժողովներն անցնում են թեժ, ու հատկապես այս մեկը, քանի որ Դաշնակցությունը չի կարող հանգիստ լինել մեր երկրում ստեղծված իրավիճակով։ Ունեցել ենք բուռն քննարկումներ։ ՀՅԴ ներքին ժողովրդավարությունը թույլ է տալիս, որ Դաշնակցության անդամները բաց, անկաշկանդ քննադատեն իրենց ղեկավարությանը, բայց մենք ցանկացած ժողովից հետո դուրս ենք գալիս միասնական և լծվում մեր որոշումների իրականացման գործին»։
Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց՝ Դաշնակցության բոլոր ժողովներից առաջ նման խոսակցություններ եղել են ու հայտարարեց․ «Մենք այս իրավիճակում ներքին որևէ հարց չունենք, մեր գլխավոր խնդիրը Արցախն ու Հայաստանն է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ