Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղամարդիկ խոչընդոտում են կանանց՝ տանը, դպրոցում, ասում են՝ աղջիկ է, ինչո՞ւ կրթություն ստանա, թող երեխաներին պահի, լվացք անի»․ Հակոբ Արշակյան

Հունիս 13,2023 16:22

Ազգային ժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացրեց իր հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Լիլիթ Գալստյան

Ըստ Գալստյանի՝ նախագծի ընդունումը պայմանավորված է հանրային հեռարձակողի կառավարման մարմնում, ինչպես նաեւ կարգավորող պետական մարմնում կին թեկնածուների համար առկա խոչընդոտները նվազեցնելու անհրաժեշտությամբ։ «Մենք առաջարկում ենք օրենքում «սեռային ներկայացվածություն» ձեւակերպման փոխարեն ամրագրել «յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի 2-ից» բառերով»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

Գեղամ Նազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց․ «Օրինակ՝ 7 հոգանոց հանձնաժողովում ինչո՞ւ է 6 տղամարդ եւ ոչ թե 6 կին։ Կանանց մոտ այնպիսի տպավորություն կա, որ տղամարդիկ իրար հետ պայմանավորվում են, ասում են՝ ընենց անենք, էս կանանց հանկարծ հանձնաժողով չբերենք, Ազգային ժողով չբերենք։ Պատճառն այլ տեղ է, ոչ թե այդ քվոտաների մեջ։ Արդյոք տղամարդիկ խոչընդոտո՞ւմ են»։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը պատասխանեց․ «Այո, խոչընդոտում են։ Խոչընդոտում են տանը, դպրոցում, խոչընդոտում են ամենուր։ Տանը, օրինակ, ասում են՝ աղջիկ է, ինչո՞ւ կրթություն ստանա, աղջիկ է, գնացող է։ Ասում են՝ աղջիկ է, ինչո՞ւ աշխատի, թող տանը երեխաներին պահի, թող լվացք անի, ամանները լվանա։ Ես չեմ ասում, որ կանայք այդ աշխատանքը չանեն, ես դեմ եմ նրան, որ մենք ի սկզբանե երեխաներին բաժանում ենք ըստ կրթության, ըստ հնարավորությունների, ես դրան եմ դեմ, այդ թվում՝ դպրոցներում։ Եվ, այո, մեր հասարակությունը չի հաղթահարել այդ խնդիրը, որ հավասար հնարավորություններ տա։ Եվ այս քվոտաներով մենք փորձում ենք ինքներս մեզ ստիպել, որ այս մասին եւս մեկ անգամ մտածենք։ Մենք քննարկում էինք աբորտների թեման, նույնիսկ կյանքի իրավունքի հավասար հնարավորություն չի տրվում աղջիկներին։ Սա աղետ է, որից մենք պետք է հաղթահարենք։ Այսինքն՝ աղջիկ լինելու համար երեխայից հրաժարվում են, դուք ասում եք՝ արդյոք տղամարդիկ հավասար հնարավորություն չեն տալի՞ս։ Ոչ, չեն տալիս, նույնիսկ կյանքի հնարավորություն չեն տալիս»,- ասաց Հակոբ Արշակյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930