Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն, ինչից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ. «Հետք»

Հունիս 13,2023 16:10

«Հետք». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն, ինչից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ:

Խոսքն այն վարույթի մասին է, որը ԿԿՀ-ն հարուցել էր 2022 թ. դեկտեմբերին: Իսկ դրա պատճառն այն էր, որ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու կողմից ընտրվել է փոխքաղաքապետ, բայց դրանից հետո մնացել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է 2019-ից:

Գլխավոր դատախազությունը, ի պատասխան «Հետքի» հարցման, հայտնել է, որ ԿԿՀ-ից ստացված համապատասխան փաստաթղթերն ուղարկվել էին Հակակոռուպցիոն կոմիտե (ՀԿԿ)՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Ապրիլի 22-ին ՀԿԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը):

Քրեական օրենսգրքի վերոնշյալ դրույթը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության առեւտրային կամ այլ կազմակերպության աշխատողի, արբիտրի, աուդիտորի, պահառուի, կառավարչի կամ նոտարի կողմից օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է տուգանքով՝ հանցանք կատարած անձի ամսական եկամտի առավելագույնը 20-ապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով»:

Վերադաս դատախազի որոշման հիման վրա քրեական վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցվել է Քննչական կոմիտե, որտեղ ներկայում կատարվում է նախաքննություն: Ըստ Գլխավոր դատախազության՝ քրեական վարույթի շրջանակներում որեւէ անձի նկատմամբ դեռեւս չի հարուցվել քրեական հետապնդում:

Վահե ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930