Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ գաղտնիք է կոդավորել Խաչատուր Աբովյանն իր պոեմում»․ երիտասարդ գիտնականի բացահայտումը

Հունիս 13,2023 15:40

«Շատերն ասում էին՝ քեզ պե՞տք էր գիտնական դառնաս, գիտնականները սոված են, գիտնականները փող չունեն ու մեկ էլ՝ գժվելու ես․․․ բայց ես այսօր արդեն գիտնական եմ»,- «ԳԻՏՆԱԿԱՆԸ» հաղորդաշարի ընթացքում ասում է երիտասարդ գիտաշխատող Աստղիկ Սողոյանը՝ շարունակելով,- «Պիտի լավը լինես․ ոչ թե ուղղակի սովորես, պաշտպանես նրա համար, որ այդ «птичка» աստվածը ստանաս, այլ նվիրվես գիտությանը, ինչ-որ պահի ամեն ինչ մի կողմ դնես, սովորես ու նվիրվես, իսկ հետո քաղես այդ նվիրումի պտուղները»։

28-ամյա Աստղիկ Սողոյանը գրականագետ է, գիտաշխատող և դասախոս։ Երիտասարդ գիտնականը հեղինակ և համահեղինակ է 21 գիտական հոդվածի, որոնցից մեկը՝ միջազգային հղվող ամսագրում։ Նա նաև հեղինակ է 2 մենագրության, որոնք հայ գրականության մասին ուշագրավ բացահայտումներ են պարունակում։ Աստղիկն աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, ինչպես նաև դասախոսում է ԵՊՀ-ում։

Աստղիկը վերհիշում է, որ գիտական կոչումը պաշտպանել է 26 տարեկանում և այդ ժամանակ Հայաստանի ամենաերիտասարդ գիտնականն է եղել։

«Գիտությունն ինքնին նվիրում է, սա ոչ միայն ՀՀ-ում, այլ՝ ամբողջ աշխարհում։ Գիտնական լինելով պետք է հասկանաս, որ դու քեզ նվիրելու ես այդ մասնագիտությանը, միայն ստանալուն չպետք է նայես, պետք է նաև տալուն նայես, դու տալու ես․․․ ստանալու էլ ես, հատկապես այսօր գիտնականի վիճակն այն շատ ծանր վիճակից ավելի լավ, բարվոք է։

Այսօր գիտնականն այդ աղքատ մարդը չէ, ու ես շատ եմ ուզում մենք կոտրենք այդ կարծրատիպը։ Չէ՛, այսօր գիտնականը ոչ միայն նվիրում է, այլև՝ լավ մասնագիտություն ապրելու համար»,- մանրամասնում է երիտասարդ գիտնականը։

«ԳԻՏՆԱԿԱՆԸ» հաղորդաշարի 2-րդ մասում Աստղիկ Սողոյանը խոսել է Խաչատուր Աբովյանի շուրջ կատարած իր հսկայական ուսումնասիրության, Աբովյանի «Աղասու խաղը» ստեղծագործության մեջ կոդավորված հաղորդագրություն հայտնաբերելու, Հարրի Փոթերի մասին պատմությունների և Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի կապի, ինչպես նաև այլ հետաքրքիր դրվագների մասին։

«Խորհուրդս է նրանց, ովքեր զգում են այդ ձգտումը, անպայման շարունակել ու ոչ թե ուղղակի ստանալ այդ բ․գ․թ․-ն կամ տ․գ․թ․-ն, այլ ստանալուց բացի կատարել այդ գործը ու հաճույք ստանալ, իսկ գիտնականը կարողանում է իր գործից հաճույք ստանալ, հավատացե՛ք»,- եզրափակել է Աստղիկը։

«ԳԻՏՆԱԿԱՆԸ» հաղորդաշարը պատմում է Հայաստանի գիտության ոլորտում աշխատող երիտասարդ (և ոչ միայն) գիտնականների մասին, նրանց ձեռքբերումների, ոգեշնչման աղբյուրների և վախերի։ Հաղորդաշարը ներկայացնում է գիտնականին, թե ինչպիսին է նա և հանրության համար բացահայտում գիտնականի նոր կերպար՝ կարծրատիպերից դուրս։

Հաղորդումն իրականացվել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) Գիտության հանրայնացման և հաղորդակցման նախագծերի շրջանակներում։ Նախագծերի հեղինակը լրագրող Մարիամ Տաշչյանն է, պատրաստել է Մեդիա Ասոցիացիա ՍՊԸ, 2023թ․։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930