Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչի մասին հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, եթե դա ստորագրվի, դա խաղաղության պայմանագիր չէ, դա նոր կապիտուլյացիա է»․ Իշխան Սաղաթելյան

Հունիս 13,2023 15:26

«Այն, ինչի մասին հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, եթե դա ստորագրվի, դա խաղաղության պայմանագիր չէ, դա նոր կապիտուլյացիա է։ Եթե դա ստորագրվի, դա աղետալի հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար»,- ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցած ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այն, որ հայտարարությամբ նշում են դիմադրության ճակատ ձևավորելու մասին՝ դա կոնկրետ ե՞րբ է տեղի ունենալու, ի՞նչ քայլերով, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Այդ փաստաթղթի ստորագրումը կանխելու միակ ճանապարհը համաժողովրդական ընդվզման և դիմադրության ճակատի ձևավորումն է։ Մենք պետք է հասնենք նրան, որ այդ փաստաթուղթը չստորագրվի։ Դրա համար մենք պետք է ժողովրդի ընդվզումը կազմակերպենք, դուրս բերենք պայքարի։ Եվ մեր առաջիկա քայլերն ու գործողություններն ուղղված են դրան։ Եթե մեր երկրի ներսում չլինի դիմադրություն, օրվա իշխանությունը հասկանա, որ կարող է այդ փաստաթուղթը ստորագրել ու մարսել, իրենք ստորագրելու են։ Ակնհայտ է, որ կա հստակ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև պայմանավորվածություն, որ այս տարվա ընթացքում այդ գործընթացը հասցնեն ավարտին։ Կանխման միակ ճանապարհը համազգային ընդվզումն է»։

Հարցին՝ ե՞րբ եք նախատեսում նման ընդվզում կազմակերպել, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Մենք ունենք քայլերի և գործողությունների մեր պատկերացումները, բայց քանի որ գտնում ենք՝ սա մեկ քաղաքական ուժի կազմակերպման խնդիր չէ, մեր բոլոր գաղափարները քննարկելու ենք ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերի հետ և դուրս գանք պայքարի։ Կոնկրետ օր, ժամ, տեղ չեմ կարող ասել, բայց որ ամբողջ ուժերով և ծավալով լծվելու ենք այս գործին, այդ մասին հստակ հայտարարել ենք»։

Հարցին՝ ժողովրդին մոբիլիզացնելը հնարավոր համարո՞ւմ եք, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Իհարկե, հնարավոր ենք համարում։ Գտնում ենք, որ հայ մարդը չի կարող համակերպվել այս իրավիճակի հետ։ Յուրաքանչյուր հայ պետք է տեր կանգնի իր հայրենիքին, մշակույթին, ինքնությանը։ Մեր հիմնական անհաջողությունների պատճառը եղել է այն, որ մենք չենք կարողացել մեր ժողովրդի լայն զանգվածներին բացատրել այդ սպառնալիքները և դուրս բերել պայքարի»։

Իշխան Սաղաթելյանը ահազանգեց՝ ՀՀ իշխանությունը առաջարկում է հանձնվել հանուն փրկության ու ասաց․ «Մենք գտնում ենք, որ դա ինքնաոչնչացման ճանապարհ է, և հայ ժողովուրդն ունի այդ ռեսուրսը իր հայրենիքի համար կռիվ տալու։ Թշնամուն չհանձնելու։ Մենք թշնամուն նոր տարածքներ տալու պատրաստակամություն չունենք, ընդհակառակը, մենք գտնում ենք, որ այլընտրանք կա, և այն քաղաքականությունը, որ վարում են երկրի իշխանությունները, կործանարար է»։

Հարցին՝ այս ամառ քայլեր կտեսնե՞նք, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Իհարկե, առնվազն տեսնելու եք քայլեր, որով արտահայտվելու է, որ մեր ժողովուրդը դեմ է այս գործընթացին։ Տարբեր քայլեր ու գործողություններ են լինելու մեր հայտարարության մեջ նշված նպատակներին հասնելու համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930