Ազգային ժողովի նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում լրացումներ իրականացնելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադարձավ կառավարության առաջարկին՝ ակցիզային հարկերի դրույքաչափի վերաբերյալ։
Նշենք, որ այս նախագծով կառավարությունն առաջարկում է մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի ժամանակահատվածի համար կրկին սահմանել ակցիզային հարկի դրույքաչափեր։ «Առաջարկն այն է, որ ծխախոտի արտադրանքի համար ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացվեն տարեկան եւս 10 տոկոս դրույքաչափով, թունդ ալկոհոլային խմիչքների համար՝ կրկին 10 տոկոս դրույքաչափով, մնացած ապրանքների համար՝ 3 տոկոսի փոխարեն 8 տոկոս»,- ԱԺ նիստում ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
Բաբկեն Թունյանն ասաց, որ եթե ծխախոտի գինը պետք է ավելանա 30 կամ 32 դրամով, հաջորդ տարի պետք է դառնա 45 դրամ կամ 100 դրամ անգամ, դա որեւէ ազդեցություն չի թողնելու ծխելու դեմ պայքարի վրա։ «Եթե մենք ուզում ենք ծխելու դեմ պայքարել, մեր մոտ կարծիք են հայտնել մեր հանձնաժողովի անդամները, որ եթե 1000 դրամանոց ծխախոտը միանգամից դառնա 5000 դրամ, այդ ժամանակ կարող ենք ասել, որ մարդը կմտածի՝ ծխի, թե չծխի։ Բայց այդ ժամանակ էլ ռիսկ կա, որ մարդը կարող է անցնել ավելի ցածրորակ սիգարետների կամ մաքսանենգ ճանապարհով բերված սիգարետների։ Իսկ եթե մենք այսպես կամաց-կամաց գինը բարձրացնում ենք 15 տոկոսով, դա բերելու է միայն նրան, որ մարդիկ ծխելու վրա ավելի շատ գումար են ծախսելու, քան սննդամթերքի վրա»,- ասաց Թունյանը։
Ըստ նրա՝ արգելք սահմանող մի քանի քայլեր արվել են արդեն, հետաքրքիր է, թե որքանո՞վ են այդ քայլերը նպաստել ծխախոտի դեմ պայքարին։ «Մենք այնպիսի քայլեր պետք է անենք, որոնք մեր հասարակության կողմից չընկալվեն քայլեր, որոնց նպատակը միայն լրացուցիչ փող հավաքելն է բնակչությունից»,- ասաց նա։
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց․ «Ես էլ կարծում եմ, որ եթե մենք կտրուկ բարձրացնում ենք ակցիզային հարկը, ապա դա, ըստ էության, հավասարազոր է ծխելն արգելելուն։ Իսկ եթե մենք արգելենք ծխելը, կունենանք հսկայական անկառավարելի սեւ շուկա՝ իր առողջապահական բացասական հետեւանքներով։ Հետեւաբար, կառավարության նախագիծը շատ իմաստավորված ու կշռադատված է»։
Արման Պողոսյանը նշեց, որ ոլորտի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ չեն սահմանափակվելու այս դրույքաչափով, եթե հանկարծ փոխարժեքը փոխվի։ «Փոխարժեքի նկատելի փոփոխության դեպքում մենք ավելի բարձր ակցիզային հարկի դրույքաչափերի կիրառության առաջարկ ենք ներկայացնելու։ Ինչ վերաբերում է գնի կամ հարկի միջոցով սպառման ծավալների կրճատմանը, տարբեր հետազոտություններ կան՝ ամենատարբեր եզրահանգումներով։ Մասնավորապես, վերջին երկու հետազոտության ընդգծված հիմնավորում է այն, որ 25-45 տարեկան, այսինքն՝ վճարունակ ու աշխատանքային տարիքում գտնվող մարդկանց վրա ազդեցությունը համարյա աննշան է։ Կա մեկ այլ հետազոտություն, ըստ որի՝ բավարար կրթված լինելու աստիճանը տասնյակ անգամներով ավելի ազդեցիկ գործոն է չծխելու, առողջ ապրելակերպ վարելու համար, քան գինը կամ գնի մեջ եղած հարկը»,- ասաց Արման Պողոսյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ