Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անգլերենն ամենամեծ քննությունն է, հետո մաթեմատիկան է, ապա՝ հայոց լեզուն. ԳԹԿ մամուլի պատասխանատու

Հունիս 13,2023 14:53

Հունիսի 9-ից մեկնարկել են միասնական քննությունները, այս փուլում քննություններին մասնակցելու է 13456 դիմորդ։ Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը, միասնական քննությունների առաջին օրը դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» եւ «Ռուսաց լեզու» առարկաներից։ Նրա խոսքով, հունիսի 9-ից հետո ամեն երեքշաբթի եւ ուրբաթ քննություններ են լինելու:

«Հունիսի 13-ին հանրապետությունում քննական երկրորդ օրն էր: Դիմորդները քննություն են հանձնել օտար լեզուներից՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն: Օտար լեզուների քննությունը տեւել է 2.5 ժամ, ի տարբերություն քիմիայի, որին տրամադրվել է 3 ժամ: 1 հոգի իսպաներեն հանձնողը Երեւանում է, իտալերեն քննություն հանձնողներից մեկը Երեւանում է, մյուսը՝ Կոտայքում, երրորդը՝ Լոռիում, ամենաշատը անգլերեն հանձնողներն են՝ 5491 հոգի, մարզերում անգլերեն հանձնողները 3371 հոգի են, Երեւանում՝ 2120: Առհասարակ անգլերենն ամենամեծ քննությունն է, հետո հայտագրվածների թվով մաթեմատիկան է, ապա՝ հայոց լեզուն: Դիմորդների գերակշիռ մասը հունիսի 13-ին անգլերեն է հանձնել»,-նշեց մեր զրուցակիցը:

«Երեւանում բոլոր 14 քննական կենտրոններն են զբաղված, նրանցից միայն Դավիթաշենում գտնվող թիվ 200 դպրոցում անգլերենից բացի՝ նաեւ ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն եւ իսպաներեն քննություններ են հանձնել: Ինչպես արդեն նշեցի՝ իտալերեն եւ իսպաներեն հանձնող մեկական դիմորդ ունենք, ֆրանսերեն հանձնում է 15 հոգի, ընդհանուր թիվը 40 է, մարզերում՝ 25, Երևանում՝ 15: Գերմաներեն հանձնողները 57-ն են, մարզերում՝ 50, Երևանում՝ 7 հոգի, իտալերեն՝ 3, մարզերում՝ 2, Երևանում՝ 1, իսպաներեն՝ մարզերում՝ 0, Երևանում՝ 1: Պարսկերեն այս փուլում հանձնողներ չկան»,-ասաց ԳԹԿ մամուլի պատասխանատում:

Նա հավելեց, որ գնահատականները սովորաբար հայտնի են լինում ամեն քննության 5-րդ օրը, բողոքարկումը՝ 6-րդ օրն է: Այսպիսով, հունիսի 13-ի քննությունների գնահատականները կհրապարակվեն հունիսի 18-ին, դիմորդներն իրենց էլեկտրոնային փոստի հասցեներին կստանան գնահատականները, դրանք հնարավոր է նաեւ կախվեն քննական կենտրոններում:

Հունիսի 9-ի քննությունների գնահատականները հայտնի կլինեն հունիսի 14-ին, բողոքարկումը կկայանա 15-ին: Ցանկացած քննության ավարտից հետո ժամը 15-ին ԳԹԿ-ն իր պաշտոնական www.atc.am կայքում հրապարակում է ճիշտ պատասխանները, պատասխանի ձեւաթղթի պատճենված տարբերակով դիմորդները կարող են քննասենյակից դուրս գալուց հետո համեմատել եւ հաշվարկել իրենց միավորը: Հավելենք, որ այս փուլի քննությունները կավարտեն հունիսի 27-ին՝ «Հայոց պատմություն» եւ «Ֆիզիկա» առարկաներից։

Aravot.am-ի հետ զրույցում Խաչանուշ Գրիգորյանը խոսելով դիմորդների՝ տեխնիկական միջոցներ օգտագործելուց, ասաց, որ այս փուլում դեռ չեն վերլուծել դեպքերը, այնուամենայնիվ՝ խորհուրդ տվեց զերծ մնալ դրանից: «Ձմռան միասնական քննությունների ընթացքում մոտ 40 հեռախոս է առգրավել դիմորդներից: Դրա բացատրությունը ԳԹԿ-ում ունեն: Քանի որ այն ժամանակ դիմորդները եւս մեկ շանս ունեին քննություն հանձնելու, մի քիչ ավելի հանգիստ էին: Հիմա, թերեւս ավելի պատասխանատու կլինեն, եւ տեխմիջոցներ չեն օգտագործի: Թեեւ ինձ թվում է, որ դրանք քննությունների մշտական ուղեկիցն են լինելու բոլոր ժամանակներում»,-հավելեց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է Խաչանուշ Գրիգորյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930